Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են լինել որոշ հատվածներ, որտեղից այդպես էլ դիեր չենք ունենա. հրթիռներ են ընկել եւ հողը ծածկել է. Նազելի Բաղդասարյան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2020 08:50

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների հարցերով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում․ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, միջազգային կառույցների, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, Եվրոպական դատարանում ՀՀ-ի ներկայացուցչի գրասենյակի եւ առանձին փաստաբանների համատեղ ջանքերով միջոցներ են ձեռնարկվում խնդրին օր առաջ լուծում տալու համար։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը, որը ներգրավված է զինծառայողների ընտանիքների հետ տարվող աշխատանքներում։

– Ադրբեջանական կողմի հետ խնդիրը ո՞րն է, եթե եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է հենց գերիներին եւ անհետ կորած զինծառայողներին։

– Երբ մենք ասում ենք, որ ունենք որոշակի թվաքանակով գերիներ, Ադրբեջանը չի հաստատում, որ այդ թվով գերիներ կան իրենց տիրապետության տակ, այսինքն՝ պատասխանատվություն չի վերցնում այն անձանց համար, որոնք դեռեւս իդենտիֆիկացված չեն կամ որոնց մասնակցությամբ որեւէ տեսանյութ, հաղորդագրություն մեր ձեռքի տակ չկա։ Ինչ վերաբերում է դիերին, ինչպես ասացի, մենք հասանելիություն չունենք որոշակի տարածքներ, դրանք մատչելի չեն կոնկրետ գործողություններ իրականացնելու համար, այդ պատճառով էլ Կարմիր Խաչը ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Գործընթացը պետք է լինի փուլային, բնականաբար․ որոշակի թվով դիեր եւ գերիներ էլ Հայաստանն ունի։

Ունենք նաեւ անհետ կորածներ, որոնց ծնողները չեն համաձայնում իդենտիֆիկացման նմուշառում կատարել եւ արյուն հանձնել, քանի որ կասկածներ ունեն, որ իրենց երեխան գուցե եւ ողջ է։ Սա, իհարկե, հոգեբանական շատ ծանր խնդիր է, եւ դա է պատճառը, որ վարչապետի հանձնարարությամբ հոգեբանների մեծ խումբ է սկսել աշխատել նրանց հետ։ Մենք էլ ենք ուզում հավատով լցվել, բայց այնուամենայնիվ, ԴՆԹ նմուշառումը անհրաժեշտ գործընթաց է, եւ ես հորդորում եմ անհետ կորածների հարազատներին, ՊՆ-ի հետ կապ հաստատելով, իրականացնել դա՝ իրավիճակը զգալիորեն մեղմելու համար։

Գիտեք նաեւ, որ բավականանին ծավալուն աշխատանքներ են իրականացնում ՀՀ ՄԻՊ-ը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, եւ ուրբաթ օրվա տվյալներով՝ ունենք բավարարված եւս 19 դիմում, որոնցով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, առանձին փաստաբաններ նույնպես աշխատում են, որ ապահովվի այդ անձանց կյանքի իրավունքը։

– Դա առավելապես գերիներին է վերաբերում, իսկ անհետ կորածների խնդրով այս փուլում գործնական ի՞նչ աշխատանքներ են տարվում։

– Անհետ կորածների մի մասը եւս կարող է համարվել գերի․ մենք ունենք ֆիքսված գերիներ, բայց այդ թվաքանակը խիստ տատանվող է, որովհետեւ ինչպես ասացի, Կարմիր Խաչի տիրապետության տակ ավելի շատ անձանց ցուցակ կա, քան ադրբեջանական կողմն է հաստատում։ Մի մասին Կարմիր Խաչի մեր գործընկերները Ադրբեջանում հանդիպել են, եւ կան հստակ ժամկետներ, որոնց շրջանակում մենք լիահույս ենք, որ գերիների փոխանակում տեղի կունենա։

Ցավով, պիտի նշեմ նաեւ, որ պատերազմական գործողություններից պարզ է դառնում, որ կարող են լինել որոշ հատվածներ, որտեղից մենք այդպես էլ դիեր չենք ունենա, այսինքն՝ երբ մեծ ականներ, հրթիռներ են ընկել, եւ խրամատի հատվածում հողը ծածկել է, 45 օր անց շատ դժվար է այնտեղից մարմին գտնել։ Բոլորը կհիշեն, որ դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում պաշտոնական տվյալներով 4000-ին մոտ անհետ կորածներ ունեինք, այսօր, իհարկե, նման թվերի մասին չէ խոսքը, քառակի, հնգակի անգամ փոքր են թվերը։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30