«Որեւէ մեկը չի ասել, թե Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով պետք է բերել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Ըստ նրա, կադրային փոփոխությունները ստեղծված խնդիրները լուծելու համար են ու 6 ամիս ժամանակահատվածը նրա համար է, որ արդյունք ցույց տան, կանցնի վեց ամիսը՝ կտեսնենք, թե ինչքանով էին արդարացված այս կադրային փոփոխությունները:
Aravot.am-ը հարցրեց՝ ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս, դուք տեսնում եք, որ ձեր իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում՝ կրթություն, արտաքին հարաբերություններ, առողջապահություն, տնտեսություն ու կադրերը զուտ փոխելով՝ քաղաքական գիծը չի փոխվում՝ Թունյանը պատասխանեց. «Ձեր հարցի մեջ պատասխանը կա: Դուք գտնում եք, որ բոլոր ոլորտներում ձախողում է գնացել, մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, այդ սխալները այն աստիճանի չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա»:
Ըստ Թունյանի, տնտեսական ոլորտը չենք կարող ասել, որ ձախողվել է, որովհետեւ տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պատերազմով. «Այսինքն, այստեղ լրիվ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք»:
Թունյանը նշեց, որ մինչեւ պատերազմի սկսվելը Հայաստանում նկատվում էր համաճարակային վիճակի էական բարելավում. «Ես չեմ ասում, որ առողջապահական, մնացած ոլորտներում խնդիրներ չկան: Կան, շատ խնդիրներ կան, թերացումներ կան, բայց չեմ կարծում, որ այդ թերացումներն այն աստիճանի են, որ պետք է մենք հենց հիմա ամբողջ կազմով հեռանանք ու ուրիշներին ասենք՝ եկեք, տեսեք ինչ եք անում»:
Կարդացեք նաև
Լրագրողների զարմանքին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդեն բավարար չէ՞՝ Արցախի հողերը հանձնելու, դա լակմուսի թուղթ էր՝ Թունյանը արձագանքեց. «Եթե ինձ ապացուցեք, հիմնավորեք, ցույց տաք, որ եթե այլ կառավարություն լիներ, մենք այլ արդյունքներ էինք ունենալու ու ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ պատերազմել ենք Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, որ մենք 25 տարի սպառազինությամբ, բոլոր առումներով հետ ենք մնացել, եթե ցույց տաք, որ իրավիճակը մենակ կառավարության սխալների հետեւանք է, ու եթե ուրիշ կերպ վարվեր՝ արդյունքը այլ էր լինելու, ես կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»:
Ըստ Թունյանի, պատերազմը մի օր լինելու էր ու ինչքան էլ ռեսուրսները կանխատեսեին, չէին կարող Թուրքիայի մասնակցությունը կանխատեսել: Մեր դիտարկմանը՝ հոկտեմբերի 19-ին կանխատեսելի չէ՞ր Թուրքիայի մասնակցությունը, այն ժամանակ գոնե ավելի լավ պայմաններով կկնքվեր համաձայնագիրը՝ Թունյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետն եկավ ԱԺ ու հարցրեց խորհրդարանականներին՝ հենց հիմա կա պատերազմը կանգնեցնելու ձեւ, հողերը տալու տարբերակով՝ պատգամավորները չհամաձայնեցին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ