ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասուլիսում անդրադարձավ Սոթքում տեղի ունեցածին եւ այնտեղ տիրող իրավիճակին:
Նա խնդրեց այլ թեմաների վերաբերյալ հարցեր չհնչեցնել, խոստացավ դրանց պատասխանել այլ առիթով:
«Ըստ պայմանավորվածության՝ հայկական զինված ուժերը եւ այդ տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինի, որը եւ իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են նախապես պլանավորված բնույթով, մանրամասների մեջ չխորանամ, թե ինչ կարգով, ինչ հաջորդականությամբ եւ ինչ է դուրս բերվել, ինչ ապահովման աշխատանքներ են իրականացվել եւ պատսպարման խնդիրներ է լուծվել: Ամեն դեպքում, այն, ինչ իրականացվել է մինչ այսօր, իրականացվել է պլանավորվածին համապատասխան եւ ճշգրիտ ժամանակացույցով»:
Խոսելով խնդրի մասին՝ ԳՇ պետի առաջին տեղակալը հավելեց. «Ինչ վերաբերվում է Սոթքի տարածաշրջանի ոսկու հանքին, գաղտնիք չէ, որ ԳեոՊրոմայնինգ ռուսական ընկերության կողմից է շահագործվում այն: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, գրավել են ադմինստրատիվ կառույցներ, աշխատողների հետ կապված հայտարարություններ եղան, որ այնտեղ ոչ մեկ չի աշխատելու, որ ադրբեջանական կողմն ասել է ձեզ մի ժամ ժամանակ, որպեսզի լքեք այդ տարածքը:
Կարդացեք նաև
Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել եւ հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի, կփաստվի, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նմանատիպ իրավիճակ չի եղել: Թյուրիմացությունը, որ առաջացել է կամ կարող էր առիթ տալ այդ երզրահանգումներն անելուն, կապված կարող է լինել հետեւյալի հետ»:
ԳՇ պետի առաջին տեղակալը քարտեզի վրա ներկայացրեց Սոթքի ոսկու հանքը, ասաց որ սահմանը գրեթե կենտրոնական մասով է անցնում: Նրա խոսքով. «Ոսկու հանքի եւ տարածաշրջանի հետ կապված՝ ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար: Պետական սահմանից հանք եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ: Սա կատարվել էր ռուսական կողմի ուժերով եւ իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակով:
Ռուսական ընկերության նախաձեռնությամբ այս խնդրի կատարման մեջ կամ դրա իրականացման հարցում մեր զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել, այսինքն սահմանային ուղեկալի նման եւ արգելափակոցների տեղադրման հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ նախաձեռնվել եւ իրականացվել են ռուսական ընկերության ուժերով: Մեր զորքերն այդ անվտանգության գոտու ապահովման, պահպանման, առավել եւս պաշտպանության խնդիրներ իրականացնելու հարցում ընդգրկվածություն չեն ունեցել»:
Տիրան Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական զորքերի՝ Քարվաճառի տարածք մտնելուց հետո հանդիպելով արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր է բարձրացվել, որ դա իրենց տարածքն է եւ այդ տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն պետք է դուրս գան:
«Աշխատանքները, որոնք իրականացվում եւ համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է կորպուսի հրամանատարը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ, պահանջելով դուրս գալ այդ տարածքից, որից հետո մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այսպիսի պահանջներ կան, կոնկրետ ռուսական կողմի եւ Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել է բավական երկար բանակցություններ, որից հետո ինչ համաձայնություն է ձեռք բերվել: Թե հետագայում ինչպես զարգացում կլինի, չեմ կարող ասել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել:
Տարբեր տեղեր նաեւ կան նյութեր՝ տեղադրված դարպասների կամ ուղեփակոցի կոտրելու, ինչ-որ տարածք, շենք-շինություններ մտնելու, զավթելու հետ կապված: Ուղեփակոցը կամ այդ անցակետը եղել է ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաեւ համապատասխան արագ կառուցվող կառույց է եղել, որտեղ պետք է ծառայությունն իրականացնող անձինք իրենց կենցաղային հարցերը կարողանային բավարարել: Դա է ներկայացվել որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման վարչական տարածքի ու կառույցների հետ: Իրականում դա վարչական շենք չէ»,-ասաց ԳՇ պետի տեղակալը:
Տիրան Խաչատրյանը հավելեց, որ մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են մեր պետական սահմանի՝ նախկինում գոյություն ունեցող եզրագծով, որը, ըստ նրա, ճշգրտված է ոչ միայն տեղագրական քարտեզներով, այլեւ տեղորոշիչ սարքերով. «Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, իհարկե դա կարող է հետագայում որոշակի քննարկումների կամ անհամաձայնությունների առիթ հանդիսանալ, որ մեր զորքերը գտնվում են սահմանից բավականին առաջ: Այնպես որ, այն խոսակցությունները, որ այսօր շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ