«Տիկին Նազարյան, խնդրում եմ ապահովել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկուցում արած ՊՆ ԳՇ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը կարող է հանվել»,-ԱԺ նիստում այսօր փոխնախագահ Լենա Նազարյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ այն ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքներն արդեն գոյություն չունեն, ուստի այն պետք է չեղարկել: Մինչդեռ ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչներն ասել էին, որ ռազմական դրության չեղարկումն անվտանգային եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի:
Կարդացեք նաև
Ընդ որում, ՊՆ ԳՇ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյան այդ թվում ասել էր՝ իրենք կողմ են, որ ռազմական դրությունը հանվի՝ պայմանով, որ դա կազմակերպվի փուլային տարբերակով, եւ քանի դեռ դրան պատրաստ չեն, պետք է նախագիծը հետաձգել:
Էդմոն Մարուքյանը շեշտեց. «Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը»:
Տեղեկացնենք, որ դեռեւս նիստի մեկնարկին Լենա Նազարյանը հայտարարել էր, որ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն է ներկայացել, որին զեկույցի իրավունք տալուն խորհրդարանը կողմ քվեարկեց: Սա նկատի ունենալով՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Դուք եւս կողմ քվեարկեցիք, որպեսզի ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը ելույթի իրավունք ունենա: ԱԺ ընթացակարգով այլ անձի ձայնի իրավունք տալ չեմ կարող»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ