Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս անգամ գումարը ոչ մի հիմնադրամի չեմ վստահի»

Նոյեմբեր 27,2020 12:00

Հարցազրույց գեղանկարիչ Մանու Հարությունյանի հետ

– Արվեստագետի ձեր կարիերան սկսվեց մարտական հերոսների շարքով։ Ենթադրում ենք, որ աշխարհում այս պատերազմի դեմքն ու խորհրդանիշը դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը գեղանկարի վերածելուց հետո ձեր անունն էլ տարածվեց։ Թեեւ վստահ ենք, որ արվեստասերներին ծանոթ եք հայաստանյան ցուցահանդեսներից։

– Կարիերայիս սկիզբը ես համարում եմ 2016թ. երեւանյան ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել էի Թերլեմեզյանի անվան քոլեջում ուսանելու տարիների աշխատանքներս՝ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ (գեղանկարիչն ավարտել է նաեւ գեղարվեստի պետական ակադեմիան)։ Հետո իրականացրել եմ բարեգործական ցուցահանդեսներ, որոնց հասույթը փոխանցել եմ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար։ Մեկ-երկու անհատական ցուցահանդեսներով էլ հանդես եկա Հայաստանում։ 2019թ. կատարելագործման նպատակով մեկնեցի Ռումինիա՝ տեղի արվեստի եւ դիզայնի համալսարան։ Վերջին անհատական ցուցահանդեսը հենց Ռումինիայում էր՝ Քլուժ-Նապոկա քաղաքի գլխավոր արվեստի «Բանֆի պալատ» թանգարանում։ Վերադարձս հայրենիք համընկավ քովիդի շրջանին։ Վրձնեցի քովիդյան շարք, իսկ սեպտեմբերի 27-ից արդեն աշխատանքներս պատերազմական թեմաներով են։

– Այդ օրերին նաեւ կանանց ջոկատներ հավաքագրելու կոչեր հնչեցին…

– Հասկանալի է ձեր հարցը, բայց ես համոզված եմ, որ հայ կինը ավելի լավ զինվոր է թիկունքում, քան ռազմադաշտում։

– Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված պատերազմական թեմաներին ձեր անդրադարձը։

– Համացանցում կարդացի Մովսես գյուղի քահանա տեր Աբել Քարտաշյանի խոսքը՝ նայեցի զինվորների աչքերին ու հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն։ Այդ միտքն էլ ամբողջացրի շարքի առաջին կտավով։

– Մեր դիտարկմամբ՝ դուք ոչ թե առաջիններից, այլ առաջին գեղանկարիչն եք, որը սեփական նախաձեռնությամբ աճուրդի է հանում իր կտավները…

– Բոլոր աշխատանքներս ներբեռնում եմ ֆեյսբուքյան էջում։ Լսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչը, այո, ինքս նախաձեռնեցի իմ աշխատանքների աճուրդը։ Առաջինը գնվեց 800 ԱՄՆ դոլարով՝ լոնդոնաբնակ մեր հայրենակցի կողմից, Ալբերտ Հովհաննիսյանի գեղանկարն էլ վաճառվեց 5000 ԱՄՆ դոլարով, գնորդը դարձյալ մեր հայրենակիցն է Ամերիկայից։ Նշեմ, որ աշխատանքներիցս ստացված գումարները փոխանցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։


– Մեզ հասած տեղեկություններով՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի հեղինակը վրդովվել է, որ գեղանկարիչը՝ դուք, լուսանկարը վերածել եք կտավի՝ հեղինակային իրավունքը խախտելով։

– Այդ լուսանկարը հայտնի է ողջ աշխարհում, այն նույնիսկ տեղ է գտել գովազդային վահանակներում, այսինքն դարձել է հանրության սեփականությունը, ընդ որում՝ ոչ միայն մեր։ Այնպիսի իրավիճակում էինք, որ պարզապես մտքովս չի անցել թույլտվություն ստանալ։

– Ձեր ֆեյսբուքյան էջում ունեք մի հերոսի դիմանկար եւս, որը 15 րոպեում խոցել է թշնամու 3 ինքնաթիռ, բայց բացակայում է նրա անունը։

– Ես իսկապես նրա անունը չգիտեմ։ Մեր բոլոր տղաներն են հերոս… Այդ աշխատանքն էլ վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով, գումարն էլ փոխանցել եմ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սկսել էի նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին պատկերող կտավ, բայց պատերազմի անսպասելի եւ աննկարագրելի ցավոտ ավարտի պատճառով անավարտ է մնացել, առայժմ հոգեվիճակս թույլ չի տալիս շարունակել աշխատանքս։

– Բայց կավարտեք, չէ՞, մի օր եւ դա էլ աճուրդի կհանեք։

– Իհարկե՝ կավարտեմ, բայց այս անգամ գումարը ոչ մի հիմնադրամի չեմ վստահի։ Ինքս անձամբ կտնօրինեմ այն՝ ուղղելով զինծառայողների ընտանիքներին։

– Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընդգրկված եք ամերիկաբնակ թավջութակահար Արփենիկ Հակոբյանի կողմից ստեղծված կամավորականների խմբում։

– Այո, այս օրերին ամերիկաբնակ մեր հայրենակիցը Հայաստանում է եւ մենք կամավորականների խմբով օգնում ենք այստեղ գտնվող արցախցիներին։ Աշխատանքները կշարունակվեն այնքան, ինչքան դրա կարիքը կլինի։

– Անդրադառնանք մասնագիտական գործունեությանը. ձեր աշխատանքները ցուցադրվել են միայն Ռումի՞նիայում։

– Անհատական ցուցադրություն ունեցել եմ Իտալիայում նույնպես։ Եթե հետաքրքիր է, նշեմ, որ մի քանի աշխատանքներս գտնվում են նաեւ Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում՝ մասնավոր հավաքածուներում։

– Պատերազմական կամ ինչպես ձեր ֆեյսբուքյան էջում է գրված՝ մարտական կտավների շարքը երբեւէ կունենա ավարտ։ Հետաքրքիր է՝ դրանից հետո դարձյալ կանդրադառնա՞ք բնանկարների, նատյուրմորտների…

– Հետպատերազմյան շրջանի վերականգնողական փուլը մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա բան չէ, չգիտենք՝ գալիք տարին ինչ կբերի իր հետ։ Այս պահին չեմ կարող կոնկրետ պատասխանել ձեր հարցին, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. ապագա աշխատանքներս կանդրադառնան բացառապես մեզ հուզող թեմաներին։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30