Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը չպետք է իրավասու լինի դուրս գալ վերաքննիչ բողոքի սահմաններից

Նոյեմբեր 27,2020 12:30

ՍԴ դիմողի համոզմամբ, քննության առարկա օրենսգրքի դրույթները վերաքննիչ դատարանին լիազորում են սեփական նախաձեռնությամբ վերաորակել արարքը, փոփոխել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռն՝ առանց անձին պատշաճ ծանուցելու 7 երաշխիքի, նաեւ առանց վերադաս դատարանում վերանայման իրական հնարավորության:

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով նոյեմբերի 17-ին քննել է անչափ հետաքրքիր մի գործ, որի մասին ավելի մանրամասն փորձեմ ներկայացնել, քանի որ որոշումն օրեր առաջ օրինական ուժի մեջ է մտել:

Դիմող Անդրանիկ Գալստյանը 31.01.2017թ. քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դիմողի նկատմամբ 20.07.2018թ. կայացրել է արդարացման դատավճիռ:

Տուժողի ներկայացուցիչները նշված դատավճռի դեմ երկու առանձին վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որոնցով պահանջել են՝ բեկանել կայացված դատավճիռն ամբողջությամբ, փոփոխել այն եւ մեղավոր ճանաչել դիմողին՝ ենթարկելով նրան քրեական պատասխանատվության, ինչպես նաեւ բավարարել տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը եւ դիմողից բռնագանձել որոշակի գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնաս:

ՀՀ գլխավոր դատախազությունը 01.09.2018թ. նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել կայացված արդարացման դատավճիռը, դիմողին մեղավոր ճանաչել եւ նշանակել պատիժ տուգանքի տեսքով: ՀՀ վերաքննիչ դատարանը 08.10.2018թ. կայացրել է «Վերաքննիչ բողոքները դատարանի վարույթ ընդունելու եւ քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին» որոշում, համաձայն որի՝ «…Վերաքննիչ դատարանում սույն քրեական գործի քննությունը կատարել վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով»:

Վերաքննիչ դատարանը 27.05.2019թ. կայացրել է որոշում, որով երեք վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի. դիմողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.07.2018թ. դատավճիռը բեկանվել է եւ փոփոխվել, իսկ դիմողը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել է նշված հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Ինչպես դիմողի պաշտպանը, այնպես էլ տուժողի ներկայացուցիչը վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը 15.11.2019թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում, որով մերժել է վարույթ ընդունել դիմողի եւ տուժողի վճռաբեկ բողոքները:

Դիմողի կարծիքով՝ վերաքննիչ դատարանին լիազորում են սեփական նախաձեռնությամբ՝ առանց նման պահանջի առկայության վերաորակել արարքը, փոփոխել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը: Դիմողը, վերլուծելով ՄԻԵԴ-ի մի շարք իրավական դիրքորոշումներ, հետեւության է եկել, որ դատաքննության ընթացքում անձի արարքին տրված իրավական որակումը փոխելը եւ այդ մասին վերջինիս պատշաճ տեղեկացնելը հանդիսանում են արդար դատաքննության իրավունքի բովանդակության մաս կազմող առաջադրված մեղադրանքի դեմ պաշտպանվելու իրավունքի բաղադրատարրեր:

Հետեւաբար, մեղսագրված արարքի եւ/կամ փաստական հիմքերի մասին հրապարակված դատական ակտից տեղեկանալու կարգը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին: Դիմողը համոզված է, որ գործող Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների, սկզբունքների համատեքստում՝ վերաքննության մոդելի պայմաններում, Վերաքննիչ դատարանը չպետք է իրավասու լինի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններից եւ սեփական նախաձեռնությամբ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակի, այլապես կստացվի, որ վերաքննիչ ատյանը պարզապես կրկնում է առաջին ատյանի դատարանի գործառույթները, ինչը խնդրահարույց է անձի պաշտպանության իրավունքի տեսակետից:

Ըստ դիմողի՝ «օրենսգրքում մեղադրանքի փոփոխության եւ արարքի իրավական որակման վերաորակման ներկայիս իրավակարգավորումների պարագայում, եթե Սահմանադրական դատարանը դրանք Սահմանադրությանը հակասող եւ անվավեր չճանաչի, երբ վերաքննիչ դատարանն իրավասու է արարքի իրավական վերաորակում անել գործով որոշման հրապարակման ժամանակ՝ այդպիսով, անձին զրկելով մեղադրանքի դեմ արդյունավետ պաշտպանության իրավունքից, առկա է իրավական բաց Վճռաբեկ դատարանի կողմից նման պարագայում բողոքը վարույթ ընդունելու պարտադիր կարգավորման բացակայության մասով»:

Չհամաձայնելով դիմողի կողմից բերված փաստարկներին՝ պատասխանողը նշում է, որ վիճարկվող նորմի պարագայում անձին մեղսագրվող արարքի վերաորակումն իրականացվում է վերաքննիչ դատարանի կողմից, եւ այդ կապակցությամբ առերեւույթ դատական սխալի, իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում թույլ տրված լինելու պայմաններում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում այն ենթակա է վարույթ ընդունման եւ քննության Վճռաբեկ դատարանի կողմից՝ հիմք ընդունելով օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 4142 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Ըստ պատասխանողի՝ օրենսդիր մարմնի ներկայացուցչի, ընդհանուր առմամբ դատական գործերով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանն անձին մեղսագրվող արարքի վերաորակման անհրաժեշտության մասին եզրահանգման գալիս, որպես կանոն, ոչ թե տեղում կայացնում է վերջնական որոշում, այլ բեկանում է ստորադաս դատարանների դատական ակտերը եւ գործն ուղարկում նոր քննության:

Պատասխանողը ընդգծում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս Վճռաբեկ դատարանն իրականացնում է բողոքի նախնական քննությունը, եւ եթե դատարանի համոզմամբ վերաքննիչ դատարանն անձի արարքի վերաորակում իրականացնելիս թույլ տված լինի առերեւույթ դատական սխալ, ապա օրենքի ուժով Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ կընդունի: «Նման պայմաններում, գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով փարատված են դիմողի կողմից բարձրացված մտահոգությունները: Հակառակ պարագայում, ըստ պատասխանողի, կստացվեր այնպիսի անտրամաբանական վիճակ, երբ առերեւույթ դատական սխալի բացակայության պայմաններում վճռաբեկ բողոքը պարտադիր վարույթ ընդունելը եւ արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտն անփոփոխ թողնելը վճռաբեկ վերանայումն ըստ էության կդարձնի ինքնանպատակ եւ կհանգեցնի ձեւական արդարադատության իրականացմանը»,-ասվել էր պատասխանում:

Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ եւ անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության եւ հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը:

ՍԴ-ն որոշեց`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթով նախատեսված լիազորությունն իրականացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ապահովի անձի` մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացման իրավական հնարավորություն: Անդրանիկ Գալստյանի դիմումի հիման վրա` գործի վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի եւ 4142 -րդ հոդվածի 1-ին մասի մասերով, կարճել: Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Դիմողի ներկայացուցիչներն են եղել Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը, իսկ պատասխանողը ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանն էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30