Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Մերօրյա հերոսները. Սամվել Գասպարյան
Սամվել Գասպարյան… Քաջ Զինվոր, անձնազոհ ապագա բժիշկ…
Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:
Կարդացեք նաև
Սամվելը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր: Դեկտեմբերի 13-ին նա կդառնար 26 տարեկան:
Կուրսընկերուհին՝ Աննան, բնութագրում է նրան որպես շատ համեստ երիտասարդ, որը երբեք որևէ մեկին չէր նեղացնի: «Շատ էր ուզում լավ բժիշկ դառնալ, սակայն դեռ չէր ընտրել նեղ մասնագիտացումը», – ասում է Աննան:
Ապագա բժշկի մյուս կուրսընկերուհին՝ Լիլիթը, պատմում է. «Մենք նույնիսկ չենք իմացել, որ նա առաջնագիծ է մեկնել: Իհարկե, Սամվելի անսահման հայրենասիրությունն էր նման մղման դրդապատճառը»:
Սամվելը ԵՊԲՀ էր տեղափոխվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետից: «Բժշկությունն իրեն շատ էր հետաքրքրում: Շատ էր սիրում նաև խաղալ «Ալյանս»: Միշտ պարտվում էի իրեն, շատ լավ հայոց լեզու գիտեր, ինչի շնորհիվ էլ կարողանում էր հաղթել: Սիրում էր երգել «Երևանի սիրուն աղջիկ երգը», ասում էր. «Երևանի աղջիկների նման սիրուն աղջիկներ չկան», – թախծոտ ժպիտով հիշում է Լիլիթը:
Անմահ հերոսի մեկ այլ կուրսընկերուհին՝ Վարդուհին, նշում է. «Լավ ընկեր էր մեր Սամվելը, հասնող ու կամեցող էր: Ափսոս, երկար չտևեց մեր շփումը: Ուրիշ խումբ տեղափոխվելուց հետո էլ մեզ չէր մոռանում, սպասում էինք՝ մեր խմբի մյուս տղաները բանակից գային, որ կարողանայինք հավաքվել»:
Սամվելը, շարունակում է Վարդուհին, մեկ րոպե անգամ չէր կարողանում հանգիստ նստել: «Իրեն միշտ փոփոխություն էր պետք: Երբ ասում էինք՝ գնանք կինո, ասում էր. «Ես այդքան նույն դիրքով նստողը չեմ, ուրիշ բան մտածեք»: Սամվելն ասում էր, որ իրեն միշտ նորություններ են պետք, նոր մարդիկ: Ֆուտբոլ էր շատ սիրում. ամեն ինչ գիտեր ֆուտբոլի մասին՝ բոլոր դեմքերով ու թվերով: Առաջնագիծ մեկնելուց մի քանի օր առաջ խոսում էինք, էլի մեր խմբի հավաքվելու մասին էր խոսում, բայց, ցավոք, ոչինչ չհասցրինք: Եթե իմանայի, որ այսպես է լինելու, հենց նույն օրը բոլորին կհավաքեի», – ափսոսանքով ասում է Վարդուհին:
Սամվելի զինակից ընկերն ու եղբայրը՝ Արտաշեսը, որն, ի դեպ, նույնպես առաջին օրվանից առաջնագծում էր, պատմում է. «Սամվելը շատ բարի էր, մեծ սիրտ ուներ, բոլորին հասնող էր, անխտիր բոլորին: Ուզում էր բժիշկ դառնալ, որ բուժեր բոլոր հիվանդ հարազատներին: Դեռ չէր որոշել՝ որ ուղղությամբ էր մասնագիտանալու, բայց, ամենայն հավանականությամբ, վիրաբույժ կդառնար»:
Ընկերոջ խոսքով՝ Սամվելը 2012-2014 թվականներին ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Ջրականում, իսկ հայությանը պատուհասած վերջին գոյամարտի ժամանակ շտապել էր առաջնագիծ՝ անառիկ պահելով Քարվաճառի հայկական դիրքերը և, միաժամանակ, կիրառելով իր բժշկական հմտությունները: «Մենք Քարվաճառի ամենավտանգավոր դիրքերից մեկում էինք… Թշնամուն էինք սպասում, բայց, ցավոք, թշնամին վերևից էր գալիս… Հենց Քարվաճառում էլ մեր Սամվելը զոհվեց», – ավելացնում է Արտաշեսը:
Անմահ հերոս Սամվել Գասպարյան… Խոնարհվում ենք…