Ադրբեջանական սոցիալական ցանցերում հերթական հայ գերու տեսանյութն է հրապարակվել: Տեսանյութում երեւացող գերեվարված զինվորը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանն է, որից ընտանիքի անդամները լուր չունեին հոկտեմբերի 8-ից:
Զինծառայողի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ Էրիկը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության էր անցել Ջաբրայիլում, երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց. «Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել, Հադրութի դպրոցում էր, դրանից հետո կապն ընդհատվեց ու այլ տեղեկություն մինչ օրս չունենք: Հադրութի դպրոցից եղբայրս զանգեց ասաց՝ դպրոցում է, լավ են, հետո էլ չկարողացանք կապվել»:
Արտյոմ Մխիթարյանի խոսքով՝ Էրիկի նման բազմաթիվ անհետ կորած զինծառայողներ կան. «Կոնկրետ Ջաբրայիլի 5-րդ գումարտակը 450 հոգանոց գումարտակ է եղել, այդտեղից մի 50 զինվորից են տեղյակ, մյուսները Հադրութի դպրոցում են եղել, հետո՝ դիրքեր, հետ նահանջ ու ոչ մի լուր. «Մինչեւ էսօր մենք պահանջում էինք, որ վարչապետը միջոցներ ձեռնարկի՝ մտնեին այդ տարածքներ: Սկզբում ասում էին՝ հրադադար պետք է լինի, հրադադարը եղավ, մենք պահանջում էինք, որ ինչ-որ մեկը՝ կլինի Հայաստանից, Կարմիր խաչից, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, մտնի այդ տարածքներ ու հանի զինվորներին, քանի որ ծնողներից շատերը տեղեկություն ունեին, որ այդտեղ ողջ զինվորներ կան: Երեկ վարչապետն ասաց, որ ռուսական կողմի հետ են բանակցել, ավելի ուշ ասաց, որ Ադրբեջանը տվել է որոնողական աշխատանքների թույլտվություն, բայց արդեն ուշ է»:
Էրիկի եղբայրը դժգոհ է համապատասխան կառույցների, այդ թվում՝ կառավարության այս ուղղությամբ տարվող աշխատանքի տեմպից: Ասում է՝ մինչ իրենք բանակցում էին, տղաներին գերի վերցրին. «Ադրբեջանի կառավարությունը առաջ ընկավ, մտավ ու բոլորին գերի վերցրեց, հետո էլ թույլտվություն տվեց, թե մտեք դատարկ անտառներում զինվոր փնտրեք»:
Կարդացեք նաև
«Մենք պահանջում ենք, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն, այցելեն գերեվարված զինծառայողներին, կապ հաստատեն նրանց հետ: Մեր իշխանություններն իրենց ելույթները ամեն անգամ սկսելուց շեշտում են՝ մեր առաջ թշնամին է, բա որ գիտեք՝ մեր առաջ թշնամին է կանգնած, ուրեմն անհապաղ գործողություններ ձեռնարկեք, որ չխոշտանգվեն ու ողջ-առողջ վերադառնան մեզ»:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում