Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում խոսելով «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներից կառավարությանը փոխանցելու մասին՝ ասաց, որ այդ մոտեցումը ճիշտ ու արդարացված է. «Եթե ստիպեինք, որ հիմնադրամն, օրինակ, այդ միջոցներից իքս սպառազինություն գներ, դա անթույլատրելին էր: Հիմնադրամից փոխանցվում է բյուջեին ու կարեւորությունն արդեն ինքն է որոշում»:
Դիտարկմանը, որ քաղաքացիները անհանգստանում են՝ այդ գումարից պաշտոնյաների պարգեւավճարներին կուղղվեն՝ Թունյանը պատասխանեց, որ հիմնադրամի հաշվետվությունը կամփոփվի, նաեւ կհրապարակվի, թե գործադիրն ու պատգամավորները ինչքան պարգեւատրում են ստացել ու իրենց աշխատավարձից պաշտոնյաներն ինչքան են նվիրաբերել. «Այն, որ ներկայացնում են, թե մարդիկ փողն ուղարկել են հիմնադրամին, հիմնադրամից գնացել է պաշտոնյաների պարգևավճարներին՝ դա շահարկում է»:
Լրագրողները փոխանցեցին, որ այսօր փոխվարչապետի գրասենյակից փաստաթուղթ է հրապարակվել, որ պարգեւավճար են ստացել, Թունյանը պատասխանեց, որ 2 հոգի են ստացել փոխվարչապետի գրասենյակից, նրանք Արցախում մասնակցել են գործընթացների, վիրավորվել են ու նրանցից մեկն էլ մինչեւ հիմա բուժման մեջ է, մոտ 90 հոգուց այդ երկուսն են ստացել:
Aravot.am-ի դիտարկմանը, որ մարդիկ, երբ հիմնադրամին փող էին փոխանցում, վստահում էին կառավարությանը, հիմա չեն վստահում, որովհետեւ այս կառավարությունը հող հանձնող է, հիմա ավելի ազնիվ չէ՞ սառեցնել հիմնադրամի միջոցները այս պահին՝ Թունյանը պատասխանեց. «Երբ ասում եք՝ հասարակությունը վստահում է կամ չի վստահում, ինչի՞ հիման վրա եք ասում, կա՞ն վերլուծություններ, պրոֆեսիոնալ հարցումներ, որ հասկանանք՝ հասարակության ո՞ր մասն է վստահում, որ մասը չի վստահում: Չեմ կարծում, որ հիմնադրամի միջոցները պետք է սառեցվեն»:
Կարդացեք նաև
Թունյանն ասաց, որ ինքն էլ տարբեր արձագանքներ է ստանում, որոնք շատ հակասական են ու չի կարող կողմնորոշվել. «Ես անվստահության այնպիսի մակարդակ չեմ զգացել, որ մենք դրա հիման վրա կարողանայինք ինչ-որ եզրակացություն անել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ