Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի սենատին
Պետությունների և ժողովուրդների համաշխարհային ընտանիք լիիրավ մտնելու՝ արցախահայության տևական պայքարն ամրագրվեց նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևով, որով կոչ էր արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այն դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա։
Ձեր կողմից ձեռնարկված համարձակ քայլը՝ միտված պատմական արդարությունը վերականգնելուն, տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերահաստատելուն, խաղաղ գոյակցությունն ամրապնդելուն, լրջագույն դրսևորում էր։
Կարդացեք նաև
Հատկանշական ենք համարում ընդգծել, որ պատերազմական օրերին՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը, որով կոչ էր արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, փաստացի առաջին արձագանքը եղավ Ֆրանսիայի սենատի կողմից։
Արցախի դեմ միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ալյանսի սանձազերծած ագրեսիայի դատապարտումը, անկասկած, կանխարգելիչ գործոն կհանդիսանա հետագա հնարավոր էսկալացիային։
Խորապես մեր երախտագիտությունը հայտնելով ֆրանսիացի գործընկերներին, բանաձևի ընդունմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին՝ լիահույս ենք, որ այն իր տրամաբանական շարունակությունը կունենա և Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հետևողականորեն կարձագանքվի այլ պետությունների խորհրդարանների կողմից ևս։