Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի բնակիչները տարհանվում են անհստակության հիմքով. վարկած կա, որ քաղաքն ադրբեջանցի ղեկավար է ունենալու

Նոյեմբեր 26,2020 15:28

Նոյեմբերի 25-ից սոցցանցում ահազանգեր կան այն մասին, որ Բերձորի բնակիչներին հրահանգել են մինչեւ ամսի 30-ը լքել իրենց տները, քանի որ տարածքը եւս հանձնվում է Ադրբեջանին:

Նշենք, որ դեռեւս նոյեմբերի 11-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ այդ թվում Քաշաթաղի շրջանի բնակիչները թող շտապողականություն չցուցաբերեն եւ իրենց գույքը չհանեն բնակավայրերից, քանի որ «տարածքային զիջումների եւ այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:

Արցախի կառավարությունը, սակայն, այս առնչությամբ հիմա լուռ է, եւ դա այն դեպքում, երբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակիցների «ֆեյսբուքյան» էջերում արձանագրեցինք (կից լուսանկարներում) տեղեկատվությունը՝ բնակիչներին հրահանգել են հեռանալ:

Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ հայերը կարող են բնակվել Բերձորում, սակայն քաղաքի կառավարումն իրականացնելու է Ադրբեջանը, իսկ ճանապարհն օգտագործվելու է Արցախը ՀՀ-ին կապելու համար:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանն իր էջում հրապարակել է շրջանի ԱԻՆ ծառայության պետի մեկնաբանության էկրանապատկերը, որում Քերոբ Մովսեսյանը գրել է՝ «ամսի 30-ին 18:00-ին Բերձորն ազատում ենք» եւ հավելել, որ սա իրենց պաշտոնապես են զգուշացրել:

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ հեռախոսակապ հաստատել չհաջողվեց:

ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ Aravot.am-ին հորդորեց վարչակազմից տեղեկատվություն ստանալ հարցի վերաբերյալ: Հատկանշական է, որ դեռեւս նոյեմբերի 14-ին ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Factor.am-ին ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի ԲերձորՍտեփանակերտ ուղիղ կապ լինի»:

Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում Բերձորի առնչությամբ ամրագրված է հետեւյալը. «Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինի միջանցքով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։ Ադրբեջանի հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների եւ բեռների երկկողմանի տեղաշարժի անվտանգությունը»:

Սոցցանցային քննարկումներում բերձորցիները բարձրաձայնում են, որ իրենց հրահանգել են հեռանալ, որոշներն էլ սպասում են, որպեսզի այդ մասին պաշտոնապես երկրի ղեկավարությունը հայտարարի, քանի որ մինչ այդ գիտեին, թե իրենք չեն լքելու իրենց բնակավայրը: Այս անորոշության մեջ եւս Արցախի պետական կառույցներն այս պահին լուռ են, ինչպես եւ այն դեպքերում, երբ թշնամու զինծառայողները ներխուժում են շփման գծին մոտ գտնվող հայկական գյուղեր, սպառնում եւ ահաբեկում բնակիչներին, թալանում նրանց գույքը, զավթում հողակտորները: Հավելենք, որ Aravot.am-ի տեղեկություններով՝ բերձորցիներն արդեն լքում են քաղաքը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Aravot.am-ին հաջողվեց հեռախոսակապ հաստատել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ:

Պարոն Ալավերդյան, վարչակազմի «ֆեյսբուքյան» էջում երեկ գրառում եղավ, որով հերքվում էին բնակիչների՝ երեք օրում տարհանվելու մասին տեղեկությունները: Ինչո՞ւ հեռացվեց այդ գրառումը:

-Երեկ իրավիճակն այդպիսին էր, դրա համար այդպիսի գրառում եղավ: Հետո իրավիճակը փոխվեց, եւ գրառումը հանեցինք:

Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է, բնակիչները տարհանվո՞ւմ են Բերձորից:

-Այո…

Պատճառաբանե՞լ են, ո՞վ է ասել այդ մասին:

-Ես:

Ձեզ հրահանգել են Արցախի կառավարությունի՞ց:

-Ոչ…

Ի՞նչ պատճառաբանությամբ են բնակիչները լքում տարածքը:

-Անհստակության:

Այսինքն, դեռեւս պարզ չէ՝ տարածքն անցնո՞ւմ է Ադրբեջանի վերահսկողության ներքո, թե ոչ: Ձեզ հրահանգել են տարհանել բնակիչներին, բայց պատճառը չեն ասե՞լ:

-Ոչ, ինձ չեն հրահանգել: Ես շրջվարչակազմի ղեկավարն եմ եւ քաղպաշտպանության պետը եւ ունեմ ըստ իրավիճակի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք:

-Լավ, իսկ հիմնավորումը ո՞րն է բնակիչների տարհանման:

-Այն, որ Բերձորի կարգավիճակը դեռ հստակ չի:

-Մարդկանց տարհանումն իրենց ուժերո՞վ է իրականացվում:

-Ոչ, ինչով որ հնարավոր է՝ օգնում ենք: Հիմնականում վառելիքով, նաեւ մեքենաներ ենք տրամադրում:

-Նաեւ տեղեկություններ կան, որ Բերձորի կառավարումն անցնելու է Ադրբեջանին:

-Այո, ադրբեջանցի ղեկավարին:

-Այսինքն, հայերն ունենալու են Բերձորում ապրելու իրավունք, բայց քաղաքն ադրբեջանցի՞ է ղեկավարելու:

-Դա վարկած է: Հնարավոր է, որ չլինի ադրբեջանական ղեկավարություն, բայց նաեւ հայկական բնակչություն չլինի:

 

Հավելենք, որ խնդրի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «ֆեյսբուքյան» էջում գրել է. «Մինչև ռազմագերիների փոխանակում չլինի, Բերձորից (Լաչին) զորքն ու բնակչությունը չպետք է տեղահանել: Լսու՞մ եք պարտված իշխանություններ: Այդ ինչպե՞ս եղավ, որ Բերձորը հանձնելու ժամանակացույցին հետևողական եք, իսկ ռազմագերիների վերադարձին` ոչ»: ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ գրել է, որ խոսել է ընկերոջ հետ, ով պատրաստվում է տունը քանդել, քանի որ մի քանի օրից Բերձորն անցնում է թշնամուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30