Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան» հանձնաժողովի եզրակացությունը պետք է հրապարակվի առանց գաղտնիության գրիֆի. Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 26,2020 21:50

«Քննարկումներն ավելի խորացրեցին երկրում եղած ճգնաժամը»,- խորհրդարանում ռազմական դրության ռեժիմը չեղարկելու մասին նախագծի քննարկումների արդյունքում այսպիսի կարծիք է ձեւավորել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Քննարկումների արդյունքում իր մոտ համոզմունք է առաջացել, որ ռազմական դրությունն այս պահին անհրաժեշտություն է, հատկապես «Սոթքում» տիրող իրավիճակը հաշվի առնելով: «Մեր համար դա տարածք է, որտեղ ադրբեջանական զինվորը փորձում է այդ տարածքը հարմարեցնել իր ցանկություններին»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, ռազմական գերատեսչությունն իր առջեւ դրված խնդիրների շրջանակում պետք է ասի`այդ ռեժիմը պե՞տք է, պե՞տք չէ, մասա՞մբ է պետք…

«Մենք ունենք այսօր հրադադարի ռեժիմ, պարտադրված հրադադարի: Կուզեք`ասեք կապիտուլյացիա: Մեր երկիրը պարտվել է պատերազմում: Այստեղ բոլորս խոսում ենք, բայց մոռանում ենք`այդ պարտությունը երբ է սկսվել: Տիկին Սրբուհի Գրիգորյանը ճիշտ նշեց, սկսվել է հոկտեմբերի 27-ից: Մենք օտարվել էինք: Նաեւ Արցախի հետ էինք օտարվել: Մենք 20 տարի, քայլ առ քայլ, պետությունը մոտեցել է այս պարտությանը»,- ասաց նա`հավելելով, որ այդ ընթացքում հակառակորդը հսկայական ներդրումներ է արել, միջազգային աջակցությամբ, նաեւ Թուրքիայի, Պակիստանի եւ գրոհայինների, կառուցել է այնպիսի բանակ, այնպիսի սպառազինությամբ, որի դեմ մեր այսօրվա բանակը անզոր էր: Ըստ նրա, առաջնագծի ինժեներական կառույցները մնացին չլուծված, որովհետեւ տրամաբանությունն այնպիսինն էր, որ «պետք է տանք»: Այս ֆոնին նա պատահական չի համարում, որ խորհրդարանում իրար են քննադատում, մեղադրանքներ հնչեցնում, բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները ստվերում են մնացել:

Մատնանշելով 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո շրջանառվող թեզը, որ մենք հաղթել ենք, Անդրանիկ Քոչարյանը` հղում անելով պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի մի հայտարարությանը` երկրորդեց նրան. «Մի քանի այսպիսի հաղթանակ եւ մենք Արցախը կկորցնենք»:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մի քանի օր առաջ ներկայացրել է ԱԺ նախագահին`առանց որեւէ գաղտնիության գրիֆի եւ կարծում է, որ այն պետք է հասանելի լինի, որովհետեւ այդտեղ գնահատված է բանակային ստորաբաժանումների գիծը: Նա պնդում է, որ այս պատերազմի «քարտ բլանշը» 2016-ի քառօրյան էր:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որ ՊԲ-ն Արցախի ղեկավարությանը չի ենթարկվել, խայտառակություն է համարում. «Այդպիսի հայտարարությունից հետո պարոն Բագրատյանը կամ պետք է տեղափոխվեր համապատասխան բուժհիմնարկ կամ պետք է ԱԱԾ-ում լիներ»:

Մանրամասները`տեսանյութում 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30