Հայաստանի այսօրվա վիճակը արդյո՞ք կանխատեսելի էր: Այո՛, կանխատեսելի էր: Պետք է ասեմ, որ կարող էին տեղի ունենալ ավելի կատաստրոֆիկ զարգացումներ, որոնք մեր ժողովրդի համար կունենային անդառնալի հետեւանքներ, ընդհուպ մինչեւ պետականության վերացում: Մեր բախտը չբերեց պետական ապաշնորհ կառավարման պատճառով: Լինելով լավատես՝ կուզենայի հավատալ, որ պատերազմի այս խայտառակ արդյունքը իշխող կառավարության անփորձության եւ մանկամտության արդյունք է, ոչ թե նախօրոք պլանավորված պետական դավաճանություն: Կարծում եմ կասկածի այս երկու տարբերակներն էլ հետագայում ավելի հստակորեն կդենտիֆիկացվեն եւ կստանան լրջագույն գնահատական: Ինչեւէ, եղածն արդեն իսկ փաստ է եւ հարկավոր է շարունակել ապրել: Հաջորդ հարցն է՝ ինչպե՞ս ապրել:
Շիլա եփողներ
Ակնհայտ է, որ այս շիլան եփողները պետք է անպայման եւ անվերադարձ հեռանան: Անվերադարձ պետք է հեռանան նաեւ այս շիլա եփողների համահեղինակ նախորդ իշխանությունները. նրանք՝ ովքեր երկիրը հասցրեցին այնպիսի վիճակի, որ ժողովուրդը ստիպված էր գնալ անփորձ, բայց իրենց ականջներին հաճո ճառեր ասողների հետեւից: Բացի այդ, մենք սիրում ենք անընդհատ պնդել, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք: Ընդհանրապես ասած՝ ես համաձայն եմ այդ պնդման հետ: Սակայն պետք է ասեմ, որ մեզ միշտ խանգարել է անհեռատեսությունը, պատմությունից դասեր չքաղելը, տեղին ու անտեղին մեր պատմական թշնամիներին թերագնահատելը, իսկ ինքներս մեզ՝ գերագնահատելը:
Ապագա ղեկավարները
Մեր պետական նավը դեպի ապագա տանել ցանկացող պոտենցիալ ղեկավարը պետք է ունենա աննկարագրելի նվիրվածություն երկրի եւ ժողովրդի նկատմամբ: Նա պետք է գիտակցի, որ մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում բազմաթիվ փորձությունների է ենթարկվել եւ իրոք արժանի է ու վաստակել է լավ ապրելու իրավունքը: Մեկ անգամ եւս հուսախաբ լինելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր ազգի եւ պետականության վրա: Ողնաշարը կոտրված ժողովրդի համար հանրահավաքներին «Նիկոլ հեռացի՛ր» կարգախոսը բավարար հիմք չէ 17 կուսակցությունների հետեւից գնալու համար: Այդ է պատճառը, որ հավաքները մարդաշատ չեն: Ես ավելի քան համոզված եմ, որ այսօր ժողովուրդը ոչ ոքի չի ուզում հավատալ, ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ որեւէ մեկին: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի բարոյահոգեբանական վիճակում են գտնվում մեր՝ շուրջ 5000 զոհված, հարյուրավոր անհետ կորած եւ ավելի քան 10000 խեղված զինվորների հարազատներն ու բարեկամները: Միտինգները նրանց համար երկրորդական են: Այսօր մեր ժողովուրդը հոգեբանի ծառայությունների կարիք ունի եւ լավ կլիներ միտինգներին ելույթներ ունենային նաեւ մեր ճանաչված հոգեբանները: Իսկ մեր ապագա պետական այրերը հանրահավաքների ժամանակ համոզիչ ձեւով ժողովրդին պետք է բացատրեն, որ կյանքը այս պատերազմով չի ավարտվել, այն շարունակվում է: Նրանք պետք է ժողովրդին ներկայացնեն մեր վերքերի ապաքինման ճանապարհային քարտեզ:
Համակարգային կառավարում
Քանի որ ես ունեմ ավելի քան 25 տարվա գիտական եւ վարչական պաշտոններ զբաղեցնելու փորձ (հետազոտական լաբորատորիայի վարիչ, ամբիոնի վարիչ, դեկան, ԵՊՀ պրոռեկտոր, ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ), կարծում եմ կարող եմ ինձ իրավունք վերապահել հիշեցնելու մեր ապագա կառավարիչներին համակարգային կառավարման նրբությունների մասին: Բնության մեջ գործում է մի շատ կարեւոր սկզբունք: Դասական փիլիսոփայության մեջ այն անվանում են պատճառականության սկզբունք, կամ դետերմինիզմ: Դետերմինիզմը պնդում է, որ բնության մեջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները հիմնավորված են եւ պայմանավորված են պատճառահետեւանքային կապերով: Ինչ պետք է տեղի ունենա համաձայն դետերմինիզմի՝ անպայման տեղի է ունենալու: Այս երեւույթը անկախ է մեր ցանկություններից, այս կամ այն հարցի շուրջ մեր դրական կամ բացասական վերաբերմունքից:
Սակայն դետերմինիզմին առանձնահատուկ է գիտության մեջ հայտնի սիներգետիկ էֆեկտը. ժամանակին ֆիքսելով պատճառահետեւանքային պարամետրերը եւ դրանք դասավորելով ճիշտ հերթականությամբ՝ կարող ենք ստանալ նախօրոք պլանավորված եւ մեր կողմից ցանկալի արդյունք՝ մեզ նպատակահարմար ժամկետում: Այս առանձնահատկությունը անչափ ակտուալ է դառնում մի իրավիճակում, երբ դետերմինիզմով պայմանավորված իրադարձության լինել-չլինելը ունի պետության համար սկզբունքային, գոյաբանական նշանակություն: Այս ամենը համակարգային կառավարման այբուբենն է: Այս պարզագույն ճշմարտության ադեկվատ ընկալումը բոլոր ժամանակներում եղել է եւ լինելու է երկրների կառավարիչների ճիշտ աշխատանքի կարեւորագույն բաղկացուցիչ մասը: Այն պետական այրերը, որոնք սա չեն ընկալում, թեկուզ կառավարման առանձին դրվագներում ունենալով առանձին հաջողություններ, դատապարտված են վերջնական անհաջողության եւ հետագայում հասարակության կողմից մերժման: Սակայն կցանկանայի հավելել, որ լուրջ արդյունքներ ստանալու համար համակարգային կառավարման գիտելիքների առկայությունը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Խիստ անհրաժեշտ է նաեւ նպաստավոր նախնական պայմանների առկայությունը:
Կարդացեք նաև
Կարո՞ղ ենք դառնալ Իսրայել
Այս օրերին շատ է հնչում Իսրայել դառնալու միտքը: Տեղադրում եմ աշխարհի հզորագույն պետական, քաղաքական գործիչներից մեկի՝ Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի մի քանի տարի առաջ Կիեւում արտասանած ելույթից հատված: Այստեղից կարելի է հետաքրքիր հետեւություններ անել, որոնք կօգնեն մեր հետագա անելիքների պլանավորման ժամանակ: «Մենք երազում էինք մեր սեփական երկիրն ունենալու մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, մեր երազանքը չէր: Այդ ժամանակ մենք ամբողջովին միայնակ էինք, չունեինք եղբայր՝ կրոնի մեջ, քույր՝ լեզվի մեջ, վստահելի հարեւան՝ պատմության մեջ: Այս ամենը կատարվեց Հոլոքոստից հետո: Մենք եկանք այստեղ ու ընդհանրապես չգիտեինք, թե ինչ պետք է անենք, ինչից պետք է սկսենք: Իրապես չգիտեինք: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում անապատ էր ու քարեր: Այդ հողում երկու լիճ կար՝ մեկը մեռած էր, երկրորդը՝ մահանում էր: Հայտնի մի գետ կար, սակայն նրանում գրեթե ջուր չկար: Ավելի ճիշտ՝ ջուր ընդհանրապես չկար: Որեւէ բնական ռեսուրսներ նույնպես չկային. ո՛չ ոսկի, ո՛չ նավթ: Այդ ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արեւելքում կան երկու տեսակի երկրներ՝ նավթային երկրներ ու սուրբ երկրներ: Մեր երկիրը լիակատար բավարարում էր սուրբ երկիր կարգավիճակին, որովհետեւ այնտեղ ընդհանրապես ոչինչ չկար … Մենք մտածեցինք եւ հասկացանք, որ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդի՛կ հարստացրեցին երկիրը, այլ ոչ թե՝ երկիրը մարդկանց… Մենք չունեինք ո՛չ բավարար մարդկային ռեսուրսներ, ո՛չ զենք եւ զինամթերք: Մենք երբեք չէինք պատերազմել, ունեինք ընդամենը 450 հազար բնակիչ, բացակայում էին փորձառու հրամանատարները, բացարձակապես չունեինք ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը՝ փաստացիորեն ընթացող պատերազմի պայմաններում: Ի՞նչ կարող էինք անել այս պարագայում: Կարող էինք անել երկու բան`
1. Մարդիկ պետք է դառնային խիզախ ու քաջ: Նրանք պետք է հասկանային, որ մենք չունենք ընտրություն, մենք պետք է միմիայն հաղթենք: Եթե գոնե մեկ անգամ պարտվեինք՝ այն կլիներ մեր անխուսափելի վախճանը:
2. Քանզի մենք չունեինք զենք, պետք է սկսեինք այն արտադրել:
… Անհրաժեշտ է հիշել, որ բոլոր մարդիկ Աստծո կողմից շնորհված են մեծ ներուժով: Եթե ցանկանում ենք հասնել ինչ-որ բանի, այդ ներուժը պետք է ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղը օգտագործենք: Ոչինչ երկնքից չի ընկնում:
Մի՛ եղեք վատատեսներ. դա ժամանակի դատարկ վատնում է, հատկապես, երբ ժամանակը շատ արագ փոխվում է եւ այն ունի մեծ արժեք: Պետք է գնալ գիտության ետեւից: Գիտությունը սահմաններ եւ սահմանափակումներ չունի: Մի՛ փորձեք փորփրել անցյալի հարցերը եւ ապրել անցյալով: Ես նույնիսկ չգիտեմ, թե դա արդյոք հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ընդհանրապես ասած, անցյալը ոչ մի լուրջ դեր չի կարող կատարել: Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները: Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ էլ առավել եւս հույս: Մարդկանց մեծամասնությունը թուլակամ է եւ նախընտրում է միմիայն հիշել անցյալը, ապրել այդ անցյալով եւ ոչ թե պատկերացնել ապագան: Նման վարքագիծը ամենամեծ սխալն է: Ի՞նչ եք ցանկանում հիշել: Բոլոր սխալները, որոնք կատարվե՞լ են: Պատմության վրա չի կարելի ապավինել: Պատմաբանները թագավորների ազդարարներն էին եւ նրանց, ովքեր իշխանության գլխին էին. նրանք ասում էին այն, ինչ պետք էր այդօրվա իշխանավորին:
Մարդիկ չգիտես ինչու միշտ վախենում են ինչ-որ բանից… Մի՛ վախեցեք: Դա ճիշտ չէ, միայն Աստված գիտի, թե ինչ կլինի վաղը մեզ հետ»:
Շիմոն Պերեսի ելույթից բերված մեջբերումների նպատակն է ցույց տալ, որ ունենք զարգացման համար անհամեմատ ավելի լավ նախնական պայմաններ, քան ուներ Իսրայելը, այն է՝
– ավելի մեծ տարածք (Իսրայելի տարածքը կազմում է շուրջ 20 հազար ք/կմ անորակ հողային տարածք, իսկ մերը՝ շուրջ 33 հազար ք/կմ՝ Արցախի հետ միասին),
– Իսրայելից ոչ պակաս, կասեի նույնիսկ առավել, որակյալ մարդկային ռեսուրսներ եւ հզորագույն սփյուռք,
– պատերազմում կոփված փորձառու զինվորականներ եւ հրամանատարներ,
– սեփական զենք եւ զինամթերք արտադրելու արդեն իսկ հաջողված փորձառություն,
– Ռուսաստանից բացի, մեր նկատմամբ բավականին լավ տրամադրված հարեւան երկրներ (իսլամական աշխարհի հարեւան մի շարք երկրներ, Չինաստան, Հնդկաստան եւ այլն),
– պետականություն ունենալու ընդհատված, բայց այնուամենայնիվ լրջագույն փորձ,
– ջրային եւ բնական ռեսուրսների բավականին լուրջ պաշարներ (մոլիբդեն, պղինձ, բնական շինանյութեր եւ այլն):
Այսպիսով…
Ես կարծում եմ, որ մենք պատերազմը դեռեւս տանուլ չենք տվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, որը մեզ համար ակնհայտ բացասական արդյունքներից զատ, տվեց մի քանի կարեւոր դասեր եւ պատասխաններ այն հարցին թե «ինչպե՞ս ապրել».
1. Մեր հիմնական վստահելի դաշնակիցը Ռուսաստանն է եւ մեր ու Ռուսաստանի շահերից է բխում Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում: Ռուսաստանին Թուրքիայի էքսպանսիայից զերծ պահող ամենակարեւոր երկրները Հայաստանն ու Արցախն են. Հայկական երկու պետությունները մեր բնական դաշնակից Ռուսաստանին պետք են անկախ պետությունների կարգավիճակում: Պատճառները հասկանալի են. ցամաքային սահմանի բացակայություն (որը կարծում եմ, մոտ ապագայում դրական լուծում կստանա), միջազգային կառույցներում լրացուցիչ ձայներ ունենալու հնարավորություն:
2. Պետք է նախապատրաստվել վճռորոշ պատերազմի, որը կարող է ցանկացած ժամանակ տեղի ունենալ: Անհրաժեշտ է ուժեղացնել բանակը, հզորացնել մեր ռազմական արդյունաբերությունը, կրթությունը եւ գիտությունը:
3. Անհրաժեշտ է հստակեցնել մեր հարաբերությունները Վրաստանի եւ ՀԱՊԿ-ի որոշ երկրների հետ:
4. Անհրաժեշտ է ձեռք բերել նոր, վստահելի դաշնակիցներ, հիշելով, որ այդ ցանկում չի կարող լինել Իսրայելը: Այն չի կարող լինել մեր դաշնակիցը մի շատ պարզ պատճառով. Հայաստանի ցանկացած հաջողություն եւ ուժեղացում բերելու է տարածաշրջանում Իսրայելի ռազմաքաղաքական նշանակության նվազմանը եւ Հայաստանի ռազմաքաղաքական նշանակության աճին:
Կոնկրետ ի՞նչ քայլեր անել գալիք 1,5-2 տարիների ընթացքում
Պետական կառավարման համակարգում պետք է ներգրավվեն համայն հայության արհեստավարժ մասնագետները: Նրանք մատչելի ձեւով ժողովրդին պետք է համոզեն, որ առաջիկա 1,5-2 տարում մեր վերքերը հիմնականում ապաքինվելու են, հետեւյալ քայլերի շնորհիվ՝
– Զոհվածների եւ վիրավորների համար պետք է իրականացնել պետության կողմից մեծ երաշխիքներով սոցիալական ծրագրեր:
– Կֆիքսվեն մեր պետության տնտեսության զարգացման եւ անվտանգության ապահովման կարեւորագույն գերակայությունները;
– Կստեղծվեն նոր աշխատատեղեր:
– Հաշվի առնելով նոր պատերազմների տեխնոգեն բնույթը, շատ արագ, 6-7 ամսվա ընթացքում պետք է մշակել եւ համապատասխան ժամանակացույցով հաստատել բանակի եւ ռազմական արդյունաբերության, կրթության եւ գիտության զարգացման նոր ուղենիշներն ու համապատասխան ծրագրերը:
– Տնտեսության բոլոր ոլորտները պետք է ֆիքսեն իրենց առաջիկա տարիների գերակայությունները եւ համոզիչ ձեւով ապահովեն կայուն զարգացում:
– Միջազգային ասպարեզում անվերապահ առաջնությունը տալով մեր բարեկամ Ռուսաստանին: Միաժամանակ ստեղծել սերտ ռազմատեխնիկական համագործակցություն մեզ համակրող բազմաթիվ երկրների հետ:
– Արցախի հարցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է ձեւավորել բանակցային գործընթացի նոր մոտեցումներ:
– Մեկընդմիշտ եւ անվերապահորեն ֆիքսել, որ Հայաստանում եւ Արցախում պետք է լինի օրենքի գերակայություն:
– Հայ մարդը պետք է լինի մեր բոլորի ամենամեծ հարստությունը: Բոլոր տեսակի տարանջատումները սեւերի եւ սպիտակների պետք է ընկալվեն որպես ազգային դավաճանություն մեր ամենակարեւոր արժեքի՝ հայ մարդու նկատմամբ եւ դուրս պետք է մղվեն մեր շարքերից:
– Հայաստանը իրավմամբ պետք է դառնա աշխարհի բոլոր հայերի հայրենիքը:
– Առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում Հայաստանում եւ Արցախում անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ բիզնես մթնոլորտ՝ առաջին հերթին հայ եւ հետո նաեւ օտար ներդրողների համար:
– Ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որ յուրաքանչյուր հայ ընտանիք իր եւ իր երեխաների ապագան կապի Մայր Հայրենիքի հետ եւ Հայաստանում ապրելը դառնա ոչ միայն երազանք, այլեւ իրականություն ցանկացած հայի համար:
– Այսպիսով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մեր քաղաքացին պետք է հպարտանա իր քաղաքացիությամբ, այլ ոչ թե ամեն գնով ուզենա դառնալ գաղթական:
Մեր պետության ապագա ղեկավարնե՛ր, գիտակցե՛ք մի պարզագույն ճշմարտություն. մեր ժողովրդի պատմության մանրակրկիտ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանը կարող է կայուն զարգանալ, հզորանալ միմիայն հայ ժողովրդի միասնականության շնորհիվ: Մենք կարող ենք դառնալ տարածաշրջանային կարեւորագույն գործոն՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ իրավական պետությունը բնութագրող բոլոր ատրիբուտների խիստ պահպանման պայմաններում:
Այսուհետ քաղաքագետներն ու պատմաբանները պետք է ուսումնասիրեն, թե ինչ տեղի ունեցավ, տան դրանց համապատասխան գնահատականներ եւ վերջ: Այդ ամենը մեզ պետք է հետայսու սխալները չկրկնելու համար. մեր հայացքը պետք է ուղղենք դեպի ապագա:
Ուրեմն, եկեք ֆիքսենք մեր իրական բարեկամներին, ընդգծված եւ ոչ այնքան ընդգծված թշնամիներին, եւ անցնե՛ նք ստեղծագործ աշխատանքի:
Սամվել Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ,
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
25.11.2020