Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերվա 1-ին, 2-ին 4-5 անգամ փակ համարից զանգել են, պատասխանում ենք, ձայն չեն տալիս, մտածում ենք՝ կարող է երեխեն լինի, վախից չի խոսում». Անհայտ կորածների հարազատները ցույց են անում

Նոյեմբեր 26,2020 14:35

ՊՆ ներկայացուցիչ Աշոտ Հաջյանն այսօր պաշտպանության նախարարության մոտ ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինչ տեղեկատվության տիրապետում ենք, ծնողներին հայտնում ենք, բայց նրանք պետք է բոլոր հարցերն ուղղեն Ուլնեցի 56/6 հասցեում գործող հանձնաժողովին:

Ըստ ՊՆ ներկայացուցչի, ծնողները պետք է նաեւ իրենց ունեցած տեղեկատվությունը տրամադրեն այդ հանձնաժողովին, որը համակարգված աշխատում է:

Այսօր ժամկետային զինծառայողների հարազատները կրկին բողոքի ցույց անցկացրին պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են տեղեկատվություն իրենց զոհված կամ անհետ կորած զինծառայող հարազատների մասին:

«Իմ տղան սեպտեմբերի 29-ին զանգել է Ջաբրայիլից, հետո գնացել է Հադրութ, հոկտեմբերի 8-ին նկար է եղել իրենից, դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա: Հոկտեմբերյանում տղայիս զորամասից երկու հոգի եկել են, ասացին՝ տեսել են հոկտեմբերի 8-ին: Ամսի 8-ին ընկերոջ հետ նկար կա, հիմա այդ ընկերը վիրավոր է»,-ասաց Արթուր Խաչատրյանը, որը ժամկետային զինծառայող 18-ամյա Նարեկ Խաչատրյանի հայրն է: Նրա խոսքով, մինչեւ հիմա որդուց որեւէ լուր չկա:

Զինծառայողի հայրը նաեւ պատմեց, որ 4-5 անգամ փակ համարից զանգել են գիշերվա ժամը 1-ին 2-ին՝ մինչեւ ժամը 7-ը: Պատասխանում են, սակայն ձայն չեն տալիս. «Մտածում ենք՝ կարող է երեխեն լինի, վախից չի խոսում: Այսօր Ոստիկանություն պետք է գնամ: Ամեն տեղ գնացել եմ, չկա: Թեժ գծերին զանգում ենք, տվյալները նայում են, չկա, ամեն տեղ գնացել ենք՝ Մարտունի, Հոկտեմբերյան, «մորգերում» նայել ենք՝ չկա»,-պատմեց նա:

Հոկտեմբերի 13-ից որդուց լուր չունի նաեւ մեկ այլ ժամկետային զինծառայողի ընտանիքը: Տղան Հադրութի շրջանում է ծառայել:
Զինվորի հայրը կոչ արեց հրապարակում ցույցեր չանել, որպեսզի չխոչընդոտեն անհայտ կորածների փնտրման աշխատանքներին: Նրա խոսքով, Կարմիր խաչից, իրենց ասել են՝ «Երեւանում դրությունը խառն է եւ վախենում են մտնել այդ տարածքներ»:

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ անհայտ կորածների և գերեվարվածների հարազատները պաշտպանության նախարարության, կառավարության դիմաց բողոքի ցույցեր են անում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30