«Փաշինյանն ուներ հնարավորություն վերցնելու իր վրա պարտության բեռը և հեռանալու՝ իր հետ տանելով բոլոր վատ զգացմունքները, որ մենք ունենք»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ հանրային քննարկման ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Ըստ նրա՝ hիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է կոտրել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն, մեր հանրությանը, ազգին՝ պարտության` խարանը դնելով բոլորի վրա, պիտակավորելով բոլորին. «Նա ասում է՝ թասիբ չունեցաք համախմբվելու, դուք փախաք, նրանք չբռնեցին, բոլոր ինստիտուտներին, որոնք ինչ-որ հարգանք էին վայելում հանրության կողմից, փորձում է պղծել: Իշխանության եկած օրվանից բոլոր ինստիտուտները քանդում, պղծում արժեզրկում է: Նրա՝ օր ավել մնալը իշխանության վնաս է մեր երկրին, ամեն օր մնալը վատություն ու վտանգ է ՀՀ-ին: Ցավում եմ, որ նրա թիմակիցները ԱԺ-ում դա չեն գիտակցում: Նրանք չեն հասկանում, որ այսօր նրանք պետության, ազգի, կուսակցական շահի և մեկ անձի՝ իշխանության մնալու մեջ ընտրում են մեկ անձի իշխանության մնալը: Հույս ունեի, որ նրանց թիմում կգտնվեին մարդիկ, որոնք այս իրավիճակից այլ կերպ կփորձեն դուրս գալ, բայց, ցավոք, բացարձակ զրո գիտակցում, զրո պատասխանատվության զգացում, թե ինչ է տեղի ունեցել և բացարձակ զրո գիտակցում այդ պատասխանատվությունը կրելու: Սա հղի է կործանման վտանգով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ