Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժողովուրդը որոշի…»

Նոյեմբեր 26,2020 10:00

Ըստ ամենայնի, վարչապետը գիշերային մղձավանջներ չի ունենում եւ նահատակների արյունը երազներում չի տեսնում: Պաշտոնյաներ է նշանակում- հանում, իրենց առաջ ինչ-որ նպատակներ է դնում, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս: Իշխանավորները, անգամ այն դեպքում, երբ իրենց ժողովրդի գլխին մեծագույն աղետ են բերում, սովորաբար խղճի որեւէ խայթ չեն ունենում եւ իրենց համար արդարացումներ են գտնում՝ շարունակելով ապրել սարսափելի մեղքերը շալակած:

Տրամաբանությունը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. եթե տարբերակ կա աթոռս պահելու, ինչո՞ւ չպահեմ, ի՞նչ է, մեկը կա՞, որ ինձնից լավ է կառավարելու: Այս պարագայում՝ քանի որ քաղաքացիների մեծամասնությունը չի վստահում վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին (իրոք այդպես է), ուրեմն, ըստ աթոռապաշտների, հրաժարականի հասարակական պահանջ չկա:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կա, թե չկա: Ֆեյսբուքում օգտատերերի կեսը գտնում է, որ 2,5 տարվա, այդ թվում՝ պատերազմի ընթացքում կառավարությունը հրաշալի է աշխատել, իսկ «Նիկոլը մեր աստվածն ա, մեր թագավորն ա»: Մյուս կեսը դրա հետ համաձայն չէ:

Բայց արձանագրենք, որ առաջին խումբը (այսինքն՝ վարչապետի «ֆան-ակումբը» եւ ֆեյքերը) ավելի լավ են կազմակերպված, քան մնացածները: Սոցիոլոգիական հարցման համաձայն, Փաշինյանն ունի մոտավորապես 30 տոկոսանոց վարկանիշ: Բայց դա, հավանաբար, չի նշանակում, որ մնացած 70 տոկոսը պահանջում են վարչապետի հրաժարականը: «Իմ քայլի» պատգամավորները նույնպես ներկա իրավիճակի հետ կապված հոգեկան մտատանջություններ չունեն եւ խրոխտ կեցվածքով հայտարարում են՝ «մենք մեր աթոռներից կառչած չենք՝ եթե ժողովուրդը պահանջի, մենք կգնանք»: Ժողովրդի կամքը կարող է արտահայտվել արտահերթ ընտրություններով (եթե չկեղծվեն), բայց իշխանությունը դրան դեմ է, եւ այդպիսով իրավիճակը դառնում է փակուղային:

Բայց պետք է ասեմ նաեւ, որ ամենեւին էլ չեմ բացառում, որ արտահերթ կամ հերթական ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը դարձյալ քվեարկի «Իմ քայլի», այսինքն՝ պետության վերջնական փլուզման օգտին: Պետք չէ կարծել, որ մենք՝ քաղաքացիներս, խելացի ենք, ամեն ինչ հասկանում ենք եւ տուրք չենք տալիս պոպուլիզմին ու գեղեցիկ հռետորաբանությանը: Բերեմ շատ պարզ օրինակ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր ղարաբաղյան խնդրի լուծում, որի արդյունքում մենք կխուսափեինք պատերազմից, դարձյալ տարածքային կորուստներ կունենայինք, բայց ոչ այնքան սարսափելի, որքան հիմա ունենք՝ մարդկային զոհերն ու այլ արհավիրքները չհաշված: Կոնգրեսն այն ընտրություններում ստացավ 1,65 տոկոս ձայն (չեմ կարծում, որ այս պարագայում կեղծիքն էական էր): Ընտրողների 98,35 տոկոսը, այդ թվում նաեւ՝ ես, ձայն տվեցինք այլ կուսակցություններին եւ դաշինքներին:

Անձամբ ես չեմ պատրաստվում իմ սխալը կրկնել, եւ հաջորդ ընտրություններում ձայնս կտամ ՀԱԿ-ին: Բայց խիստ կասկածում եմ, որ կլինեմ մեծամասնության շարքերում: Թե՛ Փաշինյանն ու նրա կողմնակիցները եւ թե՛ ընդդիմադիրների մեծ մասը դարձյալ ղեկավարվում են ինչ-որ ֆանտազիաներով: Արդյունքները հայտնի են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,

    ըստ ձեզ, եթե 2017-ից հետո ձեր նշած կարգավորման ծրագիրն իրականացվեր, այնուհետև պատերազմը բացառվելու էր, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային հավակնություններն ավարտվելու էին ???:

    • Aha says:

      Many disagree with LTP on a number of issues and approaches but the fact is that after the 2016 war – which was a serious warning of things to come – ANC was the only political party that made the conflict resolution the top priority of its campaign (slogan: peace, reconciliation, good neighbourliness). One may disagree with this approach but it remains that it was the only party that prioritized dealing with a pressing existential issue. Most Armenians were focused on Sashik’s 50, Robik’s 4, the speedmeters, etc … or wanted to sell their vote to the highest bidder … and thus voted accordingly.

      The question therefore begs: can you trust the people to make state/national security decisions i.e. is democracy a viable system in the case of a country like Armenia?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30