Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախցիները վերադառնում են հայրենիք. «Եթե մենք Ղարաբաղ չգնանք, դա լրիվ մեր պարտությունը կդառնա»

Նոյեմբեր 26,2020 16:22

Պատերազմի օրերին Լոռու մարզում ապաստան գտած արցախցիները վերադառնում են իրենց տները: Այսօր վաղ առավոտյան նրանց հերթական խումբը բռնեց դեպի հայրենիք վերադարձի ճանապարհը:

66-ամյա Վլադիմիր Ավշարյանը Վանաձոր է եկել հոկտեմբերի 14-ին: Մինչ այդ մի ամբողջ կյանք ապրել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղում: Ծնվել, ապրել ստեղծել ու արարել է հենց այդտեղ, սակայն մոտ 2 ամիս առաջ ամեն ինչ հավասարվեց հողին: Գյուղն էլ հանձնվեց թշնամուն: Բայց, ինչպես ինքն է ասում՝ տղերքի արյունով պահածը պետք է իրենք էլ պահեն, այդ իսկ պատճառով այսօր վերադարձավ տուն: Սկզբնական շրջանում կապրի աներոջ տանը՝ Հերհեր գյուղում, հետագայի մասին խոսել դժվարանում է, ժամանակը ցույց կտա:

Հիմա հույսը ռուսի հետ է կապում. «Ռուսական բանակը, որ գտնվում է Ղարաբաղում, ես կարծում եմ, որ եթե ղարաբաղցիներին Ռուսաստանի քաղաքացիություն տան, այդ դեպքում եւ՛ Ղարաբաղը կլինի ապահով, եւ՛ Հայաստանը: Կամ պետք է Ղարաբաղի անկախությունը լինի»:

 

Վլադիմիրի կինը՝ տիկին Արեգակը, որ աշխատում էր գյուղի դպրոցում, շարունակում ամուսնու խոսքը: Սակայն, ի տարբերություն Վլադիմիրի, մտավախություն ունի հետագա կյանքի հետ կապված. «Հիմա գնում ենք Ղարաբաղ, բայց չգիտենք, թե գլխներիս ի՞նչ կգա, ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ, եղբորս տուն ենք գնում: Կտեսնենք, թե մյուսներն ինչ կանեն, մենք էլ՝ նույնը: Մեր ձեռքին ի՞նչ կա: Բայց հայաստանցիներից շատ գոհ ենք գնում»:

Վերադարձողներից Մելինե Ներսեսյանը վստահ է՝ Արցախը կրկին լինելու է նախկինի պես՝ ազատ ու անկախ: Թուրքի հետ կողք-կողքի ապրելուց էլ չի վախենում: Իսկ առաջին հերթին շնորհակալ է բոլոր այն անձանց, որոնք Հայաստանում ձեռք են մեկնել իրենց ու կացարան տրամադրել: Հիմա ոգեւորությամբ վերադառնում է Արցախ. «Այն հույսերով ենք գնում, որ ամեն ինչ անենք, ստեղծենք ու ապրենք մեր Արցախում: Թուրքի աչքն էլ հանելով՝ ապրելու ենք»:

Արցախ մեկնող ավտոբուսում էր նաեւ Նաիրուհին: Երեք անչափահաս երեխաների մայրը երկու ամիս է, ինչ Լոռիում է: Պատերազմի սկզբի օրերից 20 օրական նորածնի հետ վերցրեց նաեւ մյուս երկու փոքրիկներին ու եկավ Հայաստան: Մարզի Թումանյան համայնքում է ապրել, իսկ այսօր որոշել է վերադառնա տուն: Ամուսինն Արցախում է: Տունն ու գյուղը, որտեղ ապրել են մինչ պատերազմը, այլեւս չկա: Պատրաստվում են Ստեփանակերտում բնակություն հաստատել, վարձով տուն կվերցնեն, կաշխատեն, մինչեւ, որ փորձեն կրկին տուն ու տեղ ստեղծել. «Եթե մենք Ղարաբաղ չգնանք, դա լրիվ մեր պարտությունը կդառնա: Մեր հաղթանակը դրանով է որոշվում: Արցախցին, որ գնում է Արցախ, դա արդեն հաղթանակ է»,- ասում է Նաիրուհին:

Այսօր հայրենիք վերադարձավ շուրջ 50 արցախցի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30