Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի չորս հորիզոնները․ ամիս, տարի, 5 և 25 տարիներ

Նոյեմբեր 26,2020 22:00

Անմիջապես ասեմ, թե ինչ չի լինելու այս հոդվածում: Չի խոսվելու Ղարաբաղի մասին. շատ մոտ է, շատ ցավոտ է և առայժմ անհասկանալի է: Պարզ է հետևյալը. եթե առաջիկա տարիների ընթացքում չստեղծվի ուժեղ ու գրավիչ Հայաստան, անգամ խաղաղապահները չեն կարողանա փրկել այն, ինչ մնացել է Արցախից:

Այսպիսով, խոսվելու է հենց Հայաստանի մասին, սակայն չի լինելու անդրադարձ հայ ժողովրդի դարավոր պատմությանը. այսօր անհրաժեշտ է նայել ոչ թե անցյալին, այլ ապագային: Չի լինելու հոռետեսություն. դրա ժամանակը չկա: Չի լինելու պաթոս. թողնենք այն հանրահավաքների մասնակիցներին ու ֆեյսբուքյան աղմկարարներին:

Ես կարող էի զուտ մասնագիտական դիրքից նկարագրել, թե ինչ աստիճանի վատ է ամեն ինչ, բայց ձեր ինչի՞ն է պետք Նյու Յորքի սոցիոլոգիայի պրոֆեսորը դա տեսնելու համար: Պրոֆեսորը պետք է, որպեսզի, նայելով իրավիճակին պարտվածի դիրքից,  գտնի հնարավորինս շահեկան խաղաքայլերը: Մենք պետք է հասկանանք վաղվա անելիքը և այդ նպատակով պետք է նախևառաջ մաքրենք վերլուծության համար անհրաժեշտ հարթակը այլևայլ վարկածներից ու մտացածին ենթադրություններից:

Եկեք լրջորեն մտածենք, թե ինչո՞ւ է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ  Նարիշկինը  Ղարաբաղյան պատերազմի առաջին  իսկ օրերին հանկարծ որոշում է հարցազրույց տալ և հայտնել արաբ ահաբեկիչ զինյալների տեղափոխման մասին (հենց այն զինյալների, որոնց Սիրիայում ռմբակոծում է ռուսական օդուժը), անմիջապես նշելով թուրքական հետախուզական գործունեության «նշանների» առկայության փաստը: Մի՞ թե նա հատուկ կապի միջոցով Բաքվի հետ խոսելու հնարավորություն չի ունեցել: Եվ ինչո՞ւ դրանից հետո նույն այդ զինյալների մասին որևէ հրապարակային հաղորդագրություն չի եղել: Հիրավի, երբեմն ավելի կարևոր է նկատել այն, ինչը չի եղել: Ուրեմն, այնուամենայնիվ, կապվե՞լ է:

Առաջին (ինչպես և հաջորդ երկու)  խափանված  զինադադարին Մոսկվայում նախորդում  են Սերգեյ Լավրովի հովանու տակ կայացած տասժամյա գիշերային  բանակցությունները, որոնց ընթացքում երկու անգամ զանգահարում է Պուտինը: Եվ ինչ. այդ բոլոր ճիգերը գործադրվում են դավադրությունը քողարկելու համա՞ր: Ֆրանսիան հետ է կանչում Թորքիայում իր դեսպանին, Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները և սպառնում է  Եվրոպային եղեռնագործների վրիժառությամբ: Միայն թե չասեք, որ այս ամենը ցուցադրական բնույթ է կրում:

Խոցված ուղղաթիռ, և դարձյալ՝ ինչո՞ւ: Քառիցս՝ ինչո՞ւ: Սխալն այս պարագայում բացառվում է: Ի՞նչ նպատակով և ո՞վ էր թիրախավորել հենց ռուսներին: Ի՞նչն էր ստիպել Իլհամ Ալիևին անմիջապես ներողություն խնդրել և ի՞նչն էր ստիպել Մոսկվային անմիջապես ընդունել այն: Սովորաբար նման պատրաստակամությամբ ներողություն են խնդրում չարածի, չգործածի համար: Հարցը սպառվա՞ծ է: Մեկ-երկու օր անց Մոսկվայում Ադրբեջանի երկարամյա դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլիի միամիտ արտահայտությունը ստանում է ՌԴ Արտգործնախարարության խիստ պատասխանը. «Եթե Ռուսաստանի Դաշնությունը դավաներ այս սկզբունքը, պատասխանը ջախջախիչ կլիներ»:

Դո՛ւրս եկեք վերջապես ֆեյսբուքյան բլբլոցից: Դո՛ւրս եկեք զանգվածային, հաճախ  չարամիտ ասեկոսեների, գոռում-գոչյունի, ֆեյքերի տիրույթից: Կարդացե՛ք լուրջ մամուլ, կարդացե՛ք ընտրովի, վերհանեք տողերի արանքում թաքնված ենթատեքստը, գտե՛ք նորը: Դա օդի պես անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներին և մեծ աշխարհում նրանց կարեկցողներին ու համակրողներին, որպեսզի հնարավոր լինի միասնաբար մշակել և վճռականորեն իրականացնել  արդեն իսկ սկսված և վստահաբար դժվարին ապագային ուղղված անելիքները:

Առաջնային խնդիրը մոտակա ամիսը վերապրելն է, պահպանելով ժամանակակից հայկական պետության ժողովրդավարական ինստիտուտները: Պետությունն, ըստ էության, կառավարման մեքենա է: Ինչպես ծրագրավորվի, այնպես էլ կաշխատի: Քաղաքականությունն էլ այն մասին է, թե ով կստանա ծրագրավորելու իրավունքը և ով կգրավի մեքենայի հանգուցային դիրքերը: Դա կարող է իրականացվել ընտանեկան սկզբունքով, ինչպես, օրինակ, հարևան պետությունում: Կարող է ստեղծվել հեղաշրջման արդյունքում և երկար ժամանակով օտարել բոլոր մնացածներին:

Նման քաղաքական համակարգերի առանձնահատկությունը կոռուպցիոն արտոնությունների անխուսափելիությունն է: Այդ արտոնությունների շնորհիվ է Գլխավորը վարձահատույց լինում և «բռի մեջ պահում» կատարողներին (Արաբական աշխարհը լի է նման տխրահռչակ օրինակներով): Եթե Գլխավորի զբաղվածությունը կամ  բնական ծերացումը թույլ չի տալիս նրան լիովին վերահսկել  կատարողներին, վերջիններս սկսում են սեփական խաղերը խաղալ. չէ որ նրանք հենց հանուն այդ խաղերի են ձգտում հայտնվել նման դիրքերում:

Ժողովրդավարությունը զարմանալի համակարգ է, որի առկայության պարագայում պետությունը ստիպված է իրենից իսկ պաշտպանել մարդկանց: Ժողովրդավարությունը չի բխում տեսություններից, այն առաջանում է որպես փակուղիներից կամ ճգնաժամերից դուրս գալու միջոց: Քաղաքական հակառակորդները չեն ոչնչացվում, այլ  կազմակերպված ձևով զբաղեցնում են  պահեստայինների նստարանը և կամ հեռանում են, ստանալով օրենքով սահմանված երաշխիքներ՝ պաշտոնազրկումը հեշտացնելու համար: (Այո, այս օրերին Դոնալդ Թրամփը մեծ վնաս է հասցնում ամերիկյան ժողովրդավարությանը):

Միայն միավորված քաղաքացիներին է իրավունք վերապահվում պարբերաբար և միմիայն խաղաղ ճանապարհով, առանց վայրագությունների փոխել քաղաքական անձնակազմը: Ժողովրդավարության չափը որոշվում է ոչ այնքան ընտրություններով (դրանք բոլորը բազմիցս տեսել են), որքան պետական հիմնարկների դեմ դատական գործ հարուցելու և շահելու հավանականության աստիճանով:

Այսօր տարբեր աղմկոտ խմբեր պահանջում են կառավարության հրաժարականը: Այլ կերպ ասած, առաջարկում են Հայաստանին, ինչպես ռուսներն են ասում, «поменять шило на мыло»:  Փոփոխությունն իսկապես անհրաժեշտ է, սակայն ո՞ւր են իշխանության «վերաբեռնման»  այն ծրագրերը, ըստ որոնց քաղաքացիները պետք է գնահատեն հավակնորդներին: Եվ ոչ միայն այդ ծրագրի առաջին, այլև երկրորդ, երրորդ, տասներորդ կետերը: Որքանո՞վ են դրանք իրատասեկան: Ինչպե՞ս առաջին և երկրորդ կետերից շարժվենք մնացած կետերի ուղղությամբ: Ի՞նչ ենք ակնկալում ստանալ հինգ տարի անց: Ո՞վ է լինելու իրագործողը: Ահա թե ինչի մասին է պետք մտածել:

Հայաստանյան հասարակական դաշտում այսօր հասունացել է մտահասու, ծանրակշիռ իշխանության հսկայական պահանջարկ: Դա պարզ է անգամ առանց սոցիոլոգիական հարցումների, թեև այդ հարցումների արդյունքները նույնն են վկայում: Մարդիկ ուզում են տեսնել հմուտ գործիչների, ուզում են տեսնել ներուժի և միջոցների վստահելի վերահսկում, հարկային բեռի արդար և արդյունավետ բաշխում, ազգային շահերի պաշտպանվածություն: Պատմական կտրվածքով խորհրդարանները առաջացել են հենց այդ վերահսկումը իրականացնելու համար:

Հիշենք, թե 1649 թ. Անգլիայի խորհրդարանի որոշմամբ ինչ մեղադրանքով մահապատժի ենթարկվեց Կառլոս 1-ը:  Կամ ինչ մեղադրանքով հեղափոխական Ֆրանսիայում 1793 թ.  գլխատվեց Լյուդովիկոս XVI-ը: Երկու դեպքում էլ բացարձակ միապետները մեղադրվում էին  բյուջեն վատնելու և հայրենիքի դավաճանության համար: Ահա թե ինչպես էին ծնունդ առնում արևմտյան երկրների ժողովրդավարությունները:

Լավ կլինի, եթե 21-րդ դարի Հայաստանը զերծ մնա մահապատիժներից: Մահապատիժները իրենց հետևից փութաջան ու անհամբեր դատավորների ու դահիճների են բերում: Միապետների մեղադրյալներ Օլիվեր Քրոմվելն ու Մաքսիմիլիան Ռոբեսպիերը վատ վախճան ունեցան: Նրանցից հետո նոր հեղափոխությունների պահանջ առաջացավ, և դա տևեց մինչև խորհրդարանական ընթացակարգերի հաստատումը: Հայաստանը չի կարող իրեն նորանոր հեղաշրջումներ անելու շռայլություն թույլ տալ:  Անհրաժեշտ է սովորել արևմտյան օրինակների վրա, բայց իրական, ոչ թե գաղափարական հանդերձանքով օրինակների:

Ապագայի առաջին հորիզոնը մեկ-երկու ամիս է ձգվելու, և այդ ամիսները պետք է վերապրել և ապրել, քիչ թե շատ գործուն վիճակում պահելով սահմանադրական նորմերը: Այլ կերպ ասած, մերժել հեղաշրջումներն ու ավերումները: Դիմանալ: Այնուհետև նույն այդ նորմերի կիրառմամբ փոխարինել ձախողված քաղաքական գործիչներին: Գուցե և բոլորին:

Ժողովրդավարական պայմանների ապահովման պարագայում այդ գործիչները առանց այն էլ հաղթելու չնչին հնարավորություն ունեն, հաշվի առնելով նրանց վարկանիշն ու այն հանգամանքը, որ  այսօրվա Հայաստանում վարչական ճնշումն ու կաշառքը հազիվ թե ազդեն ընտրությունների վրա: Ժամանակի ընթացքում անհրաժեշտ կլինի փոխել նաև «անվանական»՝ Սերժ Սարգսյանի համար գրված  և Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-ինչ պատճառներով ժամանակին փոփոխության չենթարկված սահմանադրությունը:

Այստեղ, երևի թե, վախվորած հարց կառաջանա. իսկ եթե այդ ամենը Պուտինի սրտով չեղա՞վ:  Մի՛ կարդացեք պատվերով գրած հոդվածները, մի՛ կենտրոնացեք այլևայլ համացանցային գրառումների վրա:  Կարծում եմ, Մոսկվան ոչ երկրորդ Լուկաշենկոյի կարիքն ունի, ոչ էլ կիրգիզատիպ շաղախի: Հայաստանը, որպես Ռուսաստանի կրտսեր դաշնակից, իր սեփական արժեքն ունի, և որքանով ավելի կայուն է Հայաստանը, այնքանով ավելի մեծ է նրա արժեքը:

Նիկոլին հեռացնելը կարող է լինել կարգախոս, բայց չի կարող հանդես գալ որպես կենսական անհրաժեշտություն և առաջնային նպատակ: Ժամանակ է պետք (շաբաթներ), որպեսզի նոր կուսակցություններ ու շարժումներ հասցնեն ձևավորվել: Մի՞թե Հայաստանում չկան բանիմաց ու եռանդուն մարդիկ: Իսկ ո՞վ էր վերջին մեկուկես ամսվա ընթացքում  կազմակերպում օգնությունը, տեղավորում փախստականներին, մատակարարում հիվանդանոցները: Ո՞վ էր հրատապ կերպով մշակում ծրագրեր, որոնք պետք է որ պետական կառույցները կյանքի կոչած լինեին:

Պատերազմի ավարտից հետո և այդ մարդիկ, և նրանց ծրագրերը անգնահատելի են լինելու: Լցրե՛ք խորհրդարանը, վերցրե՛ք իշխանությունը, որն, ինչպես ասում էր (իշխանությունը վերցնելու հարցում) դասականը, ընկած է գետնին:  Առաջարկեք հասարակությանը ձեր ծրագրերը և պատրաստվեք իրականացնել դրանք: Ֆրանսիայի հիմնը՝ Մարսելյեզը, կոչ է անում նվիրյալներին կազմել գումարտակներ և շարժվել առաջ: Հառա՜ջ, ձևավորեք ձեր կուսակցությունները, հավաքեք ձեր ընկերներին ու համախոհներին, գրավեք և ստացեք հասարակության աջակցությունը:

Այնուհետև կբացվի հաջորդ հորիզոնը և կտևի մեկ տարի: Ծանր տարի է լինելու  և ոչ միայն լրջագույն ծավալների հասած համաճարակի պատճառով:  Տնտեսական ճգնաժամը սպառնում է ամբողջ աշխարհին: Հայաստանում առնվազն լույս ու պարեն կա: Կենտրոնական բանկի հմուտ քաղաքականության շնորհիվ հայկական դրամը կարողանում է խուսափել կտրուկ անկումից: Դրսից արդեն սկսել է օգնություն գալ: Այնուհանդերձ 2021 թվականը բոլորի համար շատ ծանր է լինելու: Եթե վերանորոգման համար խնայած փող ունեք, մի՛ ձգձգեք, դա կօգնի ձեր հայրենակիցներին գումար վաստակել:

Հանգիստն անցկացրեք Դիլիջանից ոչ հեռու: Ռիսկի դիմեք ու բիզնես հիմնեք: Գնեք միայն տեղական արտադրանքը: Օգնեք ձեր հարազատներին: Եվ ոչ մի դեպքում չմոռանաք մտերիմներին կորցրած, վիրավորների մասին հոգ տանող, պատերազմի արհավիրքներով անցած մարդկանց մասին: Մեծ հույս է ներշնչում մի ակնթարթում հասունացած քսանամյա պատերազմի վետերանների սերունդը: Կարծում եմ, այդ սերունդը դեռ երկար ժամանակ մնալու է հայրենասիրության և ազգի հավաքական կամքի, ապրելու կամքի կարևորագույն կրողը:

Ազգային պետության պահպանումը շարունակում է մնալ հիմնական հույսը: Ահա թե ինչու անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել նոր քաղաքական և պետական վերնախավի ստեղծման վրա: Աշխարհում մեծ համակրանք է կուտակվել Հայաստանի հանդեպ: Շատերը, այդ թվում սպորտի, մշակույթի, տնտեսության, գիտության և ռազմական գործի բարձրաստիճան ներկայացուցիչները, պատրաստ են կիսվել իրենց հեղինակությամբ ու գիտելիքով: Այսօր, երբ հարց է առաջանում, թե  ո՞վ կգիտակցի ու կյանքի կկոչի այս եզակի հնարավորությունը, դարձյալ վերադառնում ենք պետությունը թարմ ուժերով լիցքավորելու անհրաժեշտությանը, երկրի գործերի հասարակական վերահսկողության անհրաժեշտությանը: Ո՞ւմ հետ եք, լրագրության վարպետներ: Հասարակությունը բարձրորակ տեղեկատվության կարիք ունի: Ահավասիկ՝ գործի դրեք ձեր արհեստավարժությունը, դուք բարի համբավ վաստակելու բացառիկ   հնարավորություն եք ստացել:

Անկասկած, իր ուժերի հավաքագրման ճանապարհն է բռնել նաև պատերազմի օրերին էապես  բազմացած սփյուռքը: Գիտե՞ք, թե ինչ ընդհանրություն կա իմ՝ աշխարհի 17 լեզուներով (ի դեպ, նաև թուրքերենով) լույս տեսած գիտական աշխատությունների հեղինակի և, ասենք,  Քիմ Քարդաշյանի միջև: Պարզապես այժմ մենք երկուսս էլ մեզ  հայ ենք գիտակցում անկախ նրանից, թե ինչ արյուն է հոսում մեր երակներում: Այսօր մենք շատ ավելի շատ ենք, քան երկու ամիս առաջ: Բայց և այնպես, ոչ ոք չի կարողանա օգնել այն երկրին, որն ինքն իրեն օգնելու համոզիչ ճիգեր չի գործադրում:

Եվ այստեղ սկսվում է հաջորդ՝ հինգամյա հորիզոնի ճամփան: Կամ չորսուկես, երբ կգա ռուս խաղաղապահների մանդատը վերականգնելու ժամանակը: 90, եթե ոչ 99 տոկոսով վստահ եմ, որ Ռուսաստանը կհասնի իր այդ նպատակին: Խաղաղապահները մտել են, որ այլևս դուրս չգան: Ղարաբաղյան պատերազմը ցնցել է ոչ միայն Հայաստանը: Իր «մերձավոր արտասահմանում» նման կազմով հարձակվողներ ընդգրկող պատերազմը Մոսկվայում շատերին է սթափեցրել:

Այժմ դիտարկենք առկա փաստերը և դրանցից բխող հնարավոր հետևանքները:

Մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Ռուսաստանը կարողացել էր պահպանել Անդրկովկասում միայն Գյումրիի ռազմական բազան, որը գտնվում էր աշխարհագրական մեկուսացման սահմանագծին: Այդ բազայի  մատակարարումը օդային ճանապարհով թանկ հաճույք էր, իսկ քաղաքական առումով հաճախ անիրագործելի էր:  Իհարկե ռուսական բազաներ կան նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, սակայն Վրաստանը շարունակում է մնալ միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտ և ունի բավարար չափով դաշնակիցներ՝ համենայն դեպս,  իր իրավուքները պաշտպանելու համար: Ռազմավարական առումով Գյումրիի բազան  կարևորվում է նաև այն պատճառով, որ Սիրիայից շատ հեռու չի գտնվում: Միևնույն ժամանակ բուն Գյումրիի մատակարարումը մնում էր հարցականի տակ:

Այժմ իրավիճակը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: Ադրբեջանը, թույլ տալով, որ ռուսական խաղաղապահները մուտք գործեն իր տարածք, ձեռք է բերել  պատերազմի արդյունքների փաստացի լեգիտիմացում: (Իրավականի համար բոլորի պայքարը դեռ առջևում է): Միևնույն ժամանակ 1991-ից հետո սա ռուսական զորքի առաջին միանգամայն լեգիտիմ ներկայությունն է  Ադրբեջանում: Ռուսաստանը հետևողականորեն ետ է մղում Թուրքիայի՝ հավասար մասնակցության հավակնությունները և, ամենայն հավանականությամբ, այդ առումով արդեն իսկ ձեռքբերումներ ունի: Այս հարցում որպես Ռուսաստանի  կողմնակից կարող է հանդես գալ առնվազն Ֆրանսիան, չի կարելի բացառել նաև Եվրոպական Միության այլ առանցքային անդամներին:

Մուսուլմանական ու ծայրահեղ ազգայնական բարձր վարկանիշ ձեռք բերելու իր վազքի ընթացքում Էրդողանը հասցրեց վիրավորել շատ-շատերին, անգամ արաբների մեծամասնությանը:  Էլ չենք խոսում խորացող  ներքին տնտեսական ճգնաժամի ու Թուրքիայի վերնախավերի պառակտման մասին: Ոչ ոք այսօր չի կարող երաշխավորել, որ հինգ տարի հետո Էրդողանը  կկարողանա պահել իր իշխանությունը (հետևաբար նաև ազատությունն ու կյանքը): ԱՄՆ արտաքին քաղաքականությունը առայժմ չի դիրքորոշվել, սակայն հազիվ թե  ապագայում Էրդողանը կարողանա հույս դնել շահադիտական համակրանքի վրա, որպիսին ստանում էր (արդեն վստահաբար նախկին) նախագահ Թրամփից: Ռուսաստանը մեր օրերի համար եզակի հնարավորություն է ստացել ինչ-որ առումով միասնաբար գործել կամ առնվազն ըմբռնումով հաղորդակցվել Արևմուտքի հետ:

Հեռանկարային տեսանկյունից ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Կովկասի տնտեսության համար անսպասելի հնարավորություններ են բացվում: Խաղաղապահ զորակազմը անհրաժեշտ է ապահովել հուսալի և համեմատաբար էժան փոխադրամիջոցներով: Խաղաղապահների տեղափոխման գործընթացը աչքի է ընկել իր սրընթաց բնույթով և կազմակերպվել է փայլուն ձևով:  Բայց, ինչպես արդեն ասացի, օդային մատակարարման գինը շատ բարձր է, մինչդեռ Ռուսաստանը, անգամ եթե ելնենք բարձրաստիճան պաշտոնյաների վրիպախոսություններից, հեռու գնացող ծրագրեր ունի:

Թեև Ստեփանակերտում կա առայժմ չգործող օդանավակայան, Մոսկվան  արդեն իսկ ակնհայտորեն ձգտում է բացել երկաթուղին: Բաքու-Երևան գիծը երեսուն տարի է, ինչ փակ է: Կբացվի՞ այն արդյոք նաև Հայաստանի բեռների համար՝ որպես Նախիջևան տանող Մեղրիի միջանցքը ապահովելուն ուղղված փոխադարձ քայլ: Անշուշտ, ռուսական սահմանապահների հսկողության տակ, ինչպես ընդունված էր խորհրդային տարիներին: Ի՞նչ դիրք կգրավի Թբիլիսին, ուր վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Բիձինա Իվանիշվիլիի համեմատաբար չեզոք ու պրագմատիկ կուսակցությունը միանգամայն համոզիչ հաղթանակ տարավ, ստանալով արևմտյան դիտորդների ճանաչումն ու ձախողելով Սահակաշվիլիի նախկին կուսակցության ռևանշիստական նկրտումները:

Վերջին տարիների ընթացքում իրականացվող՝  թուրքական ազդեցության տիրույթի հանդուգն ընդլայնումը  Վրաստանի առջև նույնպես դնում է տնտեսական և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև  հավասարակշռությունը պահելու բարդագույն խնդիրը: Թեև Թբիլիսիի ծրագրերը դժվար է կանխատեսել, հաշվի առնելով կտրուկ ձևով փոխված իրավիճակը, Հայաստանը ստիպված է կողմնորոշվել առնվազն իր սեփական եզրահանգումների առումով:

Երկրորդ հետևանքը, որն առայժմ քչերի ուշադրությունն է գրավում, Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ ռուսական ռազմական պրոտեկտորատի հակառակ կողմն է, ինչի մասին այսօր թե՛ հանրահավաքներին, թե՛ սոցցանցերում կարելի է լսել ոչ այնքան տրամաբանական բողոքներ: Թուրքերի դեմ կռվելիս «բա ո՞ւր են ռուսները» հարցը բնական է թվում:

Իսկ ի՞նչ կասեք խաղաղության հաստատման մասին: Հայաստանը պահպանում է իրավական ինքնիշխանությունը բոլոր արտոնություններով՝ «բարեկամաան սվինների» արգելապատնեշով ու Մաքսային միությամբ  հանդերձ: Միևնույն ժամանակ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում և երկրի հարաբերությունները Եվրամիության հետ շարունակում են պահպանվել: Հայկական դիվանագիտության համար  կարևորագույն ուղղություն է մնում  Ֆրանսիայի ավանդական և հերթական անգամ վերահաստատված բարեկամական դիրքորոշումը:  Ինչ վերաբերում է միջազգային բիզնեսի և առևտրի հեռանկարներին, ապա դրանք դեռ պետք է գնահատի ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը: Այս հարցում կպահանջվեն ոչ միայն պետական դիվանագիտության, ոչ միայն սփյուռքի, այլև անհատների ջանքերը:

Ի դեպ, դիվանագիտության մասին: Դիվանագիտությունը ոչ միայն մշակութային համագործակցություն է, ոչ միայն միջազգային ֆորումներ են կամ կապեր հայրենակիցների հետ: Դիվանագիտությունը վաղուց ի վեր զբաղվում է միություններ ստեղծելու հարցերով, որպեսզի զինվորականները ստիպված չլինեն միայնակ գործել: Այն դեպքերում, երբ միություն ստեղծելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է ձգտել առնվազն  չեզոքության պահպանմանը և չշտապել զայրույթի ազդեցության տակ, օրինակ, հետ կանչել Իսրայելի դեսպանին:

Դիվանագիտությունը փնտրում է մոտեցումներ, ուսումնասիրում է և առաջարկում է ընդունելի ձևակերպումներ:  Ժամանակի ընթացքում դիվանագիտությունը սկսել է զբաղվել նաև սեփական երկրների տնտեսական շահերը պաշտպանելու կամ, կոպիտ ասած, բիզնես-լոբինգի հարցերով: Անշուշտ, այս ամենին պետք է գումարվեն նաև վերնախավերի միջև անհրաժեշտ կապերի ստեղծումն ու գործընկեր երկրների հասարակությունների համար գրավիչ դառնալը:

Հաջորդ հինգ տարիները կարող են ու պետք է դառնան տնտեսական վերածննդի տարիներ: Սոցիոլոգի գործ չէ կանխորոշել, թե ինչ ուղղություններով է զարգանալու բիզնեսը: Ձեռնարկատերերը ինքներն են գտնում երբեմն ոչ ակնհայտ հնարավորությունները: Ավելի ճիշտ է խոսել այն մասին, թե ինչ չպետք է լինի. հումքի արտահանում ու գումարների դիզում օֆշորային գոտիներում, գիշերային ռեստորանների ու առևտրի կենտրոնների տնտեսություն արդյունաբերության վերացման ու զանգվածային գործազրկության պայմաններում:

Պետական իշխանությունները պետք է ապահովեն կարգուկանոն ու տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Սա ամենևին չի բացառում գերակա ոլորտների հարկային, իրավական, ենթակառուցվածքային և այլ կարգի  խրախուսման ձևեր: Անկասկած, պետք է զարգանան ինֆորմատիկան ու բարձր տեխնոլոգիաները. փառք Աստծո, մարդկային ներուժը առայժմ չի սպառվել: Սակայն չարժե  միայն «բարձրով»  հրապուրվել: Կարելի է սկսել պարզից ու «ցածրից», օրինակ՝ համատարած վերանորոգումից, հարկ եղած դեպքում՝ հետխորհրդային ավերակներից ազատվելուց:

Ճգնաժամային շրջաններում որպես ստուգված, մեծ ծախսեր չպահանջող և միանգամայն արդյունավետ միջոց կարելի է դիտարկել հասարակական աշխատանքները, որոնց կիրառումը նպաստում է նաև գործազրկության նվազեցմանը: Հայաստանը պետք է գրավիչ դառնա միջնաժամկետ ծրագրերի շնորհիվ: Ավելին, Հայաստանը վաղն իսկ կարող էր գրավիչ դառնալ:

Ուզում եմ քննարկման կարգով առաջ քաշել մի շարք ոչ ակնհայտ նկատառումներ:

Բանակ և Ռազմաարդյունաբերական համալիր՝ ՌԱՀ: Այսօր հնչում են բազմաթիվ կոչեր, սակայն գրեթե չեն լսվում իրականությունից բխող հստակ գաղափարներ: Ազգային պետությունը պետք է բանակ ունենա, առավել ևս Հայաստան պետությունը, հաշվի առնելով, թե ինչ շրջապատում է գտնվում: Պարտությունը դաժան ուսուցիչ է, սակայն ջախջախված բանակները արագ են սովորում: Զարգացած երկրների ռազմական գործիչներն այսօր անցնում են բանակի մասնագիտացմանն ու տեխնոլոգիականացմանը: Բանակները փոքրանում են ու թանկանում են, փաստորեն վերածվելով բարձր տեխնոլոգիաներով հագեցած հատուկ նշանակության զորքերի: Անշուշտ, պաշտպանության հետ կապված ծախսերի նվազեցման եղանակներից մեկը սեփական մշակումներն ու սեփական արտադրությունն է:

Սակայն իրատեսական չէ համարել, որ փոքր Հայաստանը կարող է ստեղծել լիովին ինքնավար ռազմարդյունաբերական համալիր, առավել ևս, որ այսօր աշխարհի բոլոր  ՌԱՀ-երը կախված են արտահանման եկամուտներից, այսինքն՝ բարդ քաղաքական առևտրի առարկա են: Այնուամենայնիվ, որոշ մասը կարելի է ստեղծել տեղում և կամ համագործակցելով դաշնակիցների հետ: Աշխարհազորի ժամանակներն անցել են: Կարճաժամկետ զանգվածային (ներառյալ աղջիկների) զորակոչը կարող է կիրառվել որպես  քաղաքացիների հասունացման, մարզական և հայրենասիրական պատրաստվածությունն ապահովելու գործիք:

Կրթություն և գիտություն: Հայաստանում շատերի մտքում պտտվում է կամ խորհրդային օրինակը, կամ Հարվարդը: Սակայն խորհրդային գիտության հետ ժամանակին անմիջականորեն կապված մարդիկ հիշում են նաև լճացած գիտահետազոտական ինստիտուտներն իրենց ուռճացած հաստիքներով ու տխրահռչակ ծխասենյակներով, որտեղից լավագույնները իրենց թեզերը պաշտպանելու համար մեկնում էին Մոսկվա կամ Նովոսիբիրսկ: Մարդիկ պետք է մեկնեն և անկասկած մեկնելու են, բայց արդեն աշխարհի տարբեր երկրներ: Իսկ Հայաստանում հնացած բուհեր կամ ինստիտուտներ վերարտադրելու գաղափարներից պետք է հրաժարվել:

Հայաստանում այսօր պահանջվածից շատ համալսարաններ են գործում, ընդ որում, և դա բոլորը գիտեն, մեծամասամբ վատ որակի համալսարաններ:  Անհնար է տեղում ստեղծել  փոքր ծավալի Физтех կամ MIT: Անհնար է տեղափոխել գիտական կենտրոնի վարկանիշը և մթնոլորտը: Որպես նման գործից տեղյալ մարդ հայտարարում եմ, որ այդ կարգի համալսարաններն այսօր  արժեն առնվազն մեկ միլիարդ դոլար: Իսկ նախապատրաստել աշակերտներին այնպես, որ նրանք կարողանան ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները, ոչ միայն հնարավոր է, այլև կենսական անհրաժեշտություն է: Հայաստանը տարբեր աստիճանի դպրոցների կարիք ունի, բարձրորակ դասավանդման կարիք ունի, ընդ որում կրթությունը կարելի է  մասամբ հեռավար դարձնել:

Անհրաժեշտ է ստեղծել տեխնոլոգիական, հումանիտար և գործնական դպրոցներ, որոնցում ոչ թե պետք է օտար լեզուներ դասավանդվեն, այլ ամբողջ կրթական գործընթացը պետք է  իրականացվի տարբեր լեզուներով: 21-րդ դարի հայ երեխաները պետք է  տիրապետեն առնվազն երեք լեզվի՝ հայերենի, ռուսերենի և անգլերենի: Կարող եմ նաև ենթադրել, որ դպրոցական կրթության ամենահեղինակավոր տեղերից մեկը կզբաղեցնի յունկերական ուսումնարանի կարգի կառույց, ուր առաջին հերթին կընդունվեն Հայրենիքի համար զոհված մարտիկների զավակները: Նրանցից բոլորը չէ, որ պետք է սպա դառնան: Ամենևին: Ապագա զինվորականները պետք է սովորեն ապագա գիտնականների, ձեռներեցների, բժիշկների, հաջորդ սերնդի ուսուցիչների կողքին: Բիսմարկյան դարաշրջանում հենց այսպես էին ստեղծվում Գերմանիայի ազգային վերնախավերը: Ի միջի այլոց, ցարական Ռուսաստանում էլ այս ոլորտը վատ չէր կազմակերպված:

Կվերադառնա՞ն արդյոք արտասահմանում կրթություն ստացածները: Նման ձևակերպմամբ այս հարցը պատասխան չունի, և այդ պատճառով չդադարող վեճերն անիմաստ են: Հարցը պետք է այլ կերպ դրվի. ի՞նչ անել, որ նրանք վերադառնալու ցանկություն ունենան: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի բարենպաստ կենսապայմաններ: Իհարկե, ժամանակակից սրճարանները նույնպես իրենց դերն ունեն, սակայն առաջին հերթին պետք է մտածել, թե ինչպես ապահովել երիտասարդ ընտանիքների զավակներին պատշաճ մակարդակի դպրոցներով, հարմարավետ բնակարաններով, ինչպես բարեկարգել քաղաքի փողոցները, կարգի բերել ինտերնետ և օդային կապը: Մնացած անելիքը շատ ավելի պարզ կդառնա, եթե ուսումնասիրվեն ակտիվ, կրթված ժամանակակից երիտասարդության նախապատվություններն ու վարքագիծը:

Այս ամենը վերաբերում է նաև սփյուռքին, որն այսօր ներառում է ոչ միայն Արևմուտքի և (արագորեն նոսրացող) Մերձավոր Արևելքի գաղթօջախները, այլև հետխորհրդային տարածքում և առաջին հերթին Ռուսաստանում կենտրոնացած նորաստեղծ սփյուռքի ստվար զանգվածը: Միևնույն ժամանակ, որքան էլ ասածս անսպասելի հնչի, Հայաստանը պետք է գրավիչ դառնա ոչ միայն հայերի և ոչ միայն երիտասարդների համար: Կրթված մասնագետները, ցանկացած ազգության ձեռներեցները, բնակություն հաստատելով ու գործ դնելով Հայաստանում, միայն օգուտ կբերեն երկրին: Չմոռանաք նաև տարեցների, ասենք՝ ինձ նման մարդկանց մասին:

Հայաստանը շատ գրավիչ է տարբեր երկրներում բնակվող թոշակառուների ու պաշտոնաթող անձանց համար: Այստեղ նրանք անգամ այսօր կարող են իրենց խնայած գումարների դիմաց վայելել բավականին հարմարավետ կյանք և ստանալ ցանկալի մշակութային միջավայր: Իսկ եթե այդ ամենին գումարվի նաև որակյալ բժշկական սպասարկումը, ինչի համար արևմտյան երկրներում բնակվող տարեցները չեն խնայում իրենց գումարները,  ապա  գաղափարը կստանա նաև Հայաստանի համար հույժ կարևորություն ունեցող  տնտեսական հիմնավորում:

Կարող եմ լրացնել ասածս շատ ավելի համարձակ գաղափարներով, որոնց քննարկումը թեժ վեճեր կառաջացնի, իսկ իրականացման գինը կսահմանափակվի ոգևորությամբ: Եթե ընդունենք, որ արմատական ինստիտուտները «վերաբեռնվելու» կարիք ունեն, ապա չարժե՞ արդկոք մտածել նաև ազգային խորհրդանիշների մասին: Հայաստանի  դրոշը, հիմնը և զինանշանը սկիզբ են առել 1918 թ., այսինքն՝ ողբերգական ավարտ ունեցած  առաջին անկախության տարիներին: 1990-երի քաոտիկ իրավիճակում  դրանցով պարզապես փոխարինվել են խորհրդային խորհրդանշանները:  Խոստովանենք, որ այդ խորհրդանշանների ստեղծման տարիները հայ ժողովրդի պատմության լավագույն տարիները չէին:

Այն ժամանակ խորհրդանշանները ստեղծվում էին հապճեպ և նմանակման եղանակով: Բայց չէ որ դրանից հետո եկավ Արամ Խաչատրյանի շատ ավելի ազգային հնչեղություն ունեցող  երաժշտությունը: Էլ չեմ նշում խորհրդային Հայաստանի զինանշանը՝ խաղողի ողկույզներով ու  սահմանից այս կողմ ուրվագծված Արարատով:  Դա ամենևին չի նշանակում, որ պետք է վերադառնալ հին խորհրդանշաններին, սակայն եկեք ընդունենք, որ ժամանակին դրանք, ինչպես և Երևանի պատկերը, ստեղծվել են իսկական վարպետների ջանքերով:

Վերջին՝ 25 տարի տևող հորիզոնը երկարելու է ու ձգվելու է դեպի հեռավոր ապագա: Եթե առաջին երեք փուլերը հաղթահարվեն, աշխատանքը կթեթևանա, թեև չի դառնա ավելի պարզ: Հայաստանը պետք է կարողանա ավարտին հասցնել ժողովրդագրական անցումը և ստեղծել իրապես ժամանակակից հասարակություն: Հետխորհրդային շրջանում տեղի ունեցավ որոշակի ապաարդիականացում: Հայաստանցիները ոչ միայն տեսան, թե ինչպես է փլվում  արդյունաբերական ոլորտը, այլև ստիպված եղան վերադառնալ վառարաններին ու նավթի լամպերին:

Պատշաճ կրթական մակարդակ, բժշկական ծառայություն ու աշխատանքի հեռանկարներ չապահովող երկիրը լքեց մոտ մեկ միլիոն մարդ, այդ թվում և բնակչության կրթված և տնտեսապես ակտիվ մի մասը: Գյուղը նորից հայտնվեց մի իրավիճակում, երբ բնակչության միակ խնդիրը դարձավ գոյատևումը, երբ գյուղացիների ապրուստը կախված էր եղանակից, վերավաճառողներից ու տեղի իշխանիկներից: Այս ամենին պետք է վերջ տրվի առաջին երեք փուլերի ընթացքում: Բայց ինչպե՞ս և  ի՞նչ է լինելու դրանից հետո:

Մեռնող գյուղերը մեռնում են, որովհետև այդ գյուղերում աշխատելու ոչ տեղ կա, ոչ միջոց: Չկան դպրոցներ, բժշկություն, մշակութային միջավայր: Մոտակայքում գտնվող հիասքանչ կիրճի կամ միջնադարյան վանքի ձգողական ուժը  բավարար չէ, որպեսզի գյուզացիները ցանկանան մնալ իրենց բնակավայրերում:  Նրանց աչքերում բոլոր այդ գեղեցկությունները պարզապես առօրյա բնապատկերի մաս են կազմում և նահանջում են, առերեսվելով աղքատությանն ու հուսահատությանը:

Ի՞նչ անել: Դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցել օրեցօր նոսրացող բնակչության համա՞ր: Խորհրդային տարիներին այդ ամենով արդեն անցել ենք: Ամենայն հավանականությամբ, պատասխանը բացասական է: Աշխարհով մեկ գյողերի բնակչությունը տեղափոխվում է քաղաքներ: Արդյո՞ք ավելի խելամիտ ու ավելի մարդասիրական չի լինի այլ մոտեցումը. օգնել այդ մարդկանց հիմա ազատվել գեղջուկի բեռից, որպեսզի հետո նրանց մի մասը որոշի վերադառնալ, բայց արդեմ որպես հետարդյունաբերական էկոլոգիական ֆերմեր, բացել փոքր հյուրանոց զբոսաշրջիկների համար և այլն: Լավ դպրոցներ պետք է լինեն այնտեղ, ուր կան աշակերտներ և ուսուցիչներ: Ճանապարհները կառուցվում են հեռավորությունները կրճատելու համար: Ինտերնետը ամենախուլ վայրեր է բերում մշակութային միջավայր (ավա~ղ, նաև աղբ, որը պետք է սովորել մաղել):

Պետք չէ դիմադրել պատմության ընթացքին, պետք է սովորել ուղղորդել այն: Դրա համար առաջին հերթին կպահանջվի զարգացնել ֆինանսական համակարգը և  կազմակերպել ֆերմերային տնտեսության ու փոքր արտադրությունների համար անհրաժեշտ սուբսիդավորված վարկերի տրամադրումը:  Եվ ո՞վ պետք ստանա այդ վարկերը առաջին հերթին, եթե ոչ զորացրված զինվորների ընտանիքները, մանավանդ հաշվի առնելով, որ նրանցից շատերը հենց գյողի տղաներ են:

Ու դարձյալ ժողովրդագրության մասին: Կարծիք կա, որ պատերազմական դժոխքով անցածները սոցիալական և հոգեբանական վերականգնման կարիք են ունենալու: Խելացի մոտեցում է, բառերն էլ են խելացի: Բայց հիշեք նաև ավանդական ժողովրդական միջոցը՝ ամուսնությունը:  Գնահատեք այդ տղաների հերոսությունն ըստ արժանվույն, տրամադրեք նրանց բնակարանային վարկեր, ապահովեք նրանց երեխաներին լավ դպրոցներով, և կտեսնեք, որ երեխաների թիվը կաճի:

Եվ այսպես՝ ժամանակի չորս հորիզոններ: Ժողովրդագրության հորիզոնը՝ աչքի առաջ ունենալով 25 տարի: Տնտեսականը՝ 5 և ավելի տարիներ: Պետականն ու ազգայինը՝  մեկ-մեկուկես տարի: Բայց ոչինչ չի ստացվի, եթե առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում հայկական քաղաքականությունը տապալվի: Ահա թե երբ կգա վախենալու պահն ու կկորչի հույսը: Եվ ուրեմն պետք է սկսել ժողովրդավարության քաղաքական ինստիտուտների պաշտպանությունից, հետագայում թարմ, նոր ուժերով ու միմիայն օրինական ճանապարհով  նվաճել այդ ինստիտուտները: Միայն այդ դեպքում կկայանա պետականաշինությունը, կձևավորվի տնտեսական շուկան, տեղի կունենա ժողովրդագրական անցումը, տեղացիները չեն լքի երկիրը, իսկ դրսից նոր ուղեղներ ու նոր կապիտալներ կգան:

Գեորգի ԴԵՐԼՈՒԳՅԱՆ

Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30