Լրահոս
Օրվա լրահոսը

«Օնիկ Գասպարյանի խնդրանքից անցել է 16 օր, դա բավարար ժամկետ էր կառավարության համար». Գորգիսյան

Նոյեմբեր 26,2020 14:44

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ մամուլում տեղեկություններ կան, որ ընդդիմությունը հանդիպել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, եւ ռազմական դրությունը հանելու նախագիծը որոշ ժամանակով հետաձգվել է վերջինիս հիմնավորմամբ: «Ունե՞ք համապատասխան լրջության հավաստիացումներ, որ պետք է հիմա ռազմական դրության ռեժիմը հանել»,-հարցրեց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ այն ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել: Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:

Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց, որ ամսի տասին ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ. «Այն ժամանակ ԳՇ պետը հայտնեց, որ առաջնագծում դեռեւս ռազմական խնդիրներ կան լուծելու: Մանրամասները հրապարակային չեմ կարող ասել: Նա մեկ շաբաթ ժամանակ էր խնդրել, որ խնդիրները լուծվեն: Մեկ շաբաթ սպասելուց հետո մենք նախաձեռնեցինք արտահերթ նիստը: Ընդ որում, յոթօրյա ժամկետից 9 օր է անցել, ընդհանուր՝ 16 օր»:

Գորգիսյանը հիշեցրեց՝ երեկ գլխադասային հանձնաժողովում ՊՆ ԳՇ ներկայացուցիչը պարզաբանել էր, որ կառավարությանն առաջարկների փաթեթ է ներկայացրել:

Գորգիսյանի խոսքով՝ եթե կառավարությունն արձագանքեր դրան, իրենք մի քանի որ կսպասեին, սակայն արձագանք չեղավ, եւ ռազմական դրությունը չեղարկելու նախագիծն այսօր քննարկվում է խորհրդարանում: «16 օրը բավարար էր, որպեսզի կառավարությունն իր որոշումներում փոփոխություններ աներ: Դրանք վերաբերում են հումանիտար օգնությանը, բեռների ստացմանը, ինչի համար ռազմական դրությունը պարտադիր չէ: Իսկ ռազմական առումով ԳՇ ներկայացուցիչն ասաց՝ ամեն ինչ պատրաստ է շարունակելու աշխատանքը, եւ իրենք սպասում են կառավարության որոշմանը»,-համոզմունք հայտնեց Գորգիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30