Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը

Նոյեմբեր 25,2020 22:00

Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Mirrorspectator.com կայքում ծավալուն հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության և վերջին պատերազմի մասին։

Հոդվածը թարգմանաբար ներկայացնում է civilnet.am-ը։

Մենք ապրում ենք մեր պատմության բարդագույն փուլերից մեկը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը կատաղի պատերազմ մղեց և ծանր պարտություն կրեց՝ ահռելի հետևանքներով։

Նախքան այս մութ թունելից ելք գտնելը, ավելի ճիշտ՝ որպեսզի մի ելք գտնենք, պետք է նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Եվ մենք պետք է հաշտվենք դրա հետ, ընդունենք դա։ Իմ շատ գործընկերներ առաջարկել են իրենց պատասխանները։ Սա իմ ներդրումն է այս քննարկման մեջ։

1․ Հայաստանը, Արցախը և Հայկական աշխարհը պատմական չափերի կորուստ են ունեցել։

-Մենք պարտվեցինք պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը մենք չէինք կարողանա հաղթել։

– Մեր ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց իր տոհմական օջախները և հավաքականորեն ապրելու հնարավորությունը։

– Կորցրինք երիտասարդների մի ամբողջ սերունդ՝ մեր ամենաթանկ արժեքներից մեկը։

– Կորցրինք տարիներ շարունակ Արցախում ներդրված մարդկային և ֆինանսական կապիտալը։

– Մեր վարչապետը չի հասել երեք նպատակներին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դրել էր իր առջև․

ա․ Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ բերելը,

բ․ Որևէ որոշման ընդունումը՝ հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների կողմից հավանություն ստանալու պայմանը,

գ․ Հնարավորությունը թեկուզ հեռավոր ապագայում Ղարաբաղի անկախությունն ապահովելու։

– Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը և մինչ այս եղած ձեռքբերումներից շատերը։ Գուցե նույնիսկ կորցրել ենք հավատը ժողովրդավարության հանդեպ։ Մենք տրավմա ունեցող ժողովուրդ ենք, որը լիովին պատրաստ չէ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, և ինչու:

– Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր։

2020 թ. նոյեմբերի 10-ի զինադադարի համաձայնագիրը և նախագահ Պուտինի՝ հաջորդիվ արած հայտարարությունները պարզ ցույց են տալիս, որ հենց Հայաստանն է խոսում Արցախի անունից։ Պարզ չէ անգամ, թե Հայաստանն ի՛նչ ձայն կունենա իրադարձությունների ապագա ընթացքի որոշման մեջ։ Ինչևէ, բոլոր շահագրգիռ կողմերի աչքում Հայաստանը սահմանվում է որպես կողմ, որը պատասխանատվություն է կրել և կրելու Արցախում ցանկացած բանի և ամեն ինչի համար։

  1. Պարտությունից հետո մենք շփոթված ենք և ականատես ենք շփոթության մեր շուրջը:

Մի կողմից, մեզ համակել է թերահավատությունը, դավաճանված լինելու զգացումը, և վստահ չենք՝ կարո՞ղ ենք հավաքել թվացյալ կոտրված աշխարհի բեկորները: Մյուս կողմից՝ մենք իրար ռմբահարում ենք փոխադարձ մեղադրանքներով, ճառերով ու հայտարարություններով, որոնց նպատակն է մեր արած սխալների մեջ գտնել ուրիշ մեղավորի՝ մեր գործողությունների ու խոսքերի արդարացումներով ու հիմնավորումներով, արդարացումներ, թե ինչու պատերազմն անխուսափելի էր, և ինչու պարտությունը պարտություն չէ, ու վրեժի կոչերով։

Արկածախնդիրները, օպորտունիստներն ու գերհայրենասերները համընդհանուր ցուցադրության են նետում իրենց ունեցած ամեն ինչ՝ պատերազմի ժամանակ արված ամենափոքր սխալից մինչև դավադրության ամենաանհավանական տեսություններ; անխոհեմ որոշումների, վախկոտության և դասալքության մեղադրանքներից մինչև գիլյոտինի արժանի դավաճանություն։

Վերջապես, մենք կասկածներ ունենք, թե արդյոք կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք այժմ էական են։ Մենք այլևս չենք վստահում մեր ունակություններին՝ իմանալու, թե արդյոք ճիշտ հարցադրումներ ենք անում, էլ չենք խոսում այն մասին, թե արդյոք ունենք ճիշտ պատասխաններ՝ ինչպես գնահատել այն ուղին, որը մեզ հասցրել է այստեղ, և ինչ անել ապագայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30