Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բալայան. Սա վերաբերում է հայ ժողովրդի շահերին. յուրաքանչյուր ոք իրենից կախված ամեն ինչ պետք է անի այս վիճակից դուրս գալու համար. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2020 10:52

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, ում երեք որդիներն էլ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք բավականին լավ պաշտոններ են զբաղեցրել, հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ իրավապահները քրեական պատասխանատվության ենթարկեն Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար։ Բալայանի մի որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է, մյուսը՝ Տիգրան Բալայանը, նախկինում ԱԳ նախարարի խոսնակն էր, այժմ Նիդերլանդներում ՀՀ դեսպանն է, իսկ երրորդ որդին՝ Գաբրիել Բալայանը, նախօրեին ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Կիմ Բալայանի խոսքով՝ որդիները չեն ողջունել իր այս քայլը եւ մամուլից են իմացել իր՝ հացադուլ հայտարարելու մասին։ Նրա հետ զրուցեցինք կառավարության շենքի դիմաց։ Նախ հետաքրքրվեցինք առողջական վիճակով։ Ասաց՝ փառք Աստծո, դեռ կարող եմ շարունակել։

Ապա նշեց, թե որ հոդվածով է Փաշինյանը սահմանադրական կարգ տապալել․ Արցախի հողերն Ադրբեջանին հանձնելու այդ հայտարարությունը, որ ստորագրել է Փաշինյանը, դրա բոլոր դրույթները, բացի հրադադարից, պարտավոր էին ներկայացնել որպես միջազգային պայմանագիր եւ ուղարկել կառավարություն՝ քննարկման, ապա՝ Սահմանադրական դատարան, վերջում՝ խորհրդարան, որը պետք է քննարկեր եւ վավերացներ, ինչը չի արվել։

– Ձեր որդիներից Գաբրիել Բալայանն օրերս ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, Դուք այս թեմայով զրուցե՞լ եք նրա հետ, ո՞րն է նրա ազատման պատճառը, եւ ինքը՝ որպես փոխնախարար, այս պարտության մեջ իր մեղքի կամ պատասխանատվության բաժինն ունի՞։

– Նախեւառաջ՝ իմ որդին ազատման դիմումը ներկայացրել է ազատումից մեկ շաբաթ առաջ։ Այստեղ որոշ մարդիկ փորձում են կապել իմ՝ հացադուլ հայտարարելը  տղայիս՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու հետ, ինչը սխալ է։

– Զրուցե՞լ եք Ձեր մյուս որդու հետ, որ Նիդերլանդներում դեսպան է, նա ցանկություն ունի՞ մնալ դեսպանի պաշտոնում։

– Խոսել եմ որդուս հետ, եւ ինքն իմ կատարած քայլը գնահատել է որպես հարված մեջքից, քանի որ, իր ներկայացմամբ, ինքն ամեն ինչ անում է պետական շահը պաշտպանելու համար, եւ պատահական չէ, որ ինքը որ երկրում որ դեսպան է, այդ երկրի խորհրդարանը համենայնդեպս առաջին երկիրն էր, որ Ալիեւի, Ադրբեջանի գործողությունները դատապարտեց եւ սանկցիաներ կիրառեց Ալիեւի եւ նրա շրջապատի նկատմամբ, ինչպես նաեւ այդ նույնը՝ Էրդողանի, Թուրքիայի հարցով, եւ Ղարաբաղի ճանաչման հարցն էլ այսօր քննարկման առարկա է Հոլանդիայում։ Եվ, իմ խորին համոզմամբ, ինքը պետականամետ գործունեություն է իրականացնում, ոչ թե իշխանամետ։ Երբ որ ինձ ասել է, որ դու ինձ մեջքից հարվածում ես, ես իրեն պատասխանել եմ մի բան, որ նախ չեմ հարվածում, իսկ եթե գտնում ես, որ հարվածում եմ, ու գտնում ես, որ պետական շահ չես պաշտպանում, իշխանության շահ ես պաշտպանում, հանգիստ կարող ես հրաժարականդ տալ։ Հասկացեք, ի վերջո, սա չի վերաբերում անձի, անհատի շահերին, սա վերաբերում է մեր հայ ժողովրդի շահերին։ Մի օր առաջ ազատվել այս իշխանությունից՝ նշանակում է մեկ օր առաջ, մեկ ժամ առաջ հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր ժողովուրդն իր խոհեմությամբ ընտրի մեկին, որը կարող է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնել։

– Ի՞նչ եք կարծում, Ձեր այս քայլով որեւէ արդյունքի կհասնե՞ք։

– Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ հիմա մենք այն վիճակում ենք, որ յուրաքանչյուր ոք իրենից կախված ամեն ինչ պետք է անի այս վիճակից դուրս գալու համար։ Ես՝ որպես իրավաբան, չէի կարող այլ քայլի դիմել, քան այս ծայրահեղ քայլն է։ Ինչո՞ւ դիմեցի, կարելի էր, չէ՞, նստացույց հայտարարել, ոչ թե հացադուլ։ Բայց ես այդ հացադուլին դիմում եմ, ասում եմ՝ գնալու եմ մինչեւ վերջ, սա պետք է խթան հանդիսանա, որ իրավապահ մարմինների ղեկավարները գոնե մտածեն, թե էս ինչ ծայրահեղ անօրինականություններ են անում, որ այս մարդը դիմում է այս ծայրահեղ միջոցին։ Եվ հանրապետության գլխավոր դատախազը պետք է մտածի՝ եթե ինքն այսօր քրեական գործ չի հարուցում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, վաղը քրեական գործ է հարուցվելու իր նկատմամբ՝ որպես անգործություն ցուցաբերած դատախազի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30