Ֆրանսիայի սենատն այս պահին քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: «Ֆրանսիայի դերը բացառիկ է, այն պարտադրում է աշխարհով զբաղվել, մտահոգվել աշխարհի համար: Վստահ եմ եւ կարծում եմ, որ այն, ինչ այնտեղ է(նկատի ունի՝ Արցախում.-խմբ.) կատարվում, մեզ էլ է վերաբերում: Մենք պարտավոր ենք դիրքորոշում հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիայի համար պատիվ կլինի ճանաչումը, եւ դա առաջնահերթ մեր շահերից է բխում»,-հայտարարեց Ֆրանսիայի սենատի անդամ, բանաձեւի համահեղինակներից Բրունո Ռոտայոն:
Նրա խոսքով. «Այս հակամարտությունն ավելին է, քան տեւական լինելը, որովհետեւ Թուրքիան է ներգրավվել՝ իսլամական ազգայնականության անունից: Սա սպառնալիք է մեր շահերին եւ աշխարհին: Այդ ռեժիմն է զինել ադրբեջանական բանակին եւ ամեն օր մի շարք տարածաշրջաններում հակամարտություններ է հրահրում՝ Լիբիայից մինչեւ Կովկաս: Այդ ռեժիմը սպառնում է ապակայունացնել Եվրոպան, ինչպես օրինակ Կիպրոսում: Ո՞վ է զինել ջիհադիստներին, եթե ոչ այդ ռեժիմը: Այդ ջիհադիստները գլխատել են այստեղ եւ այնտեղ»:
Ըստ Բրունո Ռոտայոյի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր քաղաքականության արդյունքում փոքր-ինչ վերականգնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կորսված հպարտությունը. «Սրանով մենք նաեւ մեր արժեքներն են վերականգնում, որոնք տրորվել են այնտեղ, երբ օգտագործվել են արգելված զենքեր, երբ սպանվել են քաղաքացիական անձինք: Դրա համար այս բանաձեւով մենք պահանջում ենք միջազգային հետաքննություն իրականացնել: Ալիեւը բոլոր հայերին շներ է անվանում: Մինչեւ ե՞րբ կարող ենք մերժել մարդկության արժանապատվության նման ոտնահարումը»: Ֆրանսիայի սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնն էլ իր հերթին ասաց. «Մենք գիտեինք, որ Թուրքիան կանգ չի առնի, բայց ի՞նչ ենք արել մենք՝ բացի հայտարարություններից: Ի՞նչ է արել գոյություն չունեցող Եվրոպան: Այն իրականում քաղաքական ուժ չէ: Փոխվեցին սահմաններ, որոնք պետք է փոխվեին միայն բանակցություններով: Նոյեմբերի իննի հայտարարությունն իրականում երկրորդ «Աստանա» էր՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ, որոնք նախընտրեցին իրենց շահերի մասին խոսել՝ առանց մտահոգվելու միջազգային շահերի մասին: Ահա մեր անտարբերության պտուղը»:
Կարդացեք նաև
Քրիստիան Կամբոնի համոզմամբ՝ Ֆրանսիան պետք է փորձի պահանջել Լեռնային Ղարաբաղի մշակույթի պահպանությունը, նաեւ՝ ջիհադիստների հեռացումը տարածաշրջանից: Ֆրանսիայի սենատի անդամ Ժոեն Գյաղյոն էլ բարձրաձայնեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին. «Սոցցանցերում ի ցույց են դրել իրենց հանցագործությունները, էթնիկ ատելությունը, գովազդել բարբարոսական արարքները: Առաջնահերթ է, որպեսզի բարբարոսություններ կատարած զինվորականները դատապարտվեն եւ դատվեն այն կառավարության կողմից, որին ծառայում են: Նման արարքների առնչությամբ հետաքննություն պետք է լինի: Ոչնչացվել է նաեւ մշակութային ժառանգությունը»: Ըստ սենատորի՝ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը չպետք է ջնջի պատերազմական հանցագործությունները, դրանք չպետք է անպատիժ մնան. «Այս լռությունը, հրադադարը խաղաղություն չէ: Հակամարտությունը սառեցվել է, բայց չի լուծվել: Մեր բանաձեւի նպատակն է՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անել ճանաչել ԼՂ անկախությունը: Հարց է առաջանում՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ Ֆրանսիան չպե՞տք է չեզոք լինի: Ֆրանսիան հետեւել է այդ դիրքորոշմանը, սակայն այն չի պահպանվել մյուս կողմերից: Էրդողանի գործերը տեսել ենք Մերձավոր Արեւելքում, իսհ հիմա՝ Կովկասում: Նա միակողմանի որոշումներ է կայացնում, բայց մենք ինչպե՞ս կարող ենք անտարբեր լինել դրա հանդեպ»:
Ֆրանսիայի սենատի անդամ Ժան Նոել Գերինին էլ ընդգծեց. «ՀՀ-ն իր հարեւանների ցինիզմի զոհն է՝ Ադրբեջանի հարձակումների զոհը: Ցավում եմ, որ այդ ագրեսիան ուղեկցվեց մեր կառավարության չեզոքությամբ: Այո, հրատապ է ասել, որ Ֆրանսիան հայերի կողքին է: Մեր պարտավորությունն է, որ ելույթներն ուղեկցվեն գործերով, որովհետեւ կա հումանիտար հրատապություն, կանայք, ծերեր, որոնց տեղահանել են ջիհադիստները: Անկարային իր տեղը դնելը հրատապ է: Այս հակամարտությունը մենք կուրորեն չկարողացանք կանխարգելել: Այս մարտահրավերին պատասխանելը պարտավորություն է: Թուրքիայի դիրքորոշումը եւ Ալիեւի խոսքերն անընդունելի են: Ադրբեջանի դեսպանը պետք է կանչվեր մեր ԱԳՆ: Այս բանաձեւն ընդունելն անհրաժեշտություն է»:
Սենատոր Էլյան Ասազին էլ հայտարարեց. «Հայ ժողովուրդը շարունակում է մնալ որպես նեոօսմանիզմի զոհ: Կասկած չի հարուցում այն փաստը, որ Էրդողանի ռեժիմը լռեցնում է լրագրողներին, անգամ Ֆրանսիայում հետապնդում լրագրողներին եւ ճնշում ազատ խոսքը: Ազգայնականությամբ Թուրքիան ծավալապաշտություն է տարածում, որն ապակայունացնում է աշխարհաքաղաքական իրավիճակը: Էրդողանն այսօր ասում է, որ մեկ դար առաջ սկսված գործն ավարտել է պետք: Այս հռետորաբանությունն արյան համ ունի եւ չի թաքցնում թուրքաադրբեջանական ցեղասպանական գործողությունը: Մենք կատարյալ համերաշխություն պետք է հայտնենք Հայաստանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ