«Հարցնում եմ ձեզ՝ որպես իշխանական խմբակցության պատգամավորի: Իշխանությունները, ընդդիմությունը, անհատները ողջունել են տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության առկայության փաստը: Նման պարագայում ինչո՞ւ իշխանությունը վճռական չէ՝ հանելու ռազմական դրությունը: Իշխանությունն ունի՞ մտավախություն, որ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն կարող է չկատարել իր ստանձնած ռազմական պարտավորությունները: Արդյոք իշխանությունը չի վստահո՞ւմ ՌԴ-ին՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին հարցրեց անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Ձեր հարցը չի տեղավորվում քննարկվող նախագծի շրջանակում։ Երեկ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ մենք դեռ ունենք լուծելիք խնդիրներ անվտանգության հետ կապված։ Համապատասխան դրույթների մշակումից եւ դրանք կառավարությանը ներկայացնելուց հետո, ինչպես ԳՇ ներկայացուցիչն է նշել, ռազմական դրության ռեժիմը կդառնա անիմաստ»:
Տիգրան Ուրիխանյանը կրկնեց հարցադրումը. «Արդյոք իշխանությունն ունի՞ մտավախություն, որ ռազմական դրությունը չեղարկելուց հետո հանկարծ ռազմական գործողությունները կշարունակվեն: Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք վերացնում ռազմական դրությունը, որպեսզի մարդիկ կարողանան քաղաքական գործունեություն ծավալել երկրում»։
Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ իշխանությունը, ռազմական ղեկավարությունն ունեն սահմանների անվտանգության եւ հետպատերազմյան խնդիրների լուծման առաջնահերթություններ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ այն ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել: Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ