Եվրասիական զարգացման բանկի`Երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովի գնահատականներով, ՌԴ-ում կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ավարտից հետո, ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների համար կրկին լայն հնարավորություններ կբացվեն: Կենտրոնի ավագ վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովի կարծիքով սակայն, չի ակնկալվում, որ ռուսական աշխատաշուկայում զանգվածային մշտական աշխատատեղերի համալրում կլինի աշխատանքային միգրանտների կողմից: Խոսքը սեզոնային աշխատանքի մասին է:
«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր կայացած Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Նոր Սուլթան տեսակամուրջի ժամանակ, բանախոսներն, ընդհանուր առմամբ, 2021 թվականի տնտեսական զարգացումների առումով դրական ակնկալիքներ հայտնեցին: Եվրասիական բանկի վերլուծություններով, 2021 թվականին, կանխատեսվում է մեկ բարել նավթի համար 49 դոլար գին, ինչը մասնագետները բավարար են համարում, որ հետզհետե տնտեսության մեջ վերականգնվի վճարունակ պահանջարկը: Հիշեցնենք, մինչեւ կորոնավիրուսի համաճարակը մեկ բարել նավթը միջազգային բորսայում 55 դոլար էր, համաճարակի ժամանակ մեկ բարել նավթի դիմաց առաջարկվում է 40 դոլար:
Ալեքսեյ Կուզնեցովի գնահատմամբ, նավթի գնով պայմանավորված տնտեսական զարգացման միտում նկատելի է Ղազախստանում: Այս երկրի միջոցով դրական միտումը կփոխանցվի նաեւ Տաջիկստանին, Ղրղզստանին ու Հայաստանին: Այս զարգացումը Հայաստանի ՀՆԱ-ի 0,5 տոկոս աճ է ենթադրում:
Եվրասիական բանկի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովն էլ հավելեց, որ Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի համար 2021 թվականը տնտեսական առումով բարենպաստ կլինի նաեւ թանկարժեք մետաղների`ոսկի, պղինձ, գների առումով:
Կարդացեք նաև
Խոսելով կորոնավիրուսի համաճարակի եւ դրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հնարավոր երկարաձգման մասին, բանախոսները տեղեկացրին, որ Եվրասիական բանկը մշակել է նաեւ տնտեսական զարգացման այլընտրանքային ծրագիր: Եվրասիական զարգացման բանկի եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրի ներկայացմամբ, նավթի գինը մեկ բարելի համար, վատագույն դեպքում կարող է կազմել 40-42 դոլար, իսկ ՌԴ-ում եւ Ղազախստանում տնտեսական աճը կկրճատվի համապատասխանաբար, 0,8 – 0,9 տոկոսով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ