Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Սոթքի հարցն է, վաղը Զանգեզուրն ենք կորցնելու, կորցնելու ենք ողջ Հայաստանը. կա՞ այլ ազգ, որտեղ պետական գործիչները հայրենիք չունենան, ինչպես այս 88 պատգամավորները, ՀՀ կառավարության անդամները. Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 26,2020 22:22

«Նույնիսկ համաշխարհային պատմության մեջ եղել են տարբեր բռնապետեր, բայց տարբեր բռնապետությունների ժամանակ պետությունը որպես այդպիսին չի վերացել: Հետո տրանսֆորմացվել է կիսադեմոկրատական կամ այլ պետություն»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ հանրային քննարկման ընթացքում  հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանը 1988-ին եղել է այն առաջամարտիկների թվում, որոնք սկսել են ղարաբաղյան շարժումը, նա նաև Ղարաբաղ կոմիտեի անդամներից է եղել: Գեղամ Մանուկյանի բնորոշմամբ՝ Արցախը միացնելու երազով 1988-ի փետրվարին փողոց դուրս եկած Իշխանյանն ի վերջո իր երազանքը տեսել էր, որը, ցավոք, փշրվեց մի քանի օր առաջ: Հարցրեց՝ ի՞նչ զգացողություն ունի: Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Կարծես ամբողջ իմ կյանքն իզուր անցավ: Ահավոր բարդ է: Լուծումներ գտնել այսօրվա իշխանության միջոցով ուղղակի բացառվում է: Այսօր Սոթքի հարցն է, վաղը Զանգեզուրն ենք կորցնելու, կորցնելու ենք ողջ Հայաստանը: Արցախի կորուստը շղթայական ռեակցիայով բերելու է ամեն ինչի կորստի: Զիջողը զիջում է մինչև վերջ, քանի որ հոգեբանորեն պարտված է: Ցանկացած այլ պետության մեջ նման ձախողումից հետո երկրի ղեկավարը ինքնասպանություն պիտի գործեր, լավագույն դեպքում հրաժարական տար, կամ ողջ հասարակությունը պիտի ստիպեր նրան հեռանալ: Ով ուզում է լինի, սա (Նիկոլ Փաշինյանը,-Տ.Հ.) չպետք է լինի: Համոզված եմ, որ նվիրյալների խումբ կգտնվի, որը կփորձի իրավիճակ շտկել, բանակցությունների միջոցով հարց լուծել, Սյունիքի հարցը բացառել և քայլ առ քայլ առաջ գնալ»: Դիմելով հայաստանցիներին՝ Ավետիք Իշխանյանը հայտարարեց. «Հարգելի′ հայրենակիցներ, եթե այսպիսի կրավորական դիրք եք բռնելու, ուրեմն հավաքեք ճամպրուկները: Ա՞յդ եք ուզում. որտեղ հաց, էնտեղ կա՞ց, ինչպես 88 պատգամավորներն ու կառավարությունը»:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ 2018-ից առաջ գործել է օրենքի ընտրովի կիրառում, բայց 2018-ից հետո օրենք, սահմանադրություն ընդհանրապես չի եղել. գործել է միայն հրահանգը. «ՀՀ-ում մեկ անձ եկավ իշխանության և թելադրեց իր կամքը: Նա հատուկ ընտրեց այն 88 հոգուն և այն կառավարությանը, որոնք, թող ինձ ներեն, որևէ սկզբունք ու միտք չունեն բացի կուրորեն ծառայելուց իրենց պաշտոն տված և պարգևավճարներ վճարած մարդուն: Նրանք չունեն որևէ սկզբունք. նույնիսկ հայրենիքի կորուստը նրանց վրա չի ազդում: Նրանք ուղղակի չունեն զգացմունք: Զարմանում եմ՝ կա՞ այլ ազգ, որտեղ պետական գործիչները հայրենիք չունենան, ինչպես 88 պատգամավորները, ՀՀ կառավարության անդամները, գումարած աջակիցներ: Հաղթելու ենք կարգախոսն ուղղված էր նրան, որ հաղթելու ենք ձե′զ ժողովուրդ, ձեզ դարձնելու ենք ողորմելի, և ինչ-որ չափով հասել են դրան: Ցանկացած այլ ազգ, եթե նման խայտառակ պարտություն կրեր, ոտքի կկանգներ և կքշեր պարտության հեղինակին: Երբեք այսպիսին չի եղել մեր ժողովուրդը: Եվ արտակարգ դրությունը ոչ թե ուղղված էր համավարակը կանխելուն, այլ իշխանությունը պահելուն: Այդ ընթացքն օգտագործեցին ընդդիմության նկատմամբ քրեական գործեր հարուցելու և առանց հանրային քննարկման օրենքներ ընդունելու համար, և, հազար ներողություն, իմ տպավորությամբ նույնիսկ այս պատերազմը սրանց նվեր էր և ռազմական դրությունը իշխանությունը պահելու համար է: Մենք Սոթք ենք հանձնում, այսօր այստեղ պահպանում են այդ անձին: Ռազմական դրությունն իրենց իշխանությունը պահելու, պարգևավճար ստանալու և մեզ ստորացնելու համար է»:

Ավետիք Իշխանյանը չափից ավելի վրդովված և անհանգստացած էր: Նա ասաց. «Կարծես իննսունականների հաղթանակները սրանց համար ծանր բեռ է եղել, քանի որ մտածել են՝ ոնց ազատվենք այդ հաղթանակներից, որովհետև հաղթանակ պահելը պատասխանատվություն է: Ազատվենք, թող թուրքերը գան, իրենց ապրանքը բերեն, մենք էլ դրանց հետ կոռուպցիայի մեջ կմտնենք, կհարստանանք, ժողովուրդ չե՞ք ուզում թուրքերի հետ հարստանալ, սա է նրանց կարծիքը, նրանք անհայրենիք մարդիկ են»:

Ավետիք Իշխանյանին վրդովեցնում ու ջղայնացնում է նաև մարդկանց անտարբերությունը. «Ես անհարմար եմ զգում, որ մենք ունենք հայրենիքը կորցրած, բայց իրենց վայելքների մասին մտածող պատգամավորներ և կառավարության անդամներ: Նույնիսկ մեր թշնամիները մեզ հարգել են, քանի որ մենք եղել ենք հաջողակ, այսօր մենք միայն արժանի ենք արհամարհանքի որպես հայ ժողովրդի ներկայացուցիչներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30