Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել 300 հազար բնակչի համար

Նոյեմբեր 26,2020 14:55

Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի իրավիճակը հարաբերական կայուն է, եւ նույնիսկ մի փոքր բարելավված՝ 3-4 շաբաթ առաջվա իրավիճակի համեմատ։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է, երեկվանից չկան ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որոնց հնարավոր չլինի տեղավորել հիվանդանոցներում։

«Հույս ունենք, որ իրավիճակը մոտակա շաբաթներին կպահպանվի՝ ազգաբնակչության օգնությամբ՝ կանոնների պահպանմամբ։ Մտածում ենք ձմեռային սեզոնին պատրաստ լինելու մասին։ Միջազգային ակադեմիական շրջանակներում քննարկումներ կան, որ հնարավոր է անկում լինի եւ կրկին աճ գրանցվի 2-3 ամիս ինտերվալով»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նա անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերմանն՝ ասաց, որ ունեն վճարած կանխավճար եւ դա միջազգային հավաքական գնումների պլատֆորմն է, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ․ «Այստեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ հնարավորություն՝ ապագայում գրանցում ստանալու։ Մոտ տաս թեկնածու կա, եւ որը որ կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերել։ Նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա, ինչպես ամբողջ աշխարհի համար»։

Նա ասաց, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։ Նախարարի խոսքով՝ այսօր աշխարհում, ինչպես նաև ՌԴ-ում կան փորձնական արտադրանքներ, ՀՀ-ն նաեւ ուղիղ բանակցություններ է վարում դրանք ձեռք բերելու համար․ «Բայց այս բոլոր արտադրանքները կան իմ նշած պլատֆորմում, եւ եթե օրինակ՝ ռուսական պատվաստանյութը վերջնական հաստատվի ԱՀԿ-ի եւ պլատֆորմի կողմից, կարող ենք ընտրել նաեւ դա կամ ասենք՝ ամերիկյանը, եվրոպականը՝ որ մեկը կլինի ավելի արդյունավետ եւ ավելի արագ։ Մեր որոշելիքն է, որը ձեռք բերենք»։

Ըստ նախարարի, ձեռք բերվող պատվաստանյութը՝ 300 հազար բնակչի հաշվարկով՝ 600 հազար չափաբաժին է լինելու, քանի որ երկու չափաբաժնով է պատվաստանյութը․ «Դա պահպանողական հաշվարկ է, հաշվի առնելով անորոշությունը, որովհետեւ մենք չգիտենք պատվաստանյութի առկայության պահին դրա իրական պահանջարկը որքան է լինելու տվյալ շրջանում եւ նաեւ հաշվի անելով բնակչության մասնակցությունը պատվաստումներին։ Օրինակ գրիպի դեպքում 180 հազար քաղաքացու համար է, բայց դժվարությամբ ենք սպառում»։

Արսեն Թորոսյանի վստահեցմամբ՝ եթե կորոնավիրուսի պատվաստանյութի պահանջարկն ավել լինի՝ գնման քանակը կավելացնեն։ Սակայն, պատվաստանյութը նախ ստանալու են խոցելի խմբերը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30