Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ոդիսականը. Գևորգ Գորգիսյան

Նոյեմբեր 26,2020 18:36

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հոդվածը՝ «Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարության վերաբերյալ

«Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ոդիսականը

Բաց աղբյուրներից տեղեկանալով «Սու-30 ՍՄ» ծանր կործանիչ ինքնաթիռների տակտիկատեխնիկական բնութագրերին՝ պարզում ենք, որ դրանք նախատեսված են օդային մարտ վարելու և երկնքում հակառակորդի նկատմամբ գերակայություն ստանալու համար։ Այս ինքնաթիռները մինչև 3500 կմ հեռավորությամբ թռիչքներ կատարելու, իսկ օդում լիցքավորվելու դեպքում՝ մոտ 5200 կմ (ունի օդում լիցքավորման համակարգ), և 1500 կմ շառավղով մարտեր վարելու հնարավորություն ունեն։ Բարձրության վրա ունակ են զարգացնելու մինչև 2125 կմ/ժ, իսկ գետնին մոտ՝ 1350 կմ/ժ արագություն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության օդային և ցամաքային առավելագույն հեռավորությունը կազմում է մոտ 350 կմ՝ «Սու 30 ՍՄ»-ն ՀՀ տարածքի առավելագույն հեռավորությունը կանցնի մոտ 10 րոպեում, իսկ Էրեբունի օդանավակայանից մինչև Իրանի սահման թռչելու դեպքում կանցնի 5-6 րոպեում։ Նշենք նաև, որ հակառակորդի ամենահեռավոր կետը՝ Բաքուն, գտնվում է մեր օդանավակայաններից մոտավորապես 460 կմ հեռավորության վրա։

Անհասկանալի է դառնում սույն ինքնաթիռների մարտական խնդիրը և գործածության նպատակահարմարությունը։ Նշենք, որ ՀՀ տարածքի դեպքում ինքնաթիռը չի կարողանալու զարգացնել գերձայնային արագություն (ձայնի արագությունը՝ 1191 կմ/ժ)։

Ակնհայտ է նաև, որ այս ինքնաթիռների ձեռքբերման դեպքում հակառակորդը պետք է մշակի դրանց դեմ պայքարելու միջոցներ։

Ընդունված է, որ օդուժի դեմ ամենաարդյունավետ պայքարի եղանակը դրանց հարվածելն է գետնի վրա, քանի դեռ անշարժ են։

Մենք գիտենք, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա են բելառուսական «Полонез», իսրայելական «LORA» և թուրքական «SOM» հրթիռային համակարգերը, որոնք ունակ են խոցել Հայաստանի տարածքը ողջ խորությամբ՝ մինչև 300 կմ։ Նշեմ նաև, որ այս մասին հարցադրում եմ արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, երբ քննարկվում էր այդ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը, ինչին ի պատասխան՝ նախարարը հաստատել է, որ մեր բոլոր օդանավակայանները խոցելի են հակառակորդի համար։ Նույնիսկ Google Eearth հավելվածի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ գտնել ինքնաթիռների տեղակայման վայրը և խոցել դրանք։

Տե´ս նկարները «Էրեբունի» օդանավակայանից և Գանձակի օդանավակայանից։

Պետք է նկատի ունենալ նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հագեցած է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։

Այսպիսով, ադրբեջանական ԶՈւ-ն ունակ է թույլ չտալ, որ այդ ինքնաթիռներն օդ բարձրանան, իսկ օդ բարձրանալու դեպքում՝ խոցել։

Անդրադառնանք նաև ինքնաթիռների գնման ֆինանսական խնդրին․ 4 միավոր «Սու-30 ՍՄ» ձեռք բերելու համար մենք վճարել ենք մոտավորապես 130 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ տակտիկատեխնիկական բնութագրերի՝ յուրաքանչյուր ինքնաթիռի անձնակազմը (մարտական հաշվարկ) բաղկացած է երկու օդաչուից։ Պատերազմական դրության ժամանակ ամեն ինքնաթիռի համար անհրաժեշտ է ունենալ 3 մարտական հաշվարկ։

Այսինքն՝ ընդհանուր մեզ պետք է 24 օդաչու։ Առաջին կարգի օդաչու պատրաստելու համար անհրաժեշտ է, որ մեկ օդաչուն 10 տարի անընդմեջ կատարի տարեկան 100-120 ժամ թռիչք։ Թռիչքային ժամի միջին արժեքը կազմում է մոտավորապես 40 հազար ԱՄՆ դոլար, 5 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ է իրականացնել ինքնաթիռների միջին նորոգում, որը մոտավորապես կարժենա ինքնաթիռի գնի մոտավորապես 30-40%-ը, իսկ 10 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի իրականացնել հիմնանորոգում և արդիականացում, որը կկազմի ինքնաթիռի գնի մոտավորապես 50-60%-ը։

Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնաթիռների ձեռքբերման, պահպանման և շահագործման համար 10 տարում մենք կծախսենք ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար։

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև ինքնաթիռների կիրառման արդյունավետությանը կամ առհասարակ՝ հնարավորություններին։

Ժամանակակից աշխարհում հարվածային ինքնաթիռը հանդիսանում է հետախուզահարվածային համալիրի ընդամենը մի տարրը։

Հետախուզահարվածային համալիրների հետախուզական տարր են հանդիսանում ամերիկյան E-2 «ՀՈԿԱՅ», E-3 «ՍԵՆՏՐԻ», թուրքական E-7, չինական KJ-2000, ռուսական A-50 և այլ «հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման (AWACS)» ինքնաթիռները (տե´ս ինքնաթիռների լուսանկարները), որոնց գինը տատանվում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։ Նշված ինքնաթիռերի խնդիրն է հակառակորդի օդային և ցամաքային տարածքի հետախուզությունը և թիրախների հայտնաբերումը, տեղեկատվության փոխանցումը ԶՈւ ղեկավարման կետերին՝ դրանց վրա ուղղելով հարվածային ինքնաթիռները։

Ելնելով այն իրողություններից, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորությունները և օդային տարածքների չափերը թույլ չեն տալիս ունենալ հետախուզական նման համակարգեր, որոնք կուղղորդեն հարվածային ինքնաթիռներին՝ պետք է արձանագրել, որ «Սու-30 ՍՄ» կործանիչները հետախուզահարվածային համալիրի մաս չեն և չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, միաժամանակ, հեշտ խոցելի թիրախ են հանդիսանում։

Ամփոփելով, կարող ենք վստահորեն նշել, որ ի սկզբանե պարզ էր՝ «Սու-30 ՍՄ» ինքնաթիռների շահագործման ու պահպանման ֆինանսական բեռը ՀՀ պետական բյուջեի վրա կազմում է տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար, միաժամանակ, դրանք գտնվում են հակառակորդի խոցման տիրույթում, իսկ լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում կկարողանան իրականացնել խիստ սահմանափակ խնդիրներ, եթե մինչ այդ չխոցվեն հակառակորդի ՀՕՊ ուժերի կողմից։

Եվ ի վերջո, հաշվի առնելով վերոգրյալ բոլոր հանգամանքները՝ ՀՀ օդային տարածքի չափերը, մեր բոլոր օդանավակայանների խոցելիությունը, ինքնաթիռների խիստ սահմանափակ կիրառությունը, շահագործման և պահպանության մեծ ծախսերը, ի սկզբանե ակնհայտ էր, որ մենք չենք կարողանալու կիրառել այդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ։

Հետևաբար, դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ Գագիկ Ասլանյանը պիտի պատասխան տան, թե ինչ հաշվարկներով է իրականացվել «Սու-30 ՍՄ» ինքնաթիռների ձեռքբերումը, որոնք կիրառելի չէին լինելու պատերազմական դրության ժամանակ, բայց ՀՀ պետական բյուջեի վրա տարեկան ծախսը կազմելու էր մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30