Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այդ թվում՝ ՌԴ միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»

Նոյեմբեր 26,2020 00:25

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Եվ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է մեր կենսական շահերից, որը հրապարակում եմ ստորև:

Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։

Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:

Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում»:

Հարգելի ՛ հայրենակիցներ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը...

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2020 թ. նոյեմբերի 25, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30