Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»

Նոյեմբեր 26,2020 12:52

Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո այսօր կառավարության լիարժեք առաջին նիստն էր, որը մեկնարկեց զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

Այս նիստը կառավարության անդամների կազմի փոփոխությամբ էր եւ նոր նախարարներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ նիստի օրակարգին անցնելը, հանդես եկավ հայտարարությամբ։

«Սիրելի ժողովուրդ, մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ։ Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր՝ նույնիսկ այս ծանր ժամանակներում։ Բայց այսօրվա մեր հրամայականը եւ անելիքը հետեւյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները եւ պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը։ Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ արտաքին եւ ներքին անվտանգության, կայունության ապահովումը եւ նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն եւ անհրաժեշտություն է․ «Եվ մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացված լինեն այս խնդրի լուծման վրա։ Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն 2 միջոցառում է ընդունել՝ բավական մասշտաբային։ Այդ միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը՝ Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»։

Անհետ կորածների եւ գերիների փոխանակման գործընթացին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը․ «Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, ոչ միայն մեզանից է կախված։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց եւ պատերազմից տուժած անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունն ու հետագա կատարելագործումը մեր հետագա անելիքների ցանկում է, նույնիսկ այս դժվար ժամանակներում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում՝ բարեփոխումների շրջանակը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց, պետք է նաեւ կատարվածի պատճառները վերհանվեն, պարզաբանվեն եւ վերլուծության ենթարկվեն, եւ հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ «Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը եւ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա։ Ըստ այդմ, մեր ամենակարեւոր անելիքը կառավարության ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի եւ իրավիճակի տերը լինելու զգացողության եւ փաստի պահպանումն է եւ այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը։ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի տերը եւ այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան, եւ նաեւ ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի եւ այդ գործում ով ինչպիսի դերակատարություն պետք է ունենա։ Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժը անսպառ է, եւ մեր առաջիկա ամենակարեւոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա։ Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, եւ մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,-ասաց վարչապետը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30