Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես անձամբ ուղղակի աններելի եմ համարում ինչ-որ համաձայնության կառավարություններ ստեղծելը, ժամանակ ծախսել այդ անհամաձայնների հետ, մաշել մարդկանց նյարդերը»

Նոյեմբեր 26,2020 14:00

Լենա Նազարյանը՝ դավաճանության, 7 շրջանների վերադարձի մասին սոցհարցման տվյալների, Նիկոլ Փաշինյանի դերի ու ստորագրված փաստաթղթի մասին

Շուշին բերդաքաղաք է ու Շուշին հնարավոր չէ գրավել, եթե չլինի դավաճանություն: Այսպես էին վստահեցնում զինվորականները պատերազմի օրերին:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ եղե՞լ են դավաճանական քայլեր՝ կոնկրետ Շուշին գրավելիս՝ պատասխանեց. «Կոնկրետ Շուշիի հետ կապված ես տեղեկություններ չունեմ, բայց դավաճանական գործողությունները ինձ հայտնի են այն կոնտեքստում, որ զինվորներին ասել են՝ այս պատերազմը ծախված է, իմաստ չունի պայքարել, այդպիսի խոսակցություններ են եղել զինվորականների շրջանում: Այդ մարդկանց շրջանակը կամ հայտնի է, կամ ճշտվում է, եւ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ ընդդիմադիրները տեսան մեղադրանք, որ ճիշտ է, Փաշինյանը դավաճան չէ, բայց անգործունակ է՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի 19-ին իրավիճակը սթափ չի գնահատել ու չի գնացել ավելի բարենպաստ պայմաններով հարցի լուծմանը: Հարցին՝ Փաշինյանին սխա՞լ են զեկուցել, որ չի պատկերացրել ինչ է կատարվում՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 19-20-ի միջակայքում, երբ ռազմական ղեկավարությունը հաղորդում էր, որ ռազմաճակատում դրությունը ծանր է, փաստացի Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը համաձայնում են 7 շրջանների վերադարձին, Ալիեւը չի համաձայնում այդ տարբերակին եւ ավելացնում է Շուշին: Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը չեն համաձայնում, որովհետեւ դա կնշանակեր Շուշիի հանձնում, որովհետեւ Շուշի կվերադառնային փախստականներ, որոնք մեծամասնությամբ ադրբեջանցիներ են: Տրամաբանությունը լինում է այն, որ մենք դեռ կարող ենք, թեեւ ծանր է վիճակը, եղած ուժերով պայքարել, որովհետեւ Շուշին բերդաքաղաք է եւ հնարավոր է ռազմական հաջողություն, բեկում լինի: Այդպես են մտածել ռազմական եւ քաղաքական ղեկավարները: Բայց իրադարձություններն այնպես են զարգացել, որ Շուշին ընկել է, Շուշին գրավել են եւ հենց այդ կետում է հնարավոր եղել այդ հայտարարության ընդունումը: Այսինքն, հենց Շուշիի անկման կետն է եղել այդ պահը, երբ այդ իրավիճակում ոչ մի զոհ չէր լուծելու որեւէ ռազմավարական խնդիր: Այստեղ ես չեմ հասկանում՝ ի՞նչ հանձնման մասին է խոսքը, կամ ինչի՞ հետ չհամաձայնվելու մեղադրանք կա»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ չե՞ք խոսել, ինչո՞ւ նա ժողովրդի առջեւ չկանգնեց ու չասաց՝ իրավիճակը սա է, 44 օր շարունակ ասում էր՝ մենք հաղթելու ենք, հաղթում ենք՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես հիշեցնեմ, թե ինչ պայմաններում է հնարավոր եղել այդ հայտարարության ընդունումը: Երբ պաշտպանության նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը, Արցախի ղեկավարությունն ասել են, որ պատերազմը կանգնեցնելը ծայրահեղ անհրաժեշտություն է, այսինքն, դա տեղի է ունեցել մի պայմաններում, երբ հնարավոր չէր այլ տարբերակ: Այսինքն, այդ հայտարարությունը մի վատ առաջարկ չէր, որը կբերվեր խորհրդարան, հետո՝ նախագահական եւ մենք կասեինք՝ չէ, համաձայն չենք, քննարկում ենք եւ մերժում ենք, ի՞նչ էր դրանից փոխվելու: Ռազմական դրությունը դա էր: Նույնիսկ ՌԴ նախագահն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այդ հայտարարությունը չի քննարկվել: Այդ հայտարարությունը, այո, մենք կարող ենք պատռել, գցել մի կողմ, բայց պետք է հասկանալ, որ դրանից հետո պատերազմը կշարունակվի եւ դա կլինի իսկապես ինքնասպանություն մեզ համար: Այսինքն, այդ հայտարարությունը, փաստաթուղթը չուներ այլընտրանք: Եվ այն կողմերը, որոնք ասում են, որ հնարավոր է այդ փաստաթուղթը վերաբանակցել, ստում են: Այդ հայտարարության տեքստը հնարավոր է փոխել միայն ռազմական դրության փոփոխության պարագայում՝ հօգուտ մեզ, բայց դա հնարավոր չէ»:

Դիտարկմանը, որ ռազմական դրության պայմաններում գլխավոր գերագույն հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, նա պիտի տիրապետեր իրավիճակին ու պիտի իմանար, որ մենք չենք կարող հաղթել այսպես՝ Նազարյանը արձագանքեց. «Նա տիրապետում էր իրավիճակին: Իհարկե, ԶՈՒ գլխավոր շտաբն այդ տեղեկությունները հաղորդում էր»: Հարցին՝ բա ո՞նց պիտի բեկում մտցնեինք, երբ տեսնում էր, որ ե՛ւ դիվանագիտական ճակատում էինք պարտվում, ե՛ւ ռազմի դաշտում, ի՞նչ բեկում պիտի մտներ՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Մտածեցին, որ Շուշին բերդաքաղաք է եւ կար խոսակցություն, որ մեր զինված ուժերը, գտնվելով բարձրադիր դիրքում, կկարողանան ավելի պաշտպանված լինել»: Հարցին՝ ռեսուրս չունեինք՝ ինչպե՞ս պիտի պաշտպանվեինք՝ նա պատասխանեց, որ ռեսուրսի պակաս եղել է սկզբնական շրջանում, հետո մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում ՌԴ-ի հետ մատակարարվել է:

Հարցին՝ ձեր ամենամեծ պարտություններից մեկը համարում են դիվանագիտական ճակատում պարտությունը, ընդդիմադիրների այդ մեղադրանքի հետ համամիտ չե՞ք՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պատերազմը բոլոր ժամանակների քաղաքական գործիչների պարտությունն է: Մենք բոլորս պարտվել ենք: Բոլոր քաղաքական գործիչները պարտված են, պատերազմը քաղաքականության պարտությունն է եւ այս խոսակցությունը մենք պետք է շատ երկար շարունակենք: Արցախի հարցը երկար ժամանակ դիտարկվել է որպես փորձագիտական խմբերի քննարկման թեմա, դիվանագետների թիմա, կես խոսակցություններ են եղել, մարդիկ չեն հասկացել ինչ է տեղի ունենում, մենք ինչ իրադրության առաջ ենք: Բայց փաստացի, ժողովրդի որդիներն են գնացել զոհվել: Հիմա ես կարծում եմ, որ բոլորը, Հայաստանում ապրող բոլոր մարդիկ պետք է մանրամասն տեղեկանան, թե ինչ դրություն է Արցախի հարցի հետ կապված, որը դեռ լուծված չէ: Հանուն զոհված 18 տարեկանների եւ հանուն գալիք 18 տարեկանների ոչ մեկը չպետք է անտարբեր մնա, ոչ մեկը չպիտի մտածի, որ այս հարցը կլուծեն դիվանագետները, փորձագետները կամ չգիտեմ ով»:

Դիտարկմանը՝ նախկին իշխանությունները ձեզ նաեւ մեղադրում են, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու ասաց՝ բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, երբ արդեն կար Վիեննայի, Սանկտ Պետրբուրգի բավականին շահեկան պայմանավորվածությունները՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Դե ունեին պայմանավորվածություններ, բայց այդ պայմանավորվածությունները չէին պահվում: Խոսքը վերահսկման մեխանիզմների մասին է: Դա չէր անտեսվում, դրա մասին ասվում էր, բայց հայտնի բան է, որ Ալիեւն է դրանից հրաժարվել: Ինչ է, մենք ասել ենք, որ չե՞նք ուզում, իհարկե, ուզել ենք եւ խոսել ենք դրա մասին:

Առաջնահերթը, իհարկե, ԼՂ կարգավիճակի հարցն էր, որի հետ կապված կոնսենսուս չկար: Եվ ասեմ նաեւ, որ հանրությունը շատ երկար ժամանակ մերժողական էր տրամադրված այդ խոսակցությանը: Ես նաեւ ուսումնասիրում եմ շատ հանրային հարցումներ. 2016-ին Արցախի բնակչության 99,9 տոկոսը մի հարցման է մասնակցել, որտեղ ասել է, որ դեմ է շրջանների վերադարձին՝ անգամ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման պարագայում: Այո, այդպիսի հարցում կա: Այսինքն, ստացվում է, որ մեր հանրությանը ասեղի ծայրի չափ տեղ չկար խոսելու այդ ձեւով հարցի լուծման համար»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ այս կառավարության ծրագրի խոստումները չեն կատարվել այս կամ այն պատճառով՝ կորոնավիրուս, տնտեսական ճգնաժամ եւ այլն, հիմա ինչպե՞ս մարդիկ էլի հույս կապեն այս կառավարության նոր ճանապարհային քարտեզի հետ, թե դուք բեկում եք մտցնելու, հույս կա՞, որ կլինի շրջադարձ՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը ավելի շատ կայունացնող գործոն է, քան ապակայունացնող: Դուք տեսաք, որ Հանրապետության հրապարակում հավաքվել էին զինվորականներ եւ միակ մարդը, ով խոսեց նրանց հետ՝ կոչ անելով չլարել դրությունը եւ գնալ տուն, Նիկոլ Փաշինյանն էր: Մեկ ուրիշը չէր կարող այդ դերը ստանձնել եւ կատարել: Եվ ես կարծում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանը կկարողանա պետական կառույցների մասնակցությամբ, աջակցությամբ իրականացնել այդ ծրագիրը, որը շատ ավելի հրատապ է, քան ցանկացած քաղաքական այլ իրադարձություն, որովհետեւ մենք հումանիտար աղետի առաջ ենք: Կան մարդիկ, որ զրկվել են տներից, համավարակ է, հազար ու մի հարցեր կան հումանիտար, որոնք այսօր պիտի կառավարությունը լուծի: Չկա ուրիշ քաղաքական հարց: Ես անձամբ ուղղակի աններելի եմ համարում որեւէ այլ հարցով զբաղվելը, ինչ-որ համաձայնության կառավարություններ ստեղծելը, ժամանակ ծախսել այդ անհամաձայնների հետ, մաշել մարդկանց նյարդերը եւ զբաղվել Աստված գիտի ինչով, ինչ արդյունք ունենալով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30