ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Նրա խոսքերից վրդովված «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեղից բղավեց, որ հեքիաթ է պատմում: Պետրոսյանին հունից հանեց Դանիելյանի՝ «ինչ-որ ֆրակցիայի ներկայացուցիչ խոսում է, թե ադրբեջանական մամուլում ով ինչ հեղինակություն ունի, կարծում եմ՝ կարող էիք նրան ասել, որ այդ նույն մամուլում դու գերաստղ ես» արտահայտությունը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը միջամտեց եւ դիմեց Գեւորգ Պետրոսյանին. «Հեսա անվտանգության աշխատակիցների կհրավիրեմ: Կանչի չէ, կանչեք: Ես չեմ վախեցնում, այլ ուզում եմ, որ կարգուկանոն լինի դահլիճում»: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բղավեց՝ ամոթ ունեցեք, հերիք եղավ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանն էր այսօր ելույթում ասել, թե Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տիրույթում ինչպիսի համբավ ունի: Ալեն Սիմոնյանը Նաիրա Զոհրաբյանին կոչ արեց չհրահրել եւ իրավիճակը չթեժացնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ