Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն է քննարկվում՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին»:
Հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց. «Ռազմական դրությունները թե՛ մտցնելու, թե՛ հանելու որոշումները երբեք ինքնանպատակ լինել չեն կարող: Քանի որ ռազմական դրությունը մտցնելուց առաջ կառավարությունը բերել է պատշաճ հիմնավորումներ, հարց է՝ վերացե՞լ են հիմքերը, թե՞ չեն վերացել»:
Կառավարության ներկայացուցիչ, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ռազմական դրության միանգամից չեղարկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների. «Կառավարության որոշումներով հնարավորություն է ընձեռվել քաղաքացիներին եւ կազմակերպություններին հումանիտար ճանապարհներով որոշակի ապրանքներ, դեղորայք ներմուծել Հայաստան ու որպես հումանիտար աջակցություն՝ նվիրաբերել ՀՀ-ին, ուժի մեջ է դրվել մի շարք ընթացակարգր՝ այս գործընթացն ապահովելու: Վերջին 2 ամիսներին սփյուռքի եւ բարեգործական կազմակերպությունների կողմից մեծ աջակցություն է եղել այս խողովակներով ու հնարավորություն ենք կանխելու հումանիտար լուրջ ճգնաժամային իրավիճակներ ու ապահովել քաղաքացիներին պատշաճ բժշկական սարքավորումներով: Անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ դրության չեղարկումը միանգամից դիտարկելուն»:
Գորգիսյանն ասաց, որ որեւէ առաջարկ ոչ կառավարությունից, ոչ «Իմ քայլից» չեն ստացել ու եթե լինի առաջարկ, որ որոշ դրույթներ պահպանվեն, որոշները՝ չեղարկվեն, կարող են քննարկել ու գալ կոնսենսուսի՝ խմբակցության հետ առաջարկը քննարկելուց հետո:
Կարդացեք նաև
ՀՀ ԶՈՒ ԳԾ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետգեներալ-մայոր ՊՆ-ից Ալբերտ Բաղդասարյանը ներկայացրեց պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը. «Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել: Նախ, մենք գիտենք, որ խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված, ո՞նց ենք տեսնում դրա լուծման ուղիները: Անձնակազմը 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօր ծնողների բողոքները շատ տեղին են, թե ինչպե՞ս է կազմակերպվելու մեր երեխաների հանգիստը, ինչպես է կազմակերպվելու ծառայությունը, հերթափոխը: Դա շատ մեծ խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում, որի լուծումը մենք պետք է առաջարկենք: Սահմանների պահպանությունը պետք է կազմակերպենք, պաշտպանության մասին չեմ ասում, մոտ 520 կմ լրացուցիչ տարածքներ ունենք, որտեղ պետք է իրականացնենք: Բոլորս էլ հասկանում ենք, թե մենք տարածաշրջանում որտեղ ենք տեղակայված, ինչ ռելիեֆ ունենք, ինչ խնդիրներ ունենք, մանավանդ լեռնային տեղանքի հետ կապված, ոնց ենք դա անելու: Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու այսօր շատ կարեւոր է մեր ժողովրդի համար: Բայց եթե հանենք ռազմական դրությունը, ապա ինչպե՞ս ենք կազմակերպվելու ծառայությունը մեր սահմաններում: Մենք արդյոք կարո՞ղ ենք այսօրվա դրությամբ կազմակերպել զորահավաքային զորակոչ եւ սահմանների պահպանություն, մտածենք այդ ուղղությամբ: Եթե կարող ենք, ԶՈՒ-ն խնդիր չի տեսնում»:
Գեներալ Բաղդասարյանն ասաց, որ իրենք կառավարության որոշման նախագծեր են պատրաստել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելուց հետո զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՝ փուլային տարբերակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում պետք է ունենան որոշակի անձնակազմ. «Անվտանգային խնդիր ունենք, մենք թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս ու մտնում է, դրա համար մենք պետք է ունենանք մարդ, առաջին հերթին կանգնած հենակետեր սահմանին: Դա՝ մեկ: Երկրորդը՝ դրանից հետո մենք առաջարկում ենք, որ անցկացնենք եռամսյա վարժական հավաքներ եւ կազմակերպել սահմանային ծառայությունը, մինչեւ վերջնական ԶՈՒ-ն կկազմավորվի նոր կառուցվածքով: Դա կլինի սահմանապահ զորքերի, մեր ԶՈՒ-ի միջոցով՝ այլ հարց է, այս պահին քննարկումների մեջ ենք: Մենք պետք է ժամանակ ունենանք, որպեսզի առաջնահերթ ապահովենք սահմանները, այնուհետեւ մնացած բոլոր հարցերը: Մենք կողմ ենք, որ ռազմական դրությունը հանվի՝ պայմանով, որ դա կազմակերպվի փուլային տարբերակով»:
Այսինքն, կառավարությունը մտադիր է ռազմական դրության ռեժիմը հանել ու անմիջապես մտցնել այլ ռեժիմ: Հիմա դրան դեռ պատրաստ չեն, ուստի հորդորեցին Գորգիսյանին հետաձգել իր նախագիծը: Թե որքան ժամանակ կտեւի՝ չեն կարող հստակ ասել, փաթեթը դեռ կառավարություն չի մտել:
Գեներալ Բաղդասարյանը եւս մեկ անգամ պարզաբանեց, թե ռազմական դրությունը հանելը ինչպես է խոչընդոտելու իրենց աշխատանքին. Եթե այն հանվի, պետք է անմիջապես իրականացնեն զորահավաքային զորակոչով զորակոչվածների զորացրում, իսկ եթե զորացրեն՝ սահմաններում խնդիր կունենան:
Գորգիսյանն ասաց, որ պատրաստ են լսել առաջարկները ու քննարկել այն ժամկետը, որը հարմար է, եթե մեկ շաբաթից է դա պետք՝ թող լինի մեկ շաբաթից, բայց նախագծին հորդորեց կողմ քվեարկել: Անդրանիկ Քոչարյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ուժային կառույցներին խեղդել ու ժամկետներ ուզել չի կարելի:
Գորգիսյանի առաջարկը դրվեց քվեարկության եւ մերժվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ