Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը, փոխանակ իր վրա վերցներ պարտության խարանն ու ամոթը եւ հեռանար, փորձում է մեղադրել բոլորին». Գորգիսյան

Նոյեմբեր 26,2020 15:18

«Մենք հույս ունեինք, որ վարչապետը կդրսեւորի բավարար իմաստություն, խոհեմություն եւ իր վրա վերցնելով պարտության խարանը՝ կհեռանա ինքնակամ, կամ գոնե քաղաքական մեծամասնության կողմից կգա ազդակ, որ պատրաստ է այդ գործընթացը սկսել: Հակառակ դեպքում պարտության խարանը սկսում է կրել հասարակությունը, ժողովուրդը, եւ դա հղի է վատ հետեւանքներով»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նրա բնորոշմամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ իր վրա վերցներ պարտության խարանն ու ամոթը եւ հեռանար, փորձում է մեղադրել բոլորին, այդ թվում՝ ԱԺ-ին: Նա մեղադրում է հանրությանը, որ վերջինս պատշաճ թասիբ չցուցաբերեց, մեղադրում է զինված ուժերին, որ լավ չկռվեցին, գեներալներին, որ դավաճանեցին, ԱԱԾ-ին, որ դավաճաններ չբռնեց…նա արժեզրկում է բոլոր կառույցները, միայն թե մնա իր պաշտոնին: Ուստի շարունակում եմ պնդել, որ նա պետք է հեռանա: Հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը դեռ կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել»:

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր պատասխանատվության մասին, ուստի պետք է ազնիվ լինել:

Գորգիսյանն արձագանքեց, որ պատասխանատվությունից խոսելուն պետք է հաջորդեն քայլեր. «Պնդում եմ, որ եթե վարչապետն իրեն պատասխանատու համարեր, պատասխանատվության հետեւանքը պետք է կյանքի կոչեր, պարտության խարանն ու ամոթը վերցներ ու հեռանար՝ թույլ տալով, որ պետությունն ուժ գտնի վերականգնվելու եւ իրավիճակից ուժեղացած դուրս գալու»:

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ այն ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել: Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30