Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաները հիմա էլ դիրք են պահում եւ մոռացված չպետք է լինեն». Վարդան Պետրոսյան

Նոյեմբեր 26,2020 20:50

Ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը պատմել է եռակողմ հայտարարության ստորագրումից  հետո էլ առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորների հետ իր հանդիպումների մասին:

«Մի քանի օր առաջ զորամասի հրավերով գնացի դիրքեր՝ հանդիպելու զինվորների հետ: Տպավորություններս, այդպես էլ սպասում էի,  ցնցող էին,-ասում է նա:

Վարդան Պետրոսյանի պատկերավոր խոսքով, ինքը հանդիպել է հերոսության, որը հագել էր համեստության զգեստ: «Շատերին թվում է, թե ռուս խաղաղապահները որ եկել են, բոլոր հարցերը լուծված են: Բայց դա այդպես չէ: Երբ ասում ես՝ գիտե՞ս, մերոնք դիրքերը դեռ պահում են, առաջնագծում դեռ մեր զորքերն կանգնած են, շատերն ասում են՝ ո՞նց, չէ՞ որ ռուսներն եկել են, ամեն ինչ որոշված է, ամեն ինչ լուծված է: Շատերը չեն հասկանում, որ այդ փաստաթղթից մինչեւ կյանք բավական երկար ճանապարհ է, էդ խոսքերը մինչեւ դառնում են գործ, երկար ճանապարհ, ժամանակ է անցնում: Շատերը երեւի չգիտեն, որ այդ ստորագրման պահից առաջ եւ հետո եղել են շատ ուժեղ կռիվներ, մերոնք ճակատամարտ են տվել, անձնազոհաբար կռվել, զոհեր են տվել, բայց էդ գիծը պաշտպանել են, որովհետեւ հակառակորդն ուզել է, այնուամենայնիվ, հնարավորինս առաջ անցնել, թեկուզ մի քանի հարյուր մետր, կիլոմետր պոկել: Իսկ մերոնք կանգնել են, կանգնել ու այդ գիծը շատ լավ պահել են՝ հասկանալով, որ իրենցից հետո հայրենիքն է:

Էդ հերոսության հետ հանդիպելով՝ ինձ շատ տխրեցրեց այն փաստը, այն հանգամանքը, որ նրանք իրենց, կարծես, մոռացված են զգում: Այնինչ, նրանք այսօր ամենակարեւորն են մեր կյանքում: Այսօր ամբողջությամբ տրվել ենք քաղաքական կյանքին՝ իշխանափոխություն են ուզում, էս են ուզում, էն են ուզում: Ատելությունը կրկին մտել է մարդկանց մեջ: Ու էս ամեն ինչի մեջ կանգնած են այդ տղաները, որոնք դեռ պաշտպանում են մեր դիրքը: Մենք երեւի չենք հասկանում, որ մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են, մեր կանգնած զինվորներն են: Եվ իրենք տեսնում են, թե այստեղ ինչ է կատարվում, շատ լավ են տեսնում եւ ինչ-որ տեղ վիրավորված են:

Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում տասնյակ օրեր ապրել հողի, խրամատների, բլինդաժների մեջ, զենքը ձեռքին երկու-երեք օր անձրեւի տակ կանգնել, առաջնադիրքը պահել, պատերազմել, կրակել: Նրանք տոկուն են, կռվում են եւ իրավունք չունեն մոռացված լինելու: Նրանք օգնության կարիք ունեն:

Ես ասում էի նրանց, որ մոռացված չեն, որ իրենց հիշում են, սիրուն աղջիկները իրենց սպասում են: Բայց ո՞ւր են այն սրտիկները, որ պատերազմի սկզբում նրանց էին գնում: Ինչո՞ւ մոռացանք: Իրենք հիմա էլ կանգնած են, հետ չեն գնացել, չեն թողնում դիրքը: Իսկ  թշնամին ընդամենը երկու-երեք հարյուր մետրի վրա է:

Գիտե՞ք ինչքան խելոք են իրենք: Բոլորիցս էլ խելոք են: Քաղաքականությունից խոսեցինք, միտինգներից, տարբեր թեմաներից: Բոլորիցս էլ լավ են խոսում: Եվ մոռացված են այսօր: Ոչինչ էլ չեն ուզում, շատ բան չեն պահանջում: Մեկն ասաց. ի՞նչ լավ բան կասեք Երեւանից, միայն լավն ասեք: Ի՞նչ ասեի, սիրտս կտոր-կտոր եղավ: Ասացի՝ էնքա՜ն սիրուն աշուն է Երեւանում: Ի՞նչ ասեի ուրիշ: Ինձնից լավ են մեկնաբանում քաղաքական իրադարձությունները: Ուղղակի իրենք հեռվից են տեսնում: Բայց վերեւների բազմոցի մեջ չեն: Զենքը ձեռքին հիմա էլ սահման են պահում: Տղաները, որոնք կանգնած են առաջնագծում, մոռացվելու իրավունք չունեն, մեր ուշքն ու միտքը այնտեղ պետք է լինի»,-հիշեցնում է Վարդան Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30