Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հետ չեմ գնա, 23 տարի տուն դրեցի, մնաց թուրքին». (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2020 22:30

Երեւանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում առավոտից հերթեր են․ արցախցիներն են գալիս բազմաթիվ խնդիրներով, շատերը վերադարձի տեղ չունեն, ոմանք՝ մոլորված, չգիտեն՝ վերադառնա՞ն, թե՞ ոչ, իսկ եթե այնտեղ անվտանգ չէ։ Նրանք մարդիկ են, որոնք կորցրել են տուն, գյուղ, քաղաք, զավակ, եղբայր, հարազատ։

Ամեն օր շտաբ են գալիս հազարավոր արցախցիներ։ Այս օրերին մարդկանց հոսքն ավելացել է, լսել են՝ կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում՝ 68 եւ 300 հազարական դրամ, գալիս են իմանալու՝ ինչպե՞ս են ստանալու, բա հետո ի՞նչ է լինելու, ինչպե՞ս են ապրելու։

Կարինե Չախալյանի ընտանիքը 24 տարի բնակվել է Քարվաճառում, տուն-տեղ են ստեղծել, ասում է՝ երեխաներն այնտեղ են ծնվել, մեծացել, դպրոց գնացել, հետո՝ բանակ․«Վեց տղա ունեմ, հինգս ծառայել, եկել են, մեկս չի եկել, մեկիցս ոչ մի տեղեկություն չունեմ։ Որտեղ դիմում ենք՝ ոչ մի լուր չունեն, ոչ մի օգուտ չկա»։

Պատերազմի օրերին տեղափոխվել են Հայաստան։ «Եկել ենք տուն վարձել, տեսնենք՝ ինչ կլինի։ Դե շտաբում ասացին՝ կօգնենք, տեսնենք՝ երբ կօգնեն»,-ասում է տիկին Կարինեն։ Ինքն ուզում է վերադառնալ Արցախ՝ եթե այնտեղ իրենց տուն տան, օգնեն տնտեսություն ստեղծել։ Խոսակցությանը միջամտում է ամուսինը․«Ես հետ չեմ գնա, 23 տարի տուն դրեցի, մնաց թուրքին, էս տարիքում գնամ, նորից տուն դնե՞մ, ես էդքան կապրե՞մ։ Չես էլ կարա ասես՝ անվտա՞նգ է։ Ի՞նչ գիտես, կարող է մի ամիս հետո թուրքերը մտնեն, գիշերով լցվեն տները՝ մարդկանց փրթեն։ Էդ, որ ասում են՝ ռուսների բանակը էնտեղ նստած է, բա որ էնտեղ է, թող թողնեն գնամ իմ էրեխուս հանեմ ընդեղից, Հադրութում է զոհվել, սեպտեմբերի 27-ից չի զանգել։ Իր կամանդիրն էլ ասում է՝ զոհվել է։ Դին մինչեւ հիմա չկա»։

Օպերատիվ շտաբում սենյակներ են առանձնացրել՝ Շուշի, Շահումյանի շրջան, Հադրութ։ Աշխատակիցներն էլ արցախցիներ են, բոլորն էլ նույն խնդիրներով, անորոշությամբ։

Տիկին Նունեն էլ Հադրութի գյուղերից է, համ պատմում է, համ լաց լինում։ Պատերազմի օրերին ընտանիքով դուրս են եկել, տղան զինվորական է, հիմա դիրքերում է։

Տիկին Նունեն մինչ օրս ընդամենը երկու անգամ սննդի փաթեթ է աջակցություն ստացել, նոր է իմացել, որ տաքացուցիչներ, վերմակ, ներքնակ էլ են տալիս, իսկ դրա կարիքը շատ ունեն․«Մենք Չարենցավանում բարեկամի տանն ենք ապրում, մենք մեծ ենք, ոչինչ, բայց եղբորս ընտանիքին Արտաշատում մի տեղ են տվել, ցուրտ, էրեխեքը մրսում են, մեծ ընտանիք է»։ Ասում է՝ մինչեւ երբ են ապրելու բարեկամի տանը, վարձով բնակարան էլ չեն գտնում, մատչելի բնակարանները զբաղված են, որն էլ ազատ է՝ թանկ է, պետությունն էլ մինչեւ 100 հազար է վարձի փոխհատուցում տալիս․« Էս ինչ վիճակ է։ Ի՞նչ է լինելու, որտե՞ղ ենք ապրելու։ Անորոշությունը սպանում է։ Էնքան բան ենք տեսել, չգիտեմ էլ՝ անվտանգ ապրելը որն է»։

Տիկին Փիրուզան վարկ է վերցրել, Քարվաճառում տուն-տեղ դրել, ասում է՝ «տունս գնաց, վարկս՝ մնաց»։ «Քարվաճառն այսօրվանից ադրբեջանցիներինն է»,-ասում է տիկին Փիրուզան, ու լաց լինում։ Չի էլ հասցրել տան ամբողջ իրերը տեղափոխել Հայաստան։ Հիմա Երեւանում վարձով են ապրում, եկել էր շտաբ, որպեսզի տան վարձի փոխհատուցման հարցը լուծի, պետությունը խոստացել է վճարել վարձակալության համար՝ տան տիրոջ հետ պայմանագիր է կապելու, որպեսզի գումարը փոխանցի։ Փիրուզան ծնունդով Հայաստանից է, բայց սիրտն Արցախում է, համաձայն է նորից վերադառնալ Արցախ, միայն թե պետությունը օգնի։ «17 տարի Արցախում եմ ապրել, էս ցավն անտանելի է, փորձում եմ համակերպվել, որովհետեւ ոչինչ չենք կարող փոխել»,-ասում է Փիրուզան։

Արցախի այլ բնակավայր վերադառնալու եւ հաստատվելու ցանկություն է հայտնել Շահումյանի շրջանի 15-20 բնակիչ, այս շրջանի ընդհանուր բնակչությունը երեք հազարից ավելի է եղել։ Այս մասին ասում է Նորայր Աստվածատրյանը, որը Շահումյանի սոցիալական ծառայության ղեկավարն է եղել։ Նա հիմա շտաբում է աշխատում, ինքն էլ երկար տարիներ Քարվաճառում է ապրել, նրա տուն էլ մնաց ադրբեջանցիներին։

Տիկին Մանանան էլ Շուշիից է, նա էլ հիմա անտուն է մնացել։ Այստեղ՝ Երեւանում շտաբում է աշխատում, ամեն օր արցախցիներին է ընդունում, կարիքները գրանցում, հետո ուղղորդում այն կառույց, որտեղից պետք է կոնկրետ աջակցություն ստանան։

Ասում է՝ մեկն էլ լինի՝ իրեն օգնի, չգիտի՝ ինչպե՞ս է շարունակելու ապրել առանց իր սիրելի Շուշիի․«Շատ ցավալի է, էդ շոկից չենք կարողանում դուրս գալ, շատ ցավոտ ենք տանում, չենք կարողանում հաշտվել էդ մտքի հետ։ Հիմա նստած սպասում ենք, պետությունն ասում է՝ տներ են կառուցելու մեզ համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30