Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկները միայն կանանց համար չեն. որոշները խորհրդանշում են ուժ եւ առնականություն

Նոյեմբեր 26,2020 18:25

Մի խելոք մարդ ասել է, որ ծաղիկները բնության բանաստեղծություններն են: «Ծաղիկները ծաղկում են բոլորի համար, ովքեր ուզում են դա տեսնել»,- սա էլ 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Անրի Մատիսի ձեւակերպումն է: Բենգալացի բանաստեղծ եւ փիլիսոփա Ռաբինդրանաթ Թագորը հետեւյալ կերպ է արտահայտվել ծաղիկների մասին. «Իհարկե, ես կարող էի յոլա գնալ նաեւ առանց ծաղիկների, բայց դրանք ինձ օգնում են պահպանել իմ անձի հանդեպ սեփական հարգանքը, քանզի ապացուցում են, որ ոտք ու ձեռքս կապված չեն միայն առօրյա հոգսերով: Ծաղիկներն իմ ազատության վկաներն են»:

Տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է գեղեցիկ ծաղիկներ նվիրել սիրելի կանանց, որովհետեւ կանանց դուր է գալիս, երբ հույզերը փոխանցվում են ծաղիկների լեզվով: Ոմանք էլ կարծում են, որ անիմաստ է ծաղիկների վրա գումար ծախսելը ու նախընտրում են այլ «ձեւաչափով» նվերներ՝ գրքերից մինչեւ ադամանդակուռ զարդեր, ավտոմեքենա ու բնակարան: Բարեբախտաբար, ռոմանտիկ կանայք ու այդպիսի տղամարդիկ մեծ թիվ են կազմում, եւ բնավ դեմ չեն առանց առիթների եւս ծաղիկներ նվիրել ու ստանալ: Գեղեցիկ ձեւավորումներով փնջերը միշտ էլ աչք են շոյում, բայց ամեն դեպքում, ցանկալի է, որ ծաղիկներ նվիրելուց առաջ հաշվի առնվեն այն մարդկանց նախասիրությունները, որոնց նվիրվում են ծաղիկները: Հատկապես որ, ամեն ծաղիկ մի խորհուրդ ունի:

Մերլին Մոնրոյի լուսանկարը՝ Մոնրոյի ֆեյսբուքի պաշտոնական էջից

Կարծիք կա, որ ծաղիկներ կարելի է նվիրել միայն կանանց, սակայն ֆլորիստները «կոտրում» են այդ միֆը: Խմիչքից, շոկոլադից, տարատեսակ թանկարժեք նվերներից բացի՝ ծաղիկներ կարելի է նվիրել նաեւ տղամարդկանց, նրանք եւս արժանի են դրան: Բացի այդ՝ գեղեցիկը գնահատելու ունակությունը սեռի հետ կապ չունի:

Ըստ ֆլորիստների՝ տարբեր աղբյուրներում տարածված կարծիքների, «տղամարդկային» ծաղիկների ցանկում, ի թիվս այլ բույսերի, նաեւ հետեւյալներն են՝ վարդ, մեխակ, գեորգինա, քրիզանթեմ, գլադիոլուս, դելֆինիում, խոլորձ, նարգիզ…

Ընդ որում, ասում են, որ տղամարդկանց նախընտրելի է նվիրել մուգ գույնի վարդեր, որոնք խորհրդանշում են հարստություն, արժանապատիվ կյանք, հաջողություն:

Մեխակների զուսպ փունջը նույնպես ընդունելի է տղամարդկանց համար, մեխակները խորհրդանշում են հստակություն, ուղղամտություն: Գեորգինաների փունջը երախտագիտության եւ կենսաուժի ցանկության մաղթանք է ամփոփում, իսկ քրիզանթեմ նվիրում են այն տղամարդկանց, որոնք հեղինակություն են ընկալվում նվիրողի կողմից եւ նրան պատկառանք ներշնչում:

Խոլորձ նվիրում են այն տղամարդկանց, որոնք հիացմունքի են արժանի, խոլորձը նաեւ շքեղության ու բարեկեցության խորհրդանիշ է, գլադիոլուս նվիրում են ուժեղ, հաջողակ, հասուն տղամարդկանց, այս բույսը խորհրդանշում է առնականություն, եղբայրության զգացումներ եւ հավատարմություն:

Դելֆինիումը որքան էլ քնքուշ է արտաքինից, միեւնույն ժամանակ «տղամարդկային» ծաղիկ է: Կոմպոզիցիաներում օգտագործվում են դելֆինիումի սպիտակից մինչեւ մանուշակագույն երանգները: Ասում են՝ տղամարդուն դելֆինիում նվիրող կանայք ռոմանտիկ հարաբերությունների ակնկալիք ունեն նրանից:

Չնայած նարցիսները ասոցացվում են հունական դիցաբանությունից հայտնի ինքնասիրահարված Նարցիսի պատմության հետ, ֆլորիստների կարծիքով, նման փունջը իդեալական տարբերակ է հատկապես ծննդյան օրերին տղամարդկանց նվիրելու համար: Դրանք խորհրդանշում են ազնվություն, սեր եւ հավատարմություն:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մարտիրոս Սարյանի «Ծաղիկները» աշխատանքի նկարը՝ www.wikiart.org-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30