Նոյեմբերի 26-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Արցախի հերոս՝ 15 տանկ ու 1 ՀՄՄ խոցած Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։
Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 2-ից Դավթի մասին որեւէ լուր չի եղել։ Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով հենց նոյեմբերի 2-ին էլ Դավիթը մահացու վիրավորում է ստացել։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ մի քանի օր առաջ են մարմինը գտել։ Գրպանում Դավթի փաստաթղթերն են եղել, բայց համոզվելու համար, որ նա իսկապես Դավիթն է, հարազատներին առաջարկվել է ԴՆԹ անալիզ հանձնել։
«Սպասում էին ԴՆԹ անալիզի պատասխանին, որն էլ երեկ երեկոյան են ստացել։ Դավիթն անհետ կորածների մեջ էր։ Լսել ենք՝ իրենց հրամանատարը իմացել է, որ մահացել են Դավիթն ու ընկերը, բայց հրամանատարն էլ է վիրավորվել ու չի կարողացել տղաների ծնողների հետ կապի դուրս գալ»,- պատմեց Բաբկեն Վարդանյանը։
Կարդացեք նաև
Դավիթ Լյովայի Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր։ Սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով մարտերին Ֆիզուլիի հատվածում, հասցրել էր խոցել թշնամու բազմաթիվ զինտեխնիկա։ Շարունակելով ծառայել հայրենիքին՝ մահացու վիրավորվել էր։
Կենդանության օրոք Դավիթն արդեն «Արցախի հերոս» էր։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հոկտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում էր շնորհել Դավիթ Գրիգորյանին եւ հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:
Դավթի մայրը որդու առաջնագծում մարտնչելու մասին առաջին անգամ տեղեկացել էր Արցախի նախագահի հայտարարությունից։ Նա մորը վստահեցրել էր, թե ծառայությունն ապահով վայրում է անցնում, բայց հանկարծ հեռուստատեսությամբ այլ բան էր հաղորդվել՝ Դավիթը ոչ միայն առաջնագծում էր, այլեւ հերոսական պայքար էր մղում։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում