Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերին և խնդրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին մանրամասներ ներկայացնել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը զեկուցել է, որ արցախահայության աջակցության մասով այս պահին կա 2 հաստատված միջոցառում: «Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ոնեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով: Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում, և այսօրվանից արդեն վճարումները «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվեն: Համաճարակային կանխարգելման կանոնները պահելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով. մոտ 3000 քաղաքացի առաջին օրը կստանա, հետագայում արդեն, հերթերի իրավիճակը հասկանալով, հնարավոր է ավելի շատ քաղաքացիների յուրաքանչյուր օր տրամադրենք: Դիմումների հոսքը շարունակվում է, մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94.000 քաղաքացի:
Կարդացեք նաև
Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամի չափով: Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումները էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, և 1-2 օրվա ընթացքում յուրաքանչյուր դիմումից հետո նաև կսկսվի այդ գումարների վճարումը:
Այս 2 միջոցառումն է հաստատված, նաև քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, որոնք այս պահին, իրենց բնակավայրերը կորցնելով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաև որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան»:
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու միջոցառումների շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք: «Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի ընդունված 2 միջոցառումներով կարող են հանդիսանալ միջոցառման շահառու: Մենք քննարկում ենք և առաջիկայում կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար: Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները: Այստեղ հիմա ուղղակի նաև հույս ունենք՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որպես ի կարողանանք ծրագիրը ճիշտ նկարագրել, որպեսզի այն ճիշտ գործի: Առաջիկայում նաև, այո, աջակցության ծրագրեր կշարունակեն իրականացվել: Բայց ցանկանում եմ ասել, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն Արցախում: Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը, և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք՝ այդ հարցում նրանց աջակցելու համար», – նշել է վարչապետը:
Կորոնավիրուսային վիճակը հարաբերական կայուն է և մի փոքր բարելավվել է
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և խոսքը փոխանցել առողջապահության նախարարին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով վիճակագրությունը, նշել է. «Այսօր 1785 նոր դեպք ունենք՝ նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Այսինքն՝ հարաբերական կայուն վիճակ ունենք և մի փոքր բարելավված, եթե համեմատենք մոտ 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է: Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք չենք կարողանում տեղավորել: Այսինքն՝ բոլորին տեղավորում ենք և հույս ունենք, որ այս իրավիճակը առնվազն մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի՝ իհարկե, մեր բոլորի, մեր ազգաբնակչության օգնությամբ, որովհետև կանոնների պահպանումը շատ կարևոր է:
Հիվանդանոցները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, դեռ փակելու մասին չենք մտածում: Մտածում ենք արդեն ձմեռային սեզոնին պատրաստ լինելու մասին, քանի որ հիմա էլ քննարկումներ են գնում համաշխարհային ակադեմիական շրջանակներում, որ, այո, հնարավոր է, նորից անկում, բայց կրկին աճ՝ 2-3 ամիս ինտերվալով, և ամեն դեպքում համակարգը մնում է միշտ պատրաստ՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար»:
Աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի միտումների հետ կապված վարչապետը նշել է հետևյալը. «Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Covid-ի հետ կապված զարգացումներն աշխարհում ընթանում են մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ մենք կանխատեսում էինք: Որովհետև վերջնարդյունքում, ըստ էության, եթե ոչ բոլոր երկրները, առնվազն երկրների մի շատ հատված, անկախ կարճ ժամանակաշրջանում եղած արդյունքից, գալու և մոտավորապես նույն արդյունքներն են ունենալու: Օրինակ, կար ժամանակ, երբ Հայաստանը 100.000 բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս: Բայց հիմա երբ վիճակագրությունը նայում ենք, այս ցուցանիշը դառնում է փոխանցիկ: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ Հայաստանն է, ինչ-որ ժամանակ Վրաստանն է, ինչ-որ ժամանակ, ենթադրենք, Իտալիան է, ինչ-որ ժամանակ Բելգիան է, ինչ-որ ժամանակ Իսպանիան է, ինչ-որ ժամանակ Միացյալ Նահանագներն են, ինչ-որ ժամանակ Բրազիլիան է, նկատի ունեմ՝ աշխարհի 100.000 բնակչի թվով առաջատարը: Եվ, իհարկե, ես հույս ունեմ, որ մենք այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք, չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ բոլոր երկրները չեն հասցրել պատվաստանյութ ունենալ, այս ցուցանիշը փոխանցիկ դրոշի նման վերցնելու են և վերցրել են, և շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը դեռ չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100.000 բնակչի թվով ամենաբարձր վարակելիություն ունեցող երկիրը: Սա այն ժամանակ մեր կանխատեսումն էր, որ այդպես էլ լինելու է, և, ցավոք, այդպես էլ պատահեց»:
Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվել է պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներից՝ նշելով, որ գործընթացը չի դադարեցվել, և արդեն կան որոշակի պայմանավորվածություններ: Ի պատասխան Արսեն Թորոսյանը վարչապետին տեղեկացրել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են. «Այո, պարոն վարչապետ: Ես մի անգամ նշել եմ: Մենք ունենք արդեն վճարած կանխավճար – նաև Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ եմ բարձրաձայնել – միջազգային հավաքական գնումների մի պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ապագայում վերջնական գրանցում ստանալու մեծ շանսեր ունեն: Այս պահի դրությամբ մինչև 10 թեկնածուի մասին է խոսքը, և դրանցից որը հաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու, ինչպես իմ նշած բազմաթիվ երկրներ: Նախնական մենք պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300.000 բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի շուրջ, ինչպես և ամբողջ աշխարհի համար: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է: Իսկ փորձնական պրոդուկտներ հիմա կան աշխարհում և օգտագործվում են տարբեր փորձարկումների ժամանակ՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: Մենք նաև ուղիղ բանակցություններ ենք վարում, բայց ցանկանում եմ նշել, որ այդ բոլոր պրոդուկտները նաև կան իմ նշած միջազգային պլատֆորմի մեջ: Եվ եթե, օրինակ, ռուսական պատվաստանյութը վերջնական հաստատում ստանա ԱՀԿ-ի և այդ պլատֆորմի կողմից, մենք կարող ենք ընտրել նաև այդ պրոդուկտը, կամ ամերիկյան պրոդուկտը՝ որը կլինի ավելի արագ և ավելի էֆեկտիվ: Որոշելիքը մերն է լինելու: Մենք այդ որոշումն երի կայացման պրոցեսը տանում ենք փորձարկումներին և հաստատմանը զուգընթաց, աշխարհին համընթաց գնում ենք»:
Պարզաբանելով կորոնավիրուսի պատվաստանյութի 300.000 բնակչի համար չափաքանակի վերաբերյալ վարչապետի հարցադրումը՝ առողջապահության նախարարը զեկուցել է, որ դա շատ պահպանողական հաշվարկ է. հաշվի են առնված անորոշությունները, որովհետև պարզ չէ, թե պատվաստանյութի առկայության պահին դրա իրական պահանջարկն ինչքան է լինելու, օրինակ, ապրիլ ամսին: «Հաշվի առնելով մեր փորձը, այլ նմանատիպ հիվանդությունների դեմ պատվաստման, օրինակ՝ գրիպի դեպքում՝ մենք տարեկան ձեռք ենք բերում մոտ 180.000 քաղաքացու պատվաստանյութ և դժվարությամբ ենք հաճախ դ սպառում՝ իմանալով, այսպես ասած, մեր բնակչության պատվաստվելու ավանդույթները: Նման պահպանողական սցենար ենք ընտրել, բայց եթե բարեբախտաբար, և՛ կարիքը լինի, և՛ հաջողվի անել, հետագայում կավելացնենք նաև քանակները: Սա սկիզբն է», – նշել է Ա. Թորոսյանը: Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, սկզբնական շրջանում հասանելիություն լինելու է կոնկրետ խմբերի համար՝ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների, տարեցների, փակ հաստատություններում ապրող անձանց, բուժաշխատողների, ինչն սկզբունք է ողջ աշխարհում:
Հավանություն է տրվել 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրին
Կառավարությունը որոշել է հավանություն տալ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և «Հայկ-88» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ «Հայկ-88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016.0 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ընկերությունը նախատեսում է ապամոնտաժել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը, լուծել հողամա սի նկատմամբ իր վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 և 49/10 հասցեներում գտնվող 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով: Ներդրումային ծրագրի համաձայն՝ նշված տարածքում նախատեսվում է պուրակի կազմակերպում և բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին: Նախատեսված ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այն ուղղվելու է ամֆիթատրոնի, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորության և այլ աշխատանքների իրականացմանը: Նախարարի խոսքով՝ ներկայում այդ տարածքը գտնվում է անբարեկարգ վիճակում, և ներդրումների կարիք կա: Ակնկալվում է շուրջ 250 ժամանակավոր և 300 մշտական աշխատատեղի ստեղծում:
Ճանապարհաշինության 2020 թ. նախանշված պլանը ամբողջությամբ կատարվել է. կառուցվել է 550 կմ ճանապարհ
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2020թ. պետական բյուջեում՝ վերաբաշխում և ՀՀ կառավարության 2019թ. համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է 2021թ. պետբյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակում 2021թ. հիմնանորոգման ենթակա օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապես ձեռքբերման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է անհրաժեշտ 243,5 մլն դրամը վերաբաշխել նախարարության համար նախատեսված միջոցներից: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Նախագծի ընդունմամբ կապահովի 2021թ. համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը և պլանավորված աշխատանքների անընդհատությունը։
Վարչապետը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել է կապիտալ ծախսերի գործընթացից, ինչին ի պատասխան Ս. Պապիկյանը նշել է, որ ինչպես և ողջ տարվա ընթացքում, կա ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ, ինչպես նաև առկա են վարկային միջոցների հետ կապված որոշ խնդիրներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով: Նրա խոսքով, պատերազմական իրավիճակն ազդել է մի շարք ուղղություններով շինարարության վրա, բայց բոլոր հնարավոր վայրերում շինարարությունը շարունակվել է: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքները: Այս պահին կառուցվել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ՝ խոսքն արդեն ավարտված ասֆալտապատման աշխատանքների մասին է, և նախանշված պլանը՝ ներառյալ սուբվենցիոն ծրագրերը, իրականացվել է: Արդեն սկսվել է և առաջիկա ամսում կշարունակվի որակի, աշխատանքների ընդունման և կատարողականի ֆինանսավորման վերահսկողության գործընթացը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2020թ. համար նախանշված պլանի կատարումը և նշել, որ պետք է ամեն ինչ անել՝ կապիտալ ներդրումները հնարավորինս արդյունավետ իրականացնելու համար:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ: Վարչապետը կառավարության անունից հաջողություններ է մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում:
Կոտայքի նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ հետպատերազմական իրավիճակում ստանձնելով պաշտոնը՝ գիտակցում է պատասխանատվության ողջ չափը և պատրաստ է առավելագույնս ծառայել ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ