Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատերազմին շատ ընկերներ ու համագյուղացիներ զոհվեցին, իսկ մենք էլ ամբողջ Հայաստանում ցրված գաղթականներ ենք դարձել»․ Քարինտակի բնակիչ

Նոյեմբեր 27,2020 09:16

Դիլիջանում իր կնոջ և աղջկա հետ ժամանակավորապես ապաստանած Արցախի Քարինտակ գյուղի բնակիչ Վլադիմիր Առուստամյանը, որը մասնագիտությամբ բուժակ է, պատերազմի ողջ ընթացքում եղել է մարտի դաշտում։

Առուստամյանը պատերազմը վերհիշելիս դժվարությամբ է իրեն զսպում։

Կարճ լռությունից հետո հանգիստ ձայնով ասում է՝ պատերազմը․․․պատերազմը սարսափելի մի արհավիրք էր։

700 բնակիչ ունեցող Քարինտակը, որը ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերից է համարվում, 7 օր շարունակ կատաղի մարտեր է տվել թշնամու դեմ, որի ժամանակ զոհվել է նաև գյուղապետը։

«7 օր պաշպանեցինք Քարինտակը՝ ամսի 1-ից մինչև ամսի 7-ը գյուղում էինք։ Հետո գյուղը գրավեցին ու մենք հետ քաշվեցինք դեպի Շուշի։ Շուշվա ճանապարհին թեժ մարտեր էին գնում, ամեն ջանք թափվում էր, որ Շուշին չհանձնվեր, բայց ուժերն անհավասար էին։ Մի գիշեր Շուշիի նկուղում մնացինք, որտեղ 15 հոգի էինք: Մեծ մասը մեր համագյուղացիներն էին ու մի քանի հոգի Շուշիի բնակիչներ էին, որոնք չէին ուզում լքել քաղաքը։

Մի գիշեր մնացինք Շուշիում, հետո եկանք Ստեփանակերտ, բայց ամսի 10-ին արդեն մեծ վտանգ կար․ որ Ստեփանակերտը ևս կգրավեն։ Սակայն հենց այդ օրը կնքվեց համաձայնագիրը, որով կանգնեցվեց կոտորածը»,֊ պատմում է Առուստամյանը։

Վլադիմիրի խոսքով, հայ զինվորները հերոսական մարտեր են տվել և կռվել են մինչև վերջին շունչը, սակայն ուժերի անհավասարությունը անիրական է եղել։

Նա վստահ է՝ եթե պատերազմում ներգրավված չլինեին թուրքական զորքերն ու ահաբեկիչները, պատերազմը 10 օրից ավելի չէր ձգվի․ «Կատաղի մարտեր էին գնում Շուշիում, դեռ Քարինտակ գյուղում մենք ինչքան կոտորում էինք իրենց, իրենք անընդհատ ավելանում էին՝ ճանճի պես բուսնում էին։ Եթե Թուրքիան չօգներ՝ միանշանակ պատերազմը չէր ձգձգվի, և մի շաբաթում մենք Ադրբեջանին ծնկի կբերեինք»։

Բուժակը նաև ընդգծում է, որ պատերազմում որոշիչ են եղել հատկապես անօդաչու թռչող սարքերը, որոնք ամենամեծ վնասն են հասցրել հայկական զինված ուժերին․ «Անօդաչուները գալիս էին՝ ուղիղ մեր խրամատների մեջ էին ընկնում։ Պատերազմի հենց առաջին օրվանից մոտ 60-70 տոկոս մեր հակաօդային զինտեխնիկան ոչնչացվել է։ Հիմնականում մեր զինվորները զոհվում էին անօդաչուներից։ Վիրավորների հիմնական տոկոսը բեկորային վնասվածքներ էին ստանում, հազվադեպ ենք հանդիպել, որ հրազենային վիրավորում լիներ»։

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի պայմանագրից միայն երեք օր անց է Վլադիմիրը կարողացել միանալ իր ընտանիքին, որը պատերազմի օրերին ապաստանել էր Երևանի Նուբարաշենի երեխաների առողջության կենտրոնում, որտեղից էլ տեղափոխվել են Դիլիջան։

Առուստամյանն իր ընտանիքի հետ վստահ է, որ պետք է վերադառնան Արցախ և այնտեղ ապրեն․ «Մենք հիմա ստեղ նստած սպասում ենք, թե երբ կկարողանանք գնալ Արցախ։ Մեր գյուղն ուրիշ է, մեր Շուշին ուրիշ է, չնայած մեր գյուղն էլ չկա, բայց Արցախը մեզ ձգում է։ Այս պատերազմին շատ ընկերներ ու համագյուղացիներ զոհվեցին, իսկ մենք էլ ամբողջ Հայաստանում ցրված գաղթականներ ենք դարձել»։

Չնայած հայրենի հողը կորցնելու ցավին, Առուստամյանը վստահ է՝ հետագայում կայացված յուրաքանչյուր պայքար պետք է խաղաղ ճանապարհով լինի․ «Շուշիից ձորակն ընկած հատվածը՝ մինչև Հադրութ, 13 հայկական գյուղ է մնացել, որտեղ երբեք ադրբեջանցին ոտք չի դրել։ Միայն Հադրութում 14 հազար փախստական է մնացել։ Այդ տարածքները պետք է վերադարձնել, բայց միայն բանակցային ճանապարհով։ Մեր ժողովրդին պատերազմը բավական է։ Մի ամբողջ սերունդ կորցրեցինք այս պատերազմում»։

Ինչ վերաբերվում է Արցախի ապագային, Քարինտակի բնակիչը վստահ է՝ եթե Արցախը չճանաչվի, ապա մենք կկորցնենք Արցախն ամբողջությամբ․ «Արցախցիներն իրենց ապահով չեն զգալու թշնամու կողքին և Արցախը դատարկվելու է»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30