Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստում անդրադառնալով արցախահայությանը տրամադրվող աջակցության ծրագրերին, նշեց՝ այս պահին կա հաստատված երկու ծրագիր։ Առաջին միջոցառումն, ըստ նախարարի, ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով․ «Այս պահի դրությամբ արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատված դիմում։ Եվ այսօրվանից արդեն վճարումները Հայփոստի եւ Արցախփոստի բաժանմունքների միջոցով կիրականացվեն»։
Նախարարն ասաց, որ դիմումների հոսքը շարունակվում է, եւ պաշտոնական գնահատականով՝ այս միջոցառման շահառու կարող են հանդիսանալ մինչեւ 94 հազար քաղաքացիներ։ Աջակցությունը կստանան փոքր խմբերով՝ հակահամաճարակային միջոցառումները պահպանելու համար։
Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ՝ երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս․ «Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին՝ 300 հազար դրամի չափով։ Ըստ նախարարի՝ արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, եւ մի քանի օրից կսկսվի այդ գումարների վճարումը։ Այս երկու միջոցառումներից մեկ ընտանիքից մի քանի անդամ կարող են միաժամանակ օգտվել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար էլ առաջիկայում կընդունվի միջոցառում․ «Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ եւ բնակություն հաստատեն այնտեղ։ Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ