Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր փափուկ աթոռները թողնելով՝ գերադասեք պատիվն ու թասիբը». ԱԺ-ի մոտ ցույց են անում՝ պահանջելով կողմ քվեարկել ռազմական դրության չեղարկմանը

Նոյեմբեր 26,2020 14:21

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ռազմական դրությունը վերացնելու մասին» «Լուսավոր Հայաստանի» նախագիծը: Իսկ ԱԺ մուտքի մոտ ցույց էին անում քաղաքացիները՝ «Դավաճաններ», «Հող հանձնող» ցուցապաստառներով եւ «Ամոթ» վանկարկումով: Ցուցարարների խոսքով՝ ռազմական դրության երկարացմամբ ուղղակի ուզում են խլացնել բողոքի ձայնը, որ ալիքը մարի, բայց դա չի լինելու. «Ավելի լավ է հիմա կողմ քվեարկեք «Ռազմական դրության չեղարկմանը եւ ձեր փափուկ աթոռները թողնելով՝ գերադասեք պատիվն ու թասիբը, որպեսզի ձեր ամբողջ կյանքը դավաճանի պիտակով ման չգաք»:

Ցուցարարներից մեկը պատգամավորներին դիմեց. «Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին մեջքից հարվածել է՝ դավաճանությամբ, մի՛ շարունակեք մաս կազմել այդ կառավարությանը: Հանձնված հողերն ուղղակի տարածքներ չէին, Արցախը սրբազան հայրենիք է ու շարունակում է այդպիսին մնալ: Մի խանգարեք մեզ, հիմա ժամանակն է ինքներդ ձեզ օգնելու: Դավաճանությունն արդեն կատարված է, ժամանակն է իրավիճակը շտկելու: Այսօր նիստերի դահլիճում կողմ քվեարկեք նախագծին ու մի շարունակեք մաս կազմել դավաճանական ծրագրին: Նիկոլ Փաշինյանը բոլոր կարմիր գծերը անցել է»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց. «Մենք այստեղ ենք՝ ձեզ հիշեցնելու, որ պարտավոր եք ռազմական դրությունը չեղարկել: Եթե իրենք այսօր էլ տապալեն սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամի հանգուցալուծմանը, մեր պատասխանը լինելու է համարժեք»:

Մեր հարցին՝ երեկ հանձնաժողովում գեներալ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ ռազմական դրությունն անհրաժեշտ է զորահավաքային զորակոչով զորակոչվածներին պահելու համար, անվտանգային խնդիր կա, սահմանները պաշտպանելու խնդիր կա, ռազմական դրությունը չեղարկելը հիմա ի՞նչ է տալու՝ Վարդանյանը պատասխանեց. «Ներկայիս ճգնաժամը սահմանադրական չճանապարհով լուծելու մի ճանապարհ կա, դա ռազմական դրության չեղարկումն է, որը հետագայում արդեն թույլ է տալու Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված կարգով հեռացնել իշխանություններին ու հնարավորինս շուտ ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպել, որը թույլ կտա ժողովրդին կամարտահայտվել ու ընտրել իր իշխանությունը՝ կլինի դա Նիկոլ Փաշինյանը, թե այլ ուժ: Հիմիկվա ճգնաժամի հաղթահարման առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է: Կառավարությունը, որը բանակին ներքաշում է այս անում, ամեն ինչ անում է՝ ռազմական դրությունը շարունակելու համար: Մենք դա անընդունելի ենք համարում: Հիմա ռազմական դրությունը նպաստում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարացմանը: Չենք հավատում քաղաքական թիմին, որը իր քաղաքական նպատակների համար օգտագործում է բոլոր բարոյական, անբարոյական, թույլատրելի, անթույլատրելի հնարքները: Կամքի դեպքում հնարավոր է իրականացնել հայրենիքի պաշտպանությունը՝ առանց ռազմական դրության»:

Ցուցարարները սպասում են ԱԺ-ի քվեարկությանը, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերն ու բողոքի արտահայտման ձեւերը: Նրանք հայտարարեցին. «Ամեն պատգամավոր իր այսօրվա ելույթի եւ քվեարկության համար կրելու է անձնական պատասխանատվություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30