Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթն է մարդկանց դուրս բերում ծանր հոգեկան վիճակից»

Նոյեմբեր 26,2020 13:00

Ասում է բացասական հերոսների մարմնավորած դերասանը

Մինչ 2020թ. «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները հիշելով 1990-ականները, այդ տարիներն անվանում էին անմշակույթ, թեեւ փաստենք, որ այդ տարիներին մեկ օր անգամ մշակութային օջախները չեն փակվել, կյանքը կանգ չի առել, նույնիսկ Ազգային օպերային թատրոնը Զվարթնոց տաճարում ներկայացրել է Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերաները։

Ընթացիկ տարվա գարնանից էլ աշխարհին մարտահրավեր նետեց քովիդը ու դեռեւս այն չհաղթահարած, մեզ անակնկալ մատուցեց թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Եվ եթե մինչ պատերազմը մշակույթին հետեւում էինք առցանց ու արդեն կամաց-կամաց մեր մշակութային օջախներն իրենց դռներն էին բացում, ապա այս արհավիրքը բացառեց մշակութային կյանքը, մշակութային օջախները վերածելով արտադրամասերի, արվեստագետների մի մասն էլ կամավոր մեկնեց ռազմաճակատ։

Պատերազմական օրերին ներկայացրել ենք նրանցից մի քանիսին։ Սակավաթիվ մշակութային օջախներից է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնը, որը պատերազմի օրերին չփակեց իր վարագույրը, ներկայացումներ խաղաց արցախցի մանուկների համար։

Այդ թատրոնից կամավորագրվել էին եւ Արցախ մեկնել դերասաններ Մուրադ Նադիրյանը, Մակար Գալստյանը, Վարդան Մելիքյանը, Սարգիս Մելքոնյանը, ինչպես նաեւ տեխնիկական անձնակազմից։ Մեզ հասած տեղեկություններով՝ թեեւ նշյալ արվեստագետները վերադարձել են, բայց, օրինակ, Սարգիս Մելքոնյանը շարունակում է իր ծառայությունը մատուցել արցախցիներին՝ անձնական մեքենայով մարդկանց տեղափոխել Ստեփանակերտ, հագուստ, սնունդ եւ այլ անհրաժեշտ իրեր հասցնել տուժածներին եւ այլն։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ավելի շատ խոսել մշակույթից։ Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների ժամանակ իր եւ գործընկերների կողմից մատուցած ծառայություններին, ընդամենն ասաց, թե այն տպավորությունն է, որ իրենք ոչ թե դերասաններ են, այլ ի ծնե զինվորականներ՝ «գլադիատորների նման ցասում կար յուրաքանչյուրիս մեջ»։


Հետո էլ ասվածին հավելեց մեջբերելով ռեժիսոր, տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի մտքերը՝ ռազմաճակատի ու զինվորների համար բոլոր գործերով էլ անհրաժեշտ է որ զբաղվի արտիստը, բայց առաջին հերթին՝ մասնագիտական։ Չպետք է մոռանալ, որ թշնամին ունի ներքին կյանքը կանգնեցնելու խնդիր եւ եթե մենք չենք շարունակում մասնագիտական գործունեությունը, դրանով օգնում ենք թշնամուն։

Հարցին՝ ինչպե՞ս է համատեղում մասնագիտական եւ կամավորականի գործունեությունը, խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում ընդգրկված Սարգիս Մելքոնյանն ասաց, որ ներկայացումներից ազատ յուրաքանչյուր րոպեն օգտագործում է մարդկանց օգտակար լինելու համար։

Դերասանին ուղղած հարցը, թե ինչո՞ւ է ինքը մշտական հանդես գալիս բացասական, հիմնականում գայլի կերպարով, օրինակ՝ «Կարմիր գլխարկ»-ում, «Գայլի եւ ուլիկի նոր արկածները»-ում, «Օպերացիա համեղ պատառիկ»-ում եւ այլն, դերասանը փաստեց, որ իրենց թատրոնում նույնիսկ բացասական կերպարների տիկնիկները, ինչպես նաեւ գայլը, արտաքնապես բացարձակ վախենալու չեն։ «Մեծամտություն չթվա, բայց բացասական կերպար կերտելը իրականում շատ դժվար է։ Եթե, օրինակ՝ գայլը, այսպես ասած՝ թույլ եղավ, կոնտրաստ չի լինի բարու հետ։ Չմոռանանք, որ բացասական կերպարն էլ իր ուսուցողական դերն ունի։ Ինչ վերաբերում է գայլեր մարմնավորելուն, ապա հիմնական պատճառը ձայնիս տեմբրն է»,- համոզված է դերասանը։

Հիշեցրինք ժամանակին մեզ հետ զրույցում բացասական կերպարների մասին Սոս Սարգսյանի խոսքը՝ դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։ Դերասանն էլ ասվածին հավելեց Ռուբեն Բաբայանի խրատը՝ փոքրիկ հանդիսատեսը առավել խստապահանջ է, նրան չես խաբի. «Ավելին, մեր ղեկավարը ներկա է գտնվում բոլոր ներկայացումներին եւ շատ ուշադիր է, որ ամեն ինչ մատուցվի ճիշտ հայերենով, քանի որ փոքրիկները շատ արագ են ընդօրինակում, հատկապես բացասական կերպարների կողմից հնչեցրածը»։ Ստեղծված իրավիճակի մասին իր ընկալումը ներկայացնելու համար, երբ ճգնաժամի մեջ են բոլոր ոլորտները, մեր զրուցակիցը «դիմեց» Աստվածաշնչին. «Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, հոգեւորականը՝ իր, արվեստագետը՝ իր եւ այլն։ Իսկ մինչ պատերազմելը անհրաժեշտ է երկու պարիսպների կառուցում, որոնցից մեկը պարտադիր հոգեւորն է»։ Եվ դարձյալ մեջբերեց Ռուբեն Բաբայանի հետեւյալ միտքը՝ «Եթե չենք խաղում ներկայացումներ, դա հենց այն է, ինչ թշնամին է ուզում եւ այդպիսով մեր կյանքը փաստորեն կանգ է առնում։ Վերջիվերջո ազգային ինքնությունն, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք, որոշվում է մշակույթով, նաեւ մշակույթն է մարդկանց դուրս բերում ծանր հոգեկան վիճակից»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30