Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանած աղջիկ ուներ, բայց չհասցրեց սիրո խոստովանություն անել»․ Ախուրիկի նահատակված 19-ամյա Հարությունի մասին

Նոյեմբեր 26,2020 19:50

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարելիս անմահացել է Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի  19-ամյա բնակիչ Հարություն Մելքոնյանը։ Հերոսը ժամկետային զինծառայող էր․ 9 ամիս է՝ ինչ բանակ էր գնացել։  Նա թեժ մարտեր է մղել Հադրութում։

Հարությունը երեք քույրերի մինուճար եղբայրն էր, տան փոքրը, քրոջ՝ Արմինե Մելքոնյանի բառերով  ասած՝ տան ճրագն էր, հույսն էր, ուրախությունը։

Հերոսը ընտրել  էր դարի մասնագիտությունը․ պատրաստվում էր ծրագրավորող դառնալ։ Երկու քույրերը ծրագրավորողներ են, Հարությունը ևս ընդգրկվել էր նրանց աշխատանքներում, սիրով մասնակցել։ Փոքր ժամանակ, երբ հարցրել են․ «Հարութ ջան, ի՞նչ ես դառնալու, միշտ պատասխանել է՝ զինվոր, հետո՝ ժամանակին համընթաց, երազանքը փոխվել է։

Հերոսի քույրը՝  Արմինե Մելքոնյանը, նրան բնութագրում է որպես հանգիստ բնավորությամբ, լուսավոր,  պատասխանատու, պատրաստակամ,  մարդկանց նկատմամբ  մեծ հարգանք ունեցող  երիտասարդի։

«Հարությունս երբ 14 տարեկան էր, տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն, 2017 թվականին վերադարձան Հայաստան, որպեսզի  մեր երկրում կերտեր իր ապագան․ ուսումն այստեղ շարունակեր, բայց այդ, իր բանակ գնալու տարիքն էր, ու Հարությունն անհամբեր սպասում էր հայրենիքին ծառայելուն։

Դպրոցում սովորեց մինչև 9-րդ դասարան, դրանից հետո  ընդունվեց Շիրակի տարածաշրջանային քոլեջը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ, որոշել էր, որ  ծրագրավորող պիտի դառնար։  Ինքը 1,5 տարի տարկետման իրավունք ուներ,  ու դա կապված էր Ռուսաստանում դասարանների  փոփոխության հետ, բայց չօգտվեց այդ իրավունքից, սիրում էր ամեն ինչ ժամանակին լիներ։ Ասում էր՝ իմ ծառայության ժամանակն է, ես պիտի գնամ ու ծառայեմ։ Ասում էինք՝ մնա քոլեջն ավարտի, նոր գնա, ասում էր՝ չէ, ես պիտի ծառայեմ ու գամ։  Ասում էր՝  ես Արցախում պիտի ծառայեմ, կգամ ու ուսումս կշարունակեմ։ Հենց առաջին օրվանից մեծ ուրախությամբ, մեծ սիրով ծառայել է,  ոչ մի բողոք չի եղել իր կողմից, երբ զանգել է,  հանգիստ ձայնով ասել է՝ ամեն ինչ լավ է, տղեքը լավն են, շատ լավ տեղ է։  Հրաժարվեց իր տարկետման իրավունքից ու գնաց իր ճակատագրի հետևից․․․»,-ասում է քույրը։

Հերոսի հետ վերջին հեռախոսազրույցը եղել  է մահից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։

«Պատերազմի ժամանակ որ զանգում էր, իրեն բնորոշ հանգստությամբ էր խոսում, ասում էի՝ Հարութ ջան, կարծես մենք ենք էստեղ պատերազմի մեջ, ձեր մոտ սովորական ծառայություն է։ Ասում էր՝ քուր ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, մենք  էստեղ ենք, որ ձեզ պաշտպանենք։

Վերջին անգամ  մայրս էր խոսել  հետը՝ հոկտեմբերի 11-ին, երևի ինչ-որ բան  զգացել էր, մայրս ասել էր՝ Հարութ ջան, գոնե մի անգամ զանգի օրվա մեջ, պատասխանել էր՝ մամ ջան, որ չեմ զանգում կամ ուշ եմ զանգում, դիմացի, ես լավ եմ, ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք»։

Քույրն ասում է, եթե Հարությունը զգար իր կարիքը կա որևէ տեղ, հնարավորությունների սահմաններում անմիջապես օգնում էր մարդկանց։

«Շատ հարգալից էր մարդկանց նկատմամբ, նկարվել  չէր սիրում, երբ ասում էի՝  Հարութ ջան, նկարեմ էլի քեզ, որպեսզի ինձ չնեղացնի, համաձայնում էր, ժպտում էր, միայն թե իմ սիրտով լինի։ Ամեն ինչ անում էր, որ իրենից ոչ մեկը չնեղանա։ Երբ վարորդական վկայական ստացավ, իր համար մեծ ուրախություն էր, զանգել էր մամայիս, թե մամ ջան, չե՞ս շնորհավորում տղադ վարորդական վկայական ունի։ Մեծ հպարտություն է Հարությունի նման  հերոս եղբայր ունենալը»,-ասում է Արմինե Մելքոնյանը։

Քույրը նաև ասաց, որ Հարությունը հավանած  աղջիկ ուներ, լուռ հետևում էր նրան, բայց  սիրո խոստովանություն դեռ  չէր արել։

«Փոքր քրոջս հետ էր մոտ, ասել էր՝ քուր ջան,  գնամ բանակ, գամ, նոր  կգնամ, իր հետ խոսեմ, չեմ ուզում այս ընթացքում սպասի, անհանգստանա։ Իր դասարանի աղջիկն էր․․․»,-պատմեց քույրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30