«14-16 օրը բավարար ժամանակ էր, որպեսզի զբաղվեին զինվորների տեղակայման պայմաններով: Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի, բժշկական տեսանկյունից աբսուրդ է, 14-16 օրում հնարավոր է կազմակերպել զինվորների հիգիենայի ապահովումը: Երբ զինվորը բողոքում է առողջությունից, անտեսում են, ասում են՝ բժիշկ չկա, սպասեք, տեսնենք ինչ է լինում»,-այսօր պաշտպանության նախարարության մոտ կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ ասաց Մանուկ Խաչատրյանը, որը նախաձեռնություն է ստեղծել ժամկետային զինծառայողների հետպատերազմյան խնդիրները բարձրաձայնելու համար:
Նա նույնպես զինծառայողի հարազատ է: Մանուկ Խաչատրյանն ասաց, որ խնդիրների առաջ են կանգնել Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Հադրութի զորամասերի զինվորները:
Զինծառայողի մայր Լուսինե Հարոյանն ասաց, որ այդ շրջաններում տեղակայված զորամասերի երեխաներին դուրս են բերել եւ տեղափոխել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ տեղավորելով լավագույն դեպքում՝ դպրոցներում. «Այնտեղ չեն կարող լինել անկողիններ, կարող են լավագույն դեպքում լինեն քնապարկեր եւ տրամաբանական է, որ նրանք քնում են գետնին: Մեկի ծունկն է ցավում մեկի՝ երիկամը, մյուսը արյուն է թքում: Շատ երեխաների տանում են խրամատներ փորելու, մարտական հերթապահության եւ կրակային դիրքեր, գոնե տեխնիկա տրամադրեն»:
Լուսինե Հարոյանն ասաց, որ ստորագրված հայտարարության կետերից մեկն այն է, որ պետք է հայկական զորքը դուրս բերվի, բայց առայժմ ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Արցախի պաշտպանության բանակը, որեւէ հստակ պատասխան չեն տալիս. «Հաշվի առեք այդ երեխաների վիճակը: 18-20 տարեկան երեխաներ, որոնք դպրոցը նոր ավարտել են: Նրանք 44 օր անցել են դժոխքի միջով: Այդ երեխաները տեսել են իրենց դպրոցական ընկերների մահը: Որքանո՞վ է ճիշտ, որ հիմա էլ նրանց տանում են բանվորություն անելու: Եվ ի վերջո, զինկոմիսարիատն իր վրա է վերցրել մեր երեխաների առողջության վերաբերյալ հարցերը, բայց դա էլ չեն անում: Զինծառայողն ատամի ցավ ունի, ասում են՝ պիտի դիմանա»:
Կարդացեք նաև
Ծնողներից մեկն էլ ասաց, որ մեկ ամսվա ծառայող երեխաները պատերազմի օրերին դիրքերում են եղել եւ այժմ բոլոր այդ երեխաները գտնվում են անկայուն հոգեվիճակում ու հյուծված: Տիկնոջ խոսքով, իրենք պետական ատյաններից ոչինչ չեն ուզում եւ պատրաստ են սեփական միջոցներով իրենց երեխաներին տանեն բուժզննման: Այսինքն՝ հետպատերազմյան արձակուրդ են պահանջում: Նա պահանջեց ապահովել 15-օրյա ժամկետ, որպեսզի ծնողները կարողանան իրենց երեխաներին «կարգի բերել»:
Ծնողներն ասացին՝ դեմ չեն, որ զինծառայողները պահեն այդ դիրքերը, որպեսզի չզիջեն ադրբեջանցիներին, բայց հստակեցում պահանջեցին՝ ինչ ուժեր պետք է տեղակայվեն՝ սահմանապա՞հ, պայմանագրային, թե՞ մեկ այլ:
Ծնողները պաշտպանության նախարարության ներկայացուցչին փոխանցեցին դիմում, որտեղ արտացոլված են զինվորների խնդիրները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ