«Նոր արտգործնախարարն այսօր մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել: Ես ոչ մի հույս չեմ կապում հայկական դիվանագիտության հետ, որի ղեկավարը այդ ԱԳ նախարարն է: Նա հայտարարել է, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ թե դիվանագիտության: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսում է այն ժամանակ, երբ որ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք, սպասում չունեմ կոնկրետ իրենից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այդ նախարարը մի շաբաթ կաշխատի, թե չէ՝ չգիտենք:
ՌԴ նախագահն ասել էր, որ Հայաստանի կողմից Արցախը չճանաչելը կարեւոր գործոն էր, ուստի Aravot.am-ի հարցին՝ չկա՞ այստեղ նաեւ խորհրդարանականների դերը, որովհետեւ մի պահ օրակարգ կարծես մտավ, բայց հետո չգնացիք այդ ուղղությամբ՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես 8 տարի է՝ պատգամավոր եմ, 8 տարվա մեջ տիկին Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել էր ճանաչել Արցախի անկախությունը, մեզ ասվել է off the record, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են: Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխան են տվել: Ապրիլյան պատերազմ է եղել, էլի առաջարկել ենք, էլի ասել են՝ համանախագահները դեմ են: Հետեւաբար այդ հարցը խնդրում եմ տալ վերջին տարիների բոլոր իշխանություններին, ոչ մեկը Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունը չի մեկնաբանել»:
Մարուքյանն ասաց, որ վերջին պատերազմի ընթացքում տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրեն են դիմել՝ Արցախի ճանաչման հարցով լսումներ անելու, ինքն էլ դիմել է Արարատ Միրզոյանին, պատասխանը եղել է հետեւյալը՝ շատ լավ առաջարկ է, բայց կարող է խանգարենք պատերազմին, հլը սպասենք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ