44-օրյա պատերազմը և դրանում մեր պարտությունը՝ որպես խոր ճգնաժամ, բազմաթիվ մարտահրավերներ ստեղծեց մեր ազգի և պետության համար. Հայաստանի և Արցախի ժողովրդի և պետության անվտանգությունից և ապահովությունից մինչև արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդասիրական և վստահության խնդիրներ: Թեպետ անկոտրում ենք՝ դրանք հաղթահարելու և առաջ շարժվելու հարցում, միաժամանակ գիտակցում ենք, որ այդ նպատակին հասնելու համար մեր միջոցները սահմանափակ են, բայցև վատնելու իրավունք և ժամանակ չունենք:
Բազմաթիվ այս մարտահրավերները, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած շատ ծանր են, կարող ենք հաղթահարել միայն այն դեպքում, եթե ազնվորեն և անթաքույց դիմագրավենք դրանք և գործենք մարդկանց խնդիրները նրանց մարդկային արժանապատվության հանդեպ պատասխանատվության գիտակցության հիման վրա: Ստեղծված իրավիճակի գիտակցումն առանձնապես ցավոտ է հիմա, երբ պարզ է դարձել, որ նշված բոլոր այդ խնդիրներից կարելի կլիներ խուսափել, եթե միայն բավականաչափ ազնվություն և արիություն ցուցաբերած լինեին թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունները և դրանց ղեկավարները:
Ստորև ձևակերպում ենք բազմաթիվ խնդիրներից ամենահրատապները, որոնք, մեր համոզմամբ, սահմանափակում են ճգնաժամերի երկարաժամկետ լուծումների մեր կարողությունը, որպեսզի Հայաստանում և արտերկրում վերականգնվի մարդկանց վստահությունը պետության հանդեպ՝ հավատն առ այն, որ վերջինս նպատակ ունի վերականգնվել որպես լիարժեքորեն ինքնիշխան, իրավունակ և ժողովրդավար պետություն, որը բավականաչափ զորեղ և արդյունավետ կլինի, պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորելու նրանց իրավունքներն ու բարօրությունը, և ապահովելու պետության, նրա քաղաքացիների երկարաժամկետ և կայուն զարգացումը:
1.Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և մենք ողջունում ենք բոլոր այն երկրների եւ, մասնավորապես, Ռուսաստանի ջանքերը, որոնք ուղղված էին հրադադարի հաստատմանը: Այժմ, երբ հրադադարը գործում է, Հայաստանի իշխանությունները, Կառավարությունը, Ազգային ժողովը պարտավոր են ապահովել այնպիսի վերջնական պայմանագրի կնքումը, որը բավականաչափ արդյունավետ և հաշվետու մեխանիզմներ կպարունակի խաղաղության և անվտանգության երաշխավորման համար: Պայմանագրով պետք է հստակեցվեն Արցախում ապրող եւ Արցախ վերադարձող մարդկանց իրավունքների ապահովման մեխանիզմները, ինչպես նաև՝ այդ իրավունքների խախտումներին հակազդելու և դրանց հետևանքները վերացնելու մեխանիզմները: Պայմանագրի գործունակ լինելու կարեւոր և անհրաժեշտ պայման է նրա միջազգային ճանաչումը, այն պետք է վերահսկվի միջազգային ամենաբարձր մակարդակով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դրան հասնելու համար կառավարությունը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրի և կատարի քայլեր, որպեսզի վերջնական խաղաղության բանակցություններին ներգրավվի այն մարմինը, որն այդ նպատակի համար լիազորվել է միջազգային ամենաբարձր կառույցի՝ ՄԱԿ-ի կողմից: Դա ՄԱԿ-ից բանակցությունների միջնորդության մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Կարդացեք նաև
2.Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի իրագործած ագրեսիայի հետևանքով խախտվել են տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքները. նրանց կյանքը վտանգվել է ռումբերի և այլ զինամթերքի՝ ներառյալ միջազգային իրավունքի նորմերով արգելված զենքի կիրառությամբ անդադար հասցված հարվածների հետևանքով: Խախտվել է նրանց տների, տնտեսությունների եւ անհրաժեշտ ենթակառուցվածանքների անձեռնմխելիությունը: Պատերազմի պայմաններում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պատճառով կրկնակի վտանգվել է նրանց առողջությունը: Մարդասիրական միջազգային իրավունքի եւ ավանդութային նորմերի բազմաթիվ խախտումներ են կատարվել մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Պղծվել են դիակներ, խոշտանգվել եւ բազմազան եղանակներով նվաստացվել են ռազմագերիներ: Հայաստանի կառավարությունը պարտավոր է մշակել և ընդունել այդ խախտումների հետևանքներին հետամուտ լինելու ծրագիր, որպեսզի իրավունքները, հնարավորության դեպքում, վերականգնվեն, իսկ մեղավորները կանգնեն արդարադատության կամ այլ օրինական պատասխանատվության առջև: Այս նպատակով Հայաստանի կառավարությունը պետք է սերտ համագործակցի միջազգային կառույցների հետ պատերազմական գործողությունների ժամանակ պատերազմական հանցագործությունների փաստերով միջազգային քրեական արդարադատություն իրականացնելու նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը պետք է հստակորեն ձևակերպի եւ հայտարարի, թե ինչ աջակցություն է իրեն անհրաժեշտ քաղաքացիներից, քաղաքացիական հասարակության և սփյուռքի հաստատություններից, և, թե՝ միջազգային որ կառույցներին են հասցեագրվելու գործադրվող ջանքերը:
3.Մենք շարունակում ենք գտնվել համավարակի մեջ. հազարավոր մարդիկ չունեն ոչ միայն անհատական պաշտպանիչ միջոցներ, այլև՝ կենցաղային պատշաճ պայմաններ և միջոցներ: Սա ագրեսորի գործողությունների հետևանքով բարդացած եւ խորացած մարդասիրական ճգնաժամ է: Կառավարությունը պարտավոր է ձևավորել մարդասիրական կառույցների հնարավորինս լայն շրջանակ, ներգրավել տարբեր միջազգային կառույցների՝ առողջապահական և մարդասիրական ճգնաժամին միասնաբար հակազդելու նպատակով։ Այս նպատակով կառավարությունը հրատապ պետք է դիմի բոլոր հնարավոր միջազգային եւ օտարերկրյա հաստատություններին տեխնիկական եւ մարդասիրական բոլոր հնարավոր օժանդակությունների խնդրանքով, ջանքերով եւ բանակցություններով:
4.Հանրության շրջանում կառավարության ունեցած երբեմնի բարձր վստահությունը խստորեն սասանված է. դրա պատճառներից հիմնականն են արդյունավետ կառավարման անկարողությունը, առաջնորդության, նախաձեռնողականության եւ պատասխանատվության ակնհայտ դեֆիցիտը և հաշվետու գործելակերպի բացակայությունը: Թեպետ վերոհիշյալ ճգնաժամերի և առկա քաղաքական ուժերի նկատմամբ հանրային ցածր վստահությանը, ստեղծված իրողության պայմաններում ընտրությունների միջոցով քաղաքական պատշաճ անցում ապահովելու համար ժամանակ և հնարավորություններն առկա չեն։ Գործող կառավարության ողջամիտ պարտավորությունն է նման գործընթացի սկսելը, մասնավորապես՝ առաջին հերթին հայտարարելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին հասնելու նախապատրաստման ծրագրի մասին, որը կներառի ժամկետները, օրենսդրության և իրավանորմերի վերջնամշակումն ու ընդունումը՝ երաշխավորելու համար հնարավոր ամենածավալուն հանրային վստահությունն այդ քաղաքական գործընթացի նկատմամբ ազատ և արդար ընտրությունների երաշխավորման նպատակով։
5.Հաշվի առնելով այս պատերազմի եւ նախընթաց տասնամյակների ծանր դասերը, իշխանությունները պարտավոր են հրատապ կերպով ձեռնարկել երկրի կենսագործունեության ոլորտների ինքնաբավության, այդ թվում, ժողովրդագրական, գիտական, կրթական, արդյունաբերական, ռազմական, պարենային, էներգետիկ, քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքային համակարգերի անվտանգության և զարգացման հայեցակարգերի և ռազմավարությունների մշակման գործընթաց: Այդ հայեցակարգերի եւ ռազմավարությունների մշակման և ձեւակերպման առավել արդյունավետության համար իշխանությունը պարտավոր է ապահովել մասնագիտական լայն շրջանակների ներառականությունը և կարողությունների ներգրավումը:
26 նոյեմբերի, 2020 թ.
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ