Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների հարազատներ․ զինծառայողների հանգստի կազմակերպման և ապահով կացության հետ կապված կազմակերպչական բացեր են առկա

Նոյեմբեր 26,2020 18:10

Պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքվել էին նաև զինծառայողների հարազատները։ Մանուկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զինծառայողների հետ շփվելու ընթացքում ստանում են նույն հաղորդագրությունները, որ այս պահին պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի կազմակերպման և ապահով կացության հետ կապված կազմակերպչական բացեր են առկա։

«Մենք գրավոր առանձնացրել ենք մի քանի կետեր։ Շատ զինծառայողներ շատ տարբեր զորամասերից, հիմնականում՝ Պաշտպանության բանակի զորամասերից, հասկանալի է, որ մշտական տեղակայման վայրեր չունեն կամ ռմբակոծված են, բայց 16-17 օրը բավականին շատ ժամանակ է հասարակ, տարրական պայմաններով զբաղվելու համար։ Զինվորները քնում են գետնին, առանց վերմակի։ Յուրաքանչյուր զինվոր կարծես թե ինքն է իր համար պատասխանատու, այսպես ասած՝ ճարի իր համար ինչ-որ մի բան, ադեկվատության սահմաններում։ Սակայն, բժշկական կամ այլ տեսանկյունից աբսուրդ է։ 16-17 օրում որևէ ձև, որևէ կերպ հնարավոր է կազմակերպել զինվորների հիգիենայի ապահովումը։ Մյուսը՝ շատ զինվորներ թեթև կամ քիչ նկատվող վիրավորում ունեն, որը բնականաբար, անհամեմատելի է ծանր վիրավորումների հետ, բայց այդ զինվորները ևս հնարավորություն չունեն բժշկական աջակցություն կամ ստուգում ստանալու։ Նույն դեպքում՝ զինվորները շարունակաբար քնել են դրսում, եթե պատերազմը շարունակվեր ևս մի քանի տարի այդ ֆոնին զինվորը կամ ծնողը չէր մտածի, որ ցուրտ է, որ մրսում են, որ թոքաբորբ են, հազում են։ Ես իմ հարազատի հետ խոսում եմ՝ 10 բառից 8-ը հազում է»,- ասաց նա։

Մանուկ Խաչատրյանը նշեց, որ տեղեկատվությունը ստացել են տարբեր զինծառայողներից։ Եվ իրենք ներկայացնում են, որ լսել են, որ բանակում առկա են նման խնդիրներ:

«Մենք լսել են տարբեր խնդիրներ մեր իսկ հարազատներից։ Այսքան մարդ հավաքվել է այստեղ, շատ մարդիկ էլ չեն կարողացել գալ։ Բոլորն էլ լսել են իրենց հարազատից, ոչ մեկս այս վատ վիճակում ցանկություն ու նպատակ չունի գալ և իրավիճակը ապակայունացնել, կամ անիմաստ բողոքում ենք ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ։ Ձեր հարցերը տեղին են, թե արդյոք արվել է հետազոտություն, ներողություն մի քիչ էլ հեգնանքով այդ մասը ասեմ։ Շատ դժվար է հիմա հետազոտություն անել, գնալ զորամաս, նկարել։ Կան հստակ մարդիկ, որոնք իրենց հարազատին ճանաչել են տեսանյութի մեջ, թե ինչպես են գետնին քնում և այլն։ Չենք կարող ասել, թե 100 տոկոսով հավաստի են, թե չէ։ Բայց կոնկրետ x, y, z տեսանյութերը հավաստի են»,- նշեց նա։

Զինծառայողի մայր Լուսինե Հարոյանին էլ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ զինծառայողները գետնին են քնում՝ լավագույն դեպքում դպրոցներում և մանկապարտեզներում․ «Շատ երեխաների հիմա տանում են դիրքեր փորելու, տանում են նորից մարտական հերթապահության, տանում են կրակային դիրքեր։ Նախ, մի բան եկեք հստակ հասկանանք, որ ըստ ստորագրված պայմանագրի այնտեղ կա կետ, որ ռուսական զորքի տեղակայմանը զուգընթաց, հայկական զորքը պիտի դուրս բերվի։ Բայց առայժմ ո՛չ պաշտպանության նախարարությունը, ո՛չ Արցախի պաշտպանության բանակը որևէ հստակ պատասխան չեն տալիս, մենք շատ ենք դիմել իրենց այդ հարցով։ Անգամ չեն տալիս պատասխան՝ դուրս բերվելո՞ւ է, թե՞ դուրս չի բերվելու»։

Նրան նաև մտահոգում էր այն հանգամանքը, որ զինծառայողներին տանում են խրամատներ փորելու։ «Գոնե չի կարելի՞ ինչ-որ տեխնիկա տրամադրել, որպեսզի այդ արհավիրքով անցած 18-20 տարեկան երեխաները հիմա էլ չգնան բանվորություն ու շինարարություն անեն։ Որքանո՞վ է դա արդարացի»,- ասաց նա՝ հավելելով, որ իր որդուն ուղարկել է ծառայության և ոչ պատերազմի։

Հավաքվածները իրենց դիմումը ներկայացրեցին ՊՆ ներկայացուցչին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30