Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բռնիր տիկնոջդ ձեռքից եւ «Երկրի հակառակ երեսին» փորձեք մի կերպ տեղավորվել». Հռիփսիմե, բանաստեղծուհի

Նոյեմբեր 26,2020 13:30

Հարցում՝ ստեղծված իրավիճակի մասին

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիայի համաձայնագիրը վարչապետի կողմից ստորագրվելուց հետո մեզնից յուրաքանչյուրը հայտնվեց անլույս հեռանկարի առաջ: Երեւանն, ասես, մի օրում ծերացավ, մարդիկ չեն ժպտում, տխուր են ձայները, նաեւ այն պատասխանները, որոնք մեր շրջայցի ժամանակ իրենց պատասխան խոսքում զգացվեց:

Ի՞նչ են մտածում երեւանաբնակները ստեղծված իրավիճակի մասին: Ներկայացնում եմ առանց մեկնաբանության:

Համլետ: -Մեր տունն ու հայրենիքը զոմբիները քանդեցին:

Մարինե Արամյան, մենեջեր: -Ես չեմ կարող հավատալ, որ այսքան ողբերգական դեպքերից հետո հնարավոր է լույս բացվի:

Հասմիկ Պարոնյան, զինծառայողի մայր: -Ես չեմ ուզում հանձնվել, իմ տղան ու նրա համածառայակիցները դեռ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ: Բայց մի բան ինձ տանջում է. մեր տղաներին ինչու արձակուրդ չեն տալիս: Մի՞թե այսքան փորձություններից, այս մեծ կորուստներից հետո հնարավոր չէ նրանց գոնե մեկ շաբաթով արձակուրդ տալ, բոլորին:

Վարդգես, թոշակառու: – Մեր երեխաներն անհայտության մեջ են, մի մասը անմարդկային խոշտանգումների մեջ է: Երկրում քաոս է: Մենք պետականություն ենք կորցնում: Ու չկա այն ուժեղ ձեռքը, որ ասի`կանգ առեք, հեռացեք:

Արվեստագետ: -Ամեն մեկս մեր ոլորտում պետք է գործենք, որովհետեւ պայքարը նոր թափ պետք է հավաքի, եւ բոլոր հայերի հայացքը, որտեղ էլ լինեն նրանք, միայն Հայաստանին պետք է ուղղված լինի։ Կա՞ ուրիշ տարբերակ։ Ես չեմ ուզում հանձնվել, չեմ ուզում` պատերազմը մեր վերջը լինի, ուզում եմ այն մեր մեջ ապրելու կիրք առաջացնի, ու սա գուցե փրփրուրներից կառչելու ձեւ է, բայց գործելու միջոց է:

Մարի Սարգսյան, ուսանող: -Հանդուրժեցի՞նք։ Չէ, ազգովի մենք միայն մերժում էինք նախկիններին, ու արդյունքում այսպիսի ընտրություն ստացվեց։ Հիմա ավելի վատթար վիճակում ենք՝ այլեւս ոչ մեկին չենք կարողանալու վստահել։

Հռիփսիմե, բանաստեղծուհի: – Սկզբունքների դավաճանությունը եսի կորուստ է, Նիկոլ։ Քո երկրպագած քաղաքական դավանանքը իր հետ բերեց պատերազմ, ատելություն, տագնապ, անքնություն, քաոս, ինքնամերժում ու ցավ։
Գնա ինքդ քեզ խոստովանելու, որ ավերումիդ մուրճը խանգարեց փառատենչությանդ։ Այն քո ուսած մեղքերից մեկն է, մեխը։Ամենօրյա գահավիժումդ լավատեսության խոստում չունի։
Հեռացիր, թող Երկիրը գտնի իր բաժին ճիշտը եւ խարխափումով դուրս գա արեւերես։ Հիմա դու թիրախ ես հարձակումների ու մերժման։ Այդ ի՞նչ պիտի անես, որ ներվես։
Հույսի ու հավատի փշրված ապակիներ են շուրջդ։ Անհասանելիությունդ պաշտպանիչ զրահ չունի։ Տար քեզ հետ անանցանելիության այս խավարը, բռնիր տիկնոջդ ձեռքից եւ «Երկրի հակառակ երեսին» փորձեք մի կերպ տեղավորվել։
Ցնդեց խոստումնաբեր միֆդ, մնաց մերկության չափ ցուցադիր քո տեսակը, այնպես՝ ինչպես որ կաս։ Գթասիրտ եղիր, որ ազգովի դուրս գանք այս ձախապտույտ պաշարումից։ Գնա։

Զինվորի հայր: -Ներեք, տղաներ, շատերիդ թաղմանը չկարողացա գալ: Առաջնահերթ, պետք է գտնել ձեզ, ձեր դիակները, միայն անուններն են, մարմինը չկա: Եթե չկա մարմինը, հնարավոր է՝ ողջ եք,…դուռս բաց է:

Երեւանցի: -Թավշյա ախոռները պետք է մաքրել, ու դա առաջին քայլը պետք է լինի: Ռազմական դրությունը հանեք, այ վախկոտներ:

Տարեց կին: -Եթե Կարեն Կարապետյանը հին է, բերեք նրան, տարեք ձեր նորերին` Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին, տարեք ձեր նորերին, թող նա գա, վեց ամսով, այս անհասկանալի անորոշ ձմռան շեմին կառավարության պուլտը ձեռքը վերցնի, գործ անի, այն գործը, որից հասկանում է ավելի, քան դուք:

Երեւանաբնակ: -Ոնց է ձեր հացը կուլ գնում, քանի գերի ունենք: Առաջնահերթ նրանց խնդրով զբաղվեք: Մի կատարեք ստորագրված փաստաթղթով պայմանավորվածությունները, քանի մեր գերեվարված տղաների ու խաղաղ բնակիչների հարցը չի լուծվել: Դրա համար տղամարդ ղեկավար է պետք: Պատվազրկված ղեկավարը չի կարող:

Սարգիս: – Ձեւական փոփոխություններով երկիրը առաջ չի գնա: Մի հատ թերթով հարցրեք Փաշինյանին, Վաղարշակ Հարությունյանը ձեր կապիտուլյացիայի ակտից տեղյակ չէ՞ր, որպես խորհրդական, ինչո՞ւ պարտվող խորհրդականին բերեցիք պաշտպանության նախարար, որ ինչ անի, հիմա ի՞նչը հանձնեք միասին:

Աիդա Կարապետյան, ուսուցչուհի: -Հետ բերեք մեզնից խլված հավատը:

Արմեն Վարդանյան: -Փաշինյանը միանշանակ պետք է հեռանա, իր թիմով: Հայաստանում չկա պետություն, պետական կառույցները չեն պաշտպանում պետության, հանրային շահը: Պատերազմը բացեց բոլորիս աչքերը, ցույց տվեց ֆեյսբուքյան լայվերից դուրս մի ցավոտ իրականություն: Սահմանները թշնամու առաջ բացելուց հետո շատերը կհեռանան:

Չցանկացավ ներկայանալ: – Լենա Նազարյանի միջոցով նախկիններին մեղադրում են իրենց գրպանը իշխանություն գցելու մեջ։ Ինչ ասես: Հայ ժողովուրդն արժանի չէր այս իշխանությանը:

Անհետ կորածի մայր: -Վերադարձրեք տղայիս: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հապաղելու իրավունք չունի հայ ռազմագերիների ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաեւ վերադարձը կազմակերպելու ու իրականացնելու հարցում:

Պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30