Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի վրա կախված է Թուրքիայի վտանգը. մեր սահմանների մոտ պրոֆեսիոնալ ահաբեկիչներ կան». Իգիթյան

Նոյեմբեր 26,2020 16:56

«Այսօր աշխարհում միայն մեկ անձ է ասում, որ Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել: Դա ամեն օր 20 անգամ ասում է Իլհամ Ալիեւը, որովհետև ինքը գիտի, թե ինչ է նշանակում Հաագայի 1907թ. պատերազմի եւ ցամաքային զորքերի մասին կոնվենցիան…«Լուսավոր Հայաստանն» ունի շատ լավ միջազգային իրավաբան պատգամավոր: Նրան հարցրեք՝ կարելի՞ է այդ հայտարարությունը համարել կապիտուլյացիա»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստանին»՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

ԼՀ-ից Գեւորգ Գորգիսյանն ավելի վաղ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիա էր անվանել:

Հովհաննես Իգիթյանը, սակայն, կարծում է, որ չի կարելի այն անվանել նման կերպ, որովհետեւ թշնամին լսում է. «Դա կապիտուլյացիա չէ, դա շատ վատ հայտարարություն է, որը ուժային ձեւով պարտադրվեց: Դա անորոշ հայտարարություն է, եւ հակառակորդն այդ անորոշությունն արդեն օգտագործում է իր օգտին: Ըստ մեր միջազգային գործընկերների՝ այսօր Հայաստանի վրա կախված է Թուրքիայի վտանգը»:

Նկատի ունենալով ռազմական դրությունը չեղարկելու ընդդիմության պահանջը՝ Հովհաննես Իգիթյանը շեշտեց. «ՌԴ-ի մեր բարեկամներն ասում են, որ նման վտանգ Հայաստանը վերջին անգամ տեսել է ցեղասպանության ժամանակ: Իսկ մենք այստեղ ասում ենք, թե որեւէ վտանգ չկա, թե պատերազմն ավարտվել է: Ամբողջ աշխարհում այս վտանգը տեսնում են, եւ դրա հիման վրա պատրաստվում են բանաձևեր, որոնցում պետք է նշված լինի Թուրքիայի լկտի, ապօրինի, ագրեսիվ պահվածքը հայերի հանդեպ: Նման իրավիճակում այս ամբիոնից պետք է ուղերձ հղվի՝ ժողովուրդ, այն վտանգը, որում Հայաստանն է հիմա գտնվում, նույնիսկ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Հունաստանում չկա»:

Իգիթյանն ահազանգեց, որ ՀՀ-ի սահմանների մոտ պրոֆեսիոնալ ահաբեկիչներ կան. «Բոլորս ահաբեկչության վտանգի տակ ենք: Ունենք մոտ 500 կմ բաց սահման դրանց համար: Թուրքիայի սահմանը, որը եթե ժամանակին համարում էինք հայ-ռուսական պաշտպանությամբ երաշխավորված, այսօր կասկածներ կան, որովհետեւ թուրքական զորքերի մեծ կուտակումը Նախիջեւանում եւ ամբողջ սահմանին դուրս է սահմանապահի հնարավորությունից: Իսկ դուք ասում եք, որ այդ վտանգը չկա: Անգամ մենք պատկերացում չունենք, թե այս փոփոխված իրավիճակը, որում հիմա գտնվում է Արցախը, ինչ նոր մարտահրավերներ ու վտանգներ ունի ՀՀ-ի համար: Եռակողմ հայտարարության որոշ կետեր արդեն խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Թուրքիան փաստաթղթի կողմ չէ, բայց ասում է, թե պետք է մտնի Արցախ: Այդ խախտումների պարագայում դուք կարծում եք, որ 1960 ռուս խաղաղապահները կարող են չեզոքացնե՞լ վտանգը…Բա մեր բանակը մարտական իրավիճակում չլինի՞, որ խախտումներին օպերատիվ արձագանքի»:

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ այն ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել: Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30