Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրությունը թույլ տվեց հայերին մեռնել. Արցախը հայկական տարածք եւ հող է». Վալերի Բուայե

Նոյեմբեր 25,2020 21:50

«Ես չէի կարծում, որ 1915թ.-ի ցեղասպանությունից հետո մեկ այլ ցեղասպանություն տեղի կունենա…շնորհակալ եմ, որ այս բանաձեւն ընդգրկվեց օրակարգում եւ միավորեց տարբեր քաղաքական գործիչների: Այս խնդիրը համայնքային չէ, այլ համաշխարհային: Եթե պատմությունը կրկնվում է, հրաժարում չպետք է լինի»,-Ֆրանսիայի սենատի նիստում այսօր հայտարարեց սենատի պատգամավոր Վալերի Բուայեն: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատն այսօր քննարկեց եւ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: «Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը կազմակերպված էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, մինչդեռ մեր կառավարությունը թաքնվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքության հետեւում: Այդ խումբը գոյություն ուներ ոչ թե չեզոք լինելու, այլ նոր էթնիկ զտումից խուսափելու համար»,-համոզմունք հայտնեց Վալերի Բուայեն:

Նրա խոսքով՝ հումանիտար օգնությունից բացի Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ չարեց. «Բառերը քիչ են ասելու, որ հազարավոր հայեր են ոչնչացվում: Մեր լրագրողները վկայել են հայերի խեղված մարմինների եւ տեսանյութերի մասին: Ալիեւի ասած «շներ» բառն արձագանք չստացավ: Ադրբեջանն արգելված, ֆոսֆորային զենքեր էր կիրառում: Մնալ չեզոք, երբ գիտես, որ Թուրքիան վարձկանների է կիրառում, երբ գիտես, որ Թուրքիան եւ Ադրբեջանն էթնիկ զտումներ են անում, նշանակում է՝ լքել բարեկամ Հայաստանին, ականատես լինել ցեղասպանությանը. երեկ՝ սիրիացիներն ու քրդերը, այսօր՝ նորից հայերը: Չեզոք մնալ՝ նշանակում է ընտրել ճնշողի ճամբարը: Այդ նույն Թուրքիան ունի ծավալապաշտական նկրտումներ, ուզում է Արցախում իր դրոշը դնել, ներխուժել Կիպրոսի եւ Հունաստանի տարածքներ, ջիհադիստներին կոչ է անում վերջ դնել հայերին: Այս ամենը սարսափելի է»:

Վալերի Բուայեն նաեւ ասաց, որ Ֆրանսիայում «գորշ գայլերն» այսօր էլ հետապնդում են ծագումով հայ ֆրանսիացիներին. «Միջազգային հանրությունը թույլ տվեց հայերին մեռնել: Արցախը հայկական տարածք եւ հող է՝ իր պատմությամբ եւ ինքնությամբ, որն այսօր սպառնալիքի տակ է, ինչպես, օրինակ, Դադիվանքը: Մենք շատ արագ պետք է գործենք, որպեսզի պահպանենք Արցախում գտնվող մարդկության գանձերը: Եթե Ֆրանսիան ցանկանում է լսելի եւ հարգված լինել, պետք է գործի: Այս նիստում Ֆրանսիայի արժանապատվության հարցն է դրված: Արցախի անկախությունը հայերի կյանքի, եվրոպացիների կյանքի, խաղաղության երաշխիքն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30